Ս.թ. հունիսի 27-ին ՌԴ Պետական Դումայում տեղի ունեցավ «Միջազգային համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների միջև» թեմայով միջազգային կոնֆերանս, որը կազմակերպել էր ՌԴ Պետական Դումայի Եվրասիական ինտեգրման և ԱՊՀ հարցերով մշտական կոմիտեն:
Կոնֆերանսին մասնակցում էր և ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
Կոնֆերանսին ելույթ ունեցավ նաև ՌԴ Պետական Դումայի փոխնախագահ, «Единая Россия» իշխող խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը:
Իր ելույթում Միքայել Մելքումյանն ընդգծեց ժամանակակից աշխարհում տարածաշրջանների համաչափ զարգացման կարևորությունը, ինչը կնպաստի մանր և միջին բիզնեսի, շինարարության և արդյունաբերության զարգացմանը, նաև՝ դրան զուգահեռ սոցիալական ենթակառուցվածքների ձևավորմանը: Նա կարևորեց ներդրումների համար նպաստավոր կլիմայի ստեղծումն ու բարձրակարգ կառավարումը:
Կարդացեք նաև
Տարբեր երկրների, այդ թվում նաև՝ ԵԱՏՄ անդամ երկրների համայնքների միջև համակարգային համապատասխանեցումն ու ներդաշնակեցումը, ըստ Մ. Մելքումյանի, կնպաստեն, որպեսզի բիզնեսը և սոցիալական կառուցվածքներն առավել արդյունավետ ծառայեն քաղաքացիներին:
Այդ գործընթացների թվայնացումը հաջորդ կարևոր քայլը պետք է լինի և համապատասխան տեմպ կապահովի ապրանքների, ծառայությունների, կապիտալի շրջանառության, միգրացիայի, օրենսդրական միջավայրի և վարչարարության առումով:
Համայնքային համակարգերի միասնականացումը միգրացիոն աշխատանքի հետ կապված շատ խնդիրներ կարող է լուծել:
Մ. Մելքումյանը բարձրաձայնեց մինչ այսօր դեռևս լուծում չստացած վարորդական իրավունքի խնդրի մասին, ինչը զգալի դժվարություններ է ստեղծում արտերկրում բնակվող և աշխատող մեր հայրենակիցների համար:
Մ. Մելքումյանն առանձնապես կարևորեց ԵԱՏՄ խորհրդարանական վեհաժողով ստեղծելու իր առաջարկը, որն առաջին անգամ հրապարակավ հնչեցրել է հունիսի 10-ին ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
Միքայել Մելքումյանի գրասենյակ