Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Պեպանյան. «Իշխանությունը հարված ստացած բռնցքամարտիկի պես թշնամի գտնելուն ու նրան ոչնչացնելու ուղղությունն է ընտրում». «Փաստ»

Հունիս 28,2019 11:50

Ատելության խոսք, սպառնալիքներ, հայհոյանք. մի իրավիճակ, որը հետզհետե սովորական բնույթ է կրում: Որո՞նք են ստեղծված իրավիճակի արմատները, առողջացման հնարավորություններ կա՞ն: Անդրադառնալով թեմային՝ քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը հիշում է Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» փոքրածավալ հոդվածը: Ասում է՝ ուշադիր կարդալու դեպքում նշված հարցերի պատասխանները կստանանք:

«Հիմա մարդիկ ոչ թե բանավիճում կամ փաստեր են ներկայացնում, որ իրար համոզեն, այլ մտածում են մյուսին ոչնչացնելու մասին: Ու չեն հանգստանա,մինչև մեկը մեկին չոչնչացնի: Մենք այս խնդիրն էլ ունենք, ու սա նոր երևույթ չէ, անգամ այսպիսի անհաշտության 16-րդ դարի վկայություն կա»,-ասաց նա՝ շեշտելով, որ պետք է շատ ուշադիր լինել, որ իրավիճակն ավելի չսրվի: «Հեղափոխությունից հետո ճիշտ քայլերի միջոցով կարելի էր այնպես անել, որ այդ չարությունը չլիներ, բայց եղավ հակառակը. հեղափոխության առաջնորդները սկսեցին բաժանարար գծեր քաշել, և այդ չարության «ջինը» բացվեց: Իրենք ժողովրդին այլ ճանապարհով տանելու, չարությունը հաղթահարելու հնարավորություն ունեին, բայց, ցավոք, ճամբարավորվեցին, ինչն իրենց քաղաքական կարճատեսության հետևանքն է: Եթե հիմա կանխարգելիչ քայլեր չձեռնարկվեն, իրավիճակն էլ ավելի է ահագնանալու»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Իսկ թե որո՞նք են առողջացման տանելու ուղիները, Ա. Պեպանյանը նշեց. «Պետք է մտածենք՝ ի՞նչ անել. նախ՝ հեղափոխական-հակահեղափոխականի, սև-սպիտակի լեքսիկոնները պետք է բացառել: Ես վարչապետին հրապարակային խորհուրդ եմ տվել, որ մի օր առանձնանա ու ինքն իրեն ասի՝ կարծես թե ինչ-որ բան այն չէ, ի՞նչ անեմ, ինչից հետո հրավիրի մեր ազգի խելացի մարդկանց, փակ նիստ անի, որի ժամանակ այդ մարդիկ իրեն իրենց խորհուրդները կտան: Եթե այդ ամենը հանենք մեր լեքսիկոնից, ժողովրդի առաջ դնենք այնպիսի նպատակ, որը կհուզի ու կհետաքրքրի բոլորին, այդ դեպքում բոլորը ոչ թե առանձին-առանձին, միմյանց հակադիր զորաջոկատներ կկազմեն, այլ մի բանակի զինվոր կդառնան»:

«Իշխանությունը հարված ստացած բռնցքամարտիկի պես թշնամի գտնելուն ու նրան ոչնչացնելու ուղղությունն է ընտրում՝ փոխանակ հետ քաշվելու և հարց տալու, թե ինչո՞ւ այդպես եղավ: Ինչպես բռնցքամարտում, այստեղ ևս ստացած հարվածը արած սխալի հետևանքն է»,-նշեց Ա. Պեպանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930