Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյան. «Ֆորմալ առումով այսօր կուսակցական հեռուստաընկերություններ չկան». «Հրապարակ»

Հունիս 28,2019 12:07

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը «Գովազդի մասին» ՀՀ օրենքի խախտումներ է արձանագրել եւ պատժել ընկերություններին, այդ թվում՝ մամուլի ակումբներում տեղադրված գովազդային պաստառները ցույց տալու համար։ Տուգանվածների թվում են Հանրային հեռուստաընկերությունը, «Շանթը», Հ2–ը, «Արմնյուզ»–ը, «Հինգերորդ ալիք»–ը։ Նրանք դժգոհ են։ Նաեւ տույժերի չափերն են բարձր թվում՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկ, 500-ապատիկ։ Եվ կասկածներ կան, որ այս արձանագրություններին հետեւելու է լիցենզիայից զրկելը՝ 3 խախտումից հետո նման հնարավորություն կա, գոնե Հ5-ում նման կասկածներ ունեն, եւ որպեսզի դա քաղաքական ենթատեքստ չունենա, մյուս TV–ներին էլ են տուգանում։ Զրուցեցինք Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ։

– Անցանկալի TV–ների նկատմամբ քաղաքական հետապնդման մասին վաղուց լուրեր են շրջանառվում։ Ասում են՝ ահա, Տիգրան Հակոբյանին բերեցին, որ քոչարյանական եւ ՀՀԿ-ի կողմից սնուցվող հեռուստաընկերությունները փակի։ Իսկ հիմա ի՞նչ, պրոցեսը «գնաց»։

– Նախ՝ ես չեմ բերվել, այլ ընտրվել եմ։ Երկրորդը. «անցանկալի TV» հասկացություն հանձնաժողովի համար գոյություն չունի, ցանկալի են բոլորը, եթե օրենքի պահանջները չեն խախտում, ցանկալի են նույնիսկ նրանք, որոնք քարոզչական հարթակ են հանդիսանում տարբեր ուժերի կամ անձերի համար։ Քանի որ այսօրվա օրենքը չի կարգավորում այդ խնդիրը, նույնիսկ շատ միակողմանի բովանդակությունը չի դասում այդ հեռուստաընկերություններն անցանկալիների կարգին։ Ինչպես գիտեք, օրենքն արգելում է կուսակցություններին հեռուստառադիոընկերություններ հիմնադրել, նաեւ ֆինանսապես սնել նրանց։ Եթե դուք ունեք այդպիսի փաստեր, խնդրում եմ, ներկայացրեք։ Եթե ոչ, եկեք այդ թեման փակենք։ Հանձնաժողովն ասեկոսեներով չի առաջնորդվում։ Ֆորմալ առումով այսօր կուսակցական հեռուստաընկերություններ չկան, որովհետեւ հիմնադիրների մեջ կուսակցություններ կամ կուսակցական ղեկավարներ չկան։ Այդ արգելքներն այսօրվա օրենսդրությամբ կարող են շրջանցվել, բայց հույս ունեմ, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» մշակվող նոր օրենքն այդ բացերը կփակի, որպեսզի մենք իսկապես ապահովենք հասարակության իրավունքը՝ ստանալ անկողմնակալ ու կուսակցական բնույթ չունեցող տեղեկատվություն գոնե հանրային թվային մուլտիպլեքսում։

– «Հինգերորդ ալիքը» քանի՞ անգամ է տուգանվել։

– «Հինգերորդ ալիքը» տուգանվեց երկրորդ անգամ։ Առաջին անգամ՝ նախորդ տարվա դեկտեմբերին, երբ հանձնաժողովը գրավոր բողոք ստացավ հեռուստաընկերության կողմից հեղինակային իրավունքը խախտելու կապակցությամբ։

– Ճի՞շտ է, որ մի անգամ էլ եթե տուգանվի, ապա ՀՌՀ-ն կարող Է լիցենզիայից զրկելու գործընթաց սկսել։

– Դա հատուկ նպատակով շրջանառվող ապատեղեկատվություն է։ Օրենքը հնարավորություն է տալիս նույնատիպ 3 խախտման համար դիմել դատարան՝ լիցենզիայից զրկելու պահանջով։ Ավելին՝ օրենքը հնարավորություն է տալիս նույնիսկ մեկ խախտումից հետո դիմել դատարան, եւ այդպես է յուրաքանչյուր ամենաժողովրդական երկրում։ Բայց հնարավորություն տալը չի նշանակում, որ դա պետք է իրագործվի։ Այդ տարածվող ապատեղեկատվությունը գործում է որպես հանձնաժողովի որոշումների վրա ազդող գործիք, որպեսզի կաշկանդի ՀՌՀ անդամներին, թույլ չտա նրանց անաչառ որոշումներ կայացնել, կախվածության մեջ գցի իբր «հասարակական կարծիքից»։ Պետք չէ այդպես անել։ Մենք այլեւս չպետք է ընկալվենք որպես անգործունակ հանձնաժողով։ Հեռուստաընկերությունները բազմազան պրոբլեմներ ունեն, մենք փորձում ենք նրանց հետ խորհրդակցելով՝ գտնել այն գործիքակազմը, որը նրանց կօգնի զարգանալ, նորմալ աշխատել այս կոշտ մրցակցային դաշտում, բայց դա չի նշանակում, որ այդ ամենը մենք անելու ենք օրենքները խախտելով։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930