ԱԺ-ն ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունները: Կողմ էր ՔՊ-ն, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն դեմ էին: Հարկային եկամուտի համահարթեցումով բյուջեի տարեկան 45 մլրդ դրամի կորուստները փոխհատուցվելու են ծառայությունների ու ապրանքների գների թանկացմամբ: Ես հիմա հարկվելու եմ ամենահարուստ մարդկանց պես, ուրեմն ես էլ հարուստ եմ, թող իրենք մտածեն, որ մեծ եկամուտների դիմաց քիչ հարկեր են մուծելու: Մի քանի հազար մարդ գիշերները չե՞ն քնի, որ հարստանում են մի քանի հարյուր հազարի հաշվի՞ն: Բայց իրենք խնդրե՞լ էին: Թող ՔՊ-ն մտածի՝ ինքը առաջարկեց, ինքը ընդունեց, ինքն էլ թող պատասխան տա: Համահարթեցման համար՝ պրոգրեսիվ հարկային համակարգի փոխարեն: Հա, բայց հուլիսի 1-ից թանկացած ապրանքների ու ծառայությունների պատճառով դատարկվելու է իմ գրպանը: Վարչապետն ասում է՝ թող գործատուները մտածեն ու բարձրացեն աշխատավարձները: Որտեղի՞ց: Ես չգիտեմ: ՈՒ դա իմ խնդիրը չէ:
Իմ խնդիրը չէ պատասխանել հարցին՝ եթե մարդը ունի հարկային պարտավորություններ, գրանցված աշխատավարձն էլ միջինից ցածր է, ինչո՞ւ կառավարությունը ոչ թե պաշտպանում է միջինից ցածր և նվազագույն աշխատավարձ ստացողներին, այլ բարձր եկամուտ ստացողներին:
Իմ խնդիրը չէ պատասխանել հարցին՝ ինչու՞ ընտրվեց համահարթեցումը, որ հակասոցիալական քայլ է, երբ մենք սոցիալական պետություն ենք:
Իմ խնդիրը չէ, որ կառավարությունը մերժում է չհարկվող շեմն ու աշխատող աղքատների եկամտահարկը նվազեցնելը, որ բյուջեին 90 մլրդ հավելյալ փող կարժենա, բայց 2 մլն ստացողի հարկը իջեցնում է, որ բյուջեից է գնում: Ես հավատում եմ, որ բարձր վարձատրության հարկային բեռ նվազեցնելով՝ խթանվելու է տնտեսությունը, արտահանումը, կրճատվելու է ստվերը: Հավատու՞մ եմ: Չեմ հավատում, ուզում եմ տեսնել: ԱԺ-ից ասում են՝ չի ստացվի, կփոխենք: Նրանք պատրաստ են ամեն ինչ փոխել, բայց գիտե՞ն՝ ինչ ու ինչու: 30 տոկոս աղքատության, 20 տոկոս գործազրկության, ԱԺ արտահերթ ընտրություններից հետո խոստացված ֆանտաստիկ ներդրումների բացակայությամբ հարկային համակարգի համահարթեցումը հա՞րց է լուծելու: Ինչու՞ չսահմանվեց չհարկվող շեմ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով, չսահմանվեցին քառաստիճան պրոգրեսիվ դրույքաչափեր, ինչու՞ խոստացվեց ու չբարձրացվեց նվազագույն աշխատավարձը 57000-ից 63000-ի, երբ բացահայտորեն 57000-ը չի բավարարում նվազագույն սպառողական զամբյուղին: Դա իմ խնդիրը չէ, կարևորը՝ ես գլխիցս հանել եմ աղքատությունը ու հիմա հարուստ եմ: Իսկ երբ հարուստ գլուխս ու դատարկ գրպանս հակասության մեջ մտնեն, դուրս եմ գալու փողոց, նայելու եմ երկնքին, փառք եմ տալու Աստծուն, հետո հայտարարելու եմ, որ ՀՀ նախագահը ես եմ, վարչապետը ես եմ ու ես եմ ԱԺ նախագահը, ես եմ ՍԴ նախագահը և մեր համատիրության պետը: Հետաքրքիր է՝ առաջինը ոստիկանությու՞նը տեղ կհասնի՝ իշխանության ինքնազավթման դեպքը կանխելու, թե՞ շտապ օգնությունը՝ տանելու ուր որ անկ է՝ հոգեկան առողջությունս վերականգնելու: :
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում