Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը մեր ժողովրդին չի հասկացել»

Հունիս 28,2019 14:00

«Պարոն Քոչարյանը չէ այն մարդը, ով պետք է նման մեղադրանքներ ներկայացնի այսօրվա իշխանությանը: Մեր համոզմամբ, այսօրվա գործընթացները տանում են ամուր արդարադատություն ունենալուն եւ արդարադատական ինստիտուտները կայացնելուն»,- «Առավոտի» զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը:

– Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց, ՀՀ վերաքննիչ դատարանը` Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշեց նաեւ ետ կանչել Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ում վարույթ ընդունված դիմումները: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները եւ իշխող ուժի ընդդիմախոսները քաղաքական հետապնդման տարրեր են տեսնում այդ ամենում:

– Քաղաքական հետապնդման տարր բացարձակ չեմ տեսնում, որովհետեւ, մեր համոզմամբ, սա զուտ իրավական գործընթաց է: Մենք տեսնում ենք, որ իրավական գործընթացով գործն առաջ է գնում: Դատարանի որոշումը չեմ կարող մեկնաբանել իրավական իմաստով, բայց քաղաքական մասով, կարող եմ համոզմունք հայտնել, որ այստեղ քաղաքական բաղադրիչ բացարձակ գոյություն չունի եւ քաղաքական բաղադրիչ փնտրելը, դիտարկում եմ իրավական պաշտպանության բաղադրիչը: Այսինքն, պարոն Քոչարյանի պաշտպանական կողմը փորձում է քաղաքական ենթատեքստ տալով գործին իր պաշտպանական մարտավարությունը կառուցել: Իսկ իրական քաղաքական բովանդակություն, որպես այդպիսին, գոյություն չունի:

– Հայաստանում դատաիրավական բարեփոխումների գործընթացը, որն, ըստ էության, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո վարչապետի` քաղաքացիներին ուղղված, դատարանների ելքերն ու մուտքերը փակելու հայտարարությամբ, Ձեր կարծիքով անուղղակի ազդեցություն չի՞ ունեցել վերաքնիչի դատավորի որոշման վրա:

– Դատաիրավական համակարգի փոփոխությունները մեր օրակարգում են եղել կառավարության ձեւավորումից հետո: Այսինքն, այդ գործընթացները սկսվել են շատ վաղուց: Մեր խմբակցության օրակարգում եղել է անցումային արդարադատությունը եւ ամբողջ դատական համակարգի բարեփոխումների մասով մեր օրակարգը ձեւավորված է եղել: Եվ այդ գործընթացը կապել ձեր նշած սուբյեկտի դատավարական գործընթացի հետ…

– Բայց այդ իրադարձությամբ պայմանավորված, ամեն ինչ ավելի ակտիվ փուլ մտավ:

– Մենք ուղղակի ականատես եղանք, որ մարդիկ եւս մեկ անգամ արձանագրեցին, որ այս դատական համակարգը չի բավարարում այն պահանջներին, որոնք ունեն մեր քաղաքացիները: Ոչ թե կոնկրետ այդ գործի հետ կապված, այլ մենք ականատես եղանք, որ մեր դատական համակարգը նման ծանրության, նման ծավալուն գործերի պատրաստ չէ, ցավոք: Եվ եւս մեկ անգամ արձանագրեցինք, որ դատական համակարգում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա:

– Վերաքննիչ դատարանի դատավորը խորհրդակցական սենյակ էր հեռացել առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին լսելու: Իսկ արդեն վերաքննիչ դատարանի որոշումից հետո, ՔԿՀ-ի մոտ, ճեպազրույցում, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանում ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն: Համամի՞տ եք:

– Մենք բոլորս տեսել ենք պարոն Քոչարյանի կառավարման տարիները, ամբողջ այդ անօրինականությունների հետեւանքները զգացել ենք մեր մաշկի վրա: Մենք տեսել ենք տասնյակ քաղբանտարկյալներ, անօրինականությունների շարք, մենք տեսել ենք հեռախոսային արդարադատություն եւ այլն: Կարծում եմ, պարոն Քոչարյանը չէ այն մարդը, ով պետք է նման մեղադրանքներ ներկայացնի այսօրվա իշխանությանը:
Մեր համոզմամբ, այսօրվա գործընթացները տանում են ամուր արդարադատություն ունենալուն եւ արդարադատական ինստիտուտները կայացնելուն:

– Կալանավորումից մեկ օր առաջ տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ լինելու է այս իշխանության հիմնական ընդդիմախոսը: Դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– Եթե օրենքով ինչ-որ մեկին չի արգելվում զբաղվել քաղաքականությամբ, ես խնդիր չեմ տեսնում: Հայաստանի Հանրապետությունում ցանկացած ոք ազատ է քաղաքականությամբ զբաղվելու, ազատ է արտահայտելու իր տեսակետներն ու դիրքորոշումները: Բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ առանց քաղաքացիների քաղաքական թույլտվությամբ, ՀՀ-ում չեն կարող լինել քաղաքական գործընթացներ: Իսկ ես ավելի քան համոզված եմ, որ մեր քաղաքացիները ամեն ինչ շատ լավ հասկանում են եւ համարժեք գնահատական կտան հայտ ներկայացրած քաղաքական գործիչներին: Ոչ ոք ոչինչ չի մոռացել, հիշողությունները դեռ թարմ են, մեր քաղաքացիներն էլ շատ լավ հասկանում են ընթացիկ քաղաքական գործընթացները:

– Բայց մարդիկ կարող են շատ բան շատ արագ մոռանալ, մանավանդ, որ այժմ բազմաթիվ խնդիրներ կան`թե իշխող ուժի, թե հանրության առջեւ` սկսած սոցիալական վիճակի ավելի սրումից:

– Չեմ կիսում ձեր կարծիքը`արագ մոռանալու հետ կապված: Ես համոզված եմ մեր ժողովրդի ողջախոհության, մեր ժողովրդի քաղաքական իրատեսության եւ ընթացիկ քաղաքական գործընթացների օբյեկտիվ վերլուծելու կարողության մեջ: Մեր քաղաքացիներն ամեն ինչ շատ լավ են հասկանում եւ այն, ինչ որ տեղի է ունեցել ՀՀ-ում, պարոն Քոչարյանի կառավարման տարիներին, չի մոռացվել, չի մոռացվելու եւ արժանանալու է մեր քաղաքացիների կողմից համարժեք գնահատականի: Արդեն արժանացել է:

– Իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե ի՞նչ է եղել իր կառավարման տարիներին` 12-14 տոկոս տնտեսական աճ, մարդկանց բնակարաններում լիքը սառնարաններ, ասաց, որ ինքը ոչ թե հող հանձնող, այլ հող գրավող նախագահ է եւ այլն:

– Եթե պարոն Քոչարյանը մտածում է «հաց եւ տեսարաններ» սկզբունքով, ես կարծում եմ, որ դա խնդիր է պետական գործչի համար: Եթե չկա արդարադատություն, եթե չկան ազատություններ, եթե իշխանությունը կարող էր Երեւանի կենտրոնում տասը մարդու գնդակահարել եւ ասել մենք 12 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել… ես կարծում եմ, որ դա խնդիր է պետության համար: Չի կարելի ամեն ինչ տանել այն ճանապարհով, որ սառնարանում երշիկ կար: Մարդիկ մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարվում էին, մարդիկ քաղբանտարկյալներ էին, տարիներով դատապարտվում էին եւ այն մթնոլորտը, որը Հայաստանում կար, փոխարինել սառնարանում մի քանի կտոր երշիկով եւ պանրով, ես կարծում եմ, որ դա խնդիր է պետական գործչի համար:

– Իսկ ինչո՞ւ է «Մարտի 1»-ի գործով միայն Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվության կանչվել: Առաջին եւ երրորդ նախագահներն իրենց մեղքի բաժինը չունեի՞ն այդ իրադարձություններում:

– Դա ես դիտարկում եմ իրավական գործընթացում: Համապատասխան մարմինները պետք է գործի ընթացքը որոշեն: Ես չեմ կարող գնահատել այդ գործում ներգրավվող այլ անձանց տեղին կամ ոչ տեղին լինելը: Իրավական գործընթաց է եւ եթե համապատասխան մարմինները հարկ համարեն այլ մարդկանց եւս ներգրավելու այս գործին, ուրեմն դա պետք է ընդունել փաստ եւ անցնել առաջ:

– Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասում էր, որ ժողովրդի սիրուց ատելություն կես քայլ է եւ, որ գործող իշխանությունն այդ կես քայլի մեծ մասն արդեն անցել է:

– Ես կարծում եմ, որ պարոն Քոչարյանը մեր ժողովրդին չի հասկացել, չի հասկանում եւ չի էլ հասկանալու եւ կարծում եմ, որ նման ձեւակերպումները ուղղակի խոսում են այն մասին, որ այդ մարդը հարգանքով չի վերաբերվում մեր քաղաքացիներին:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

27.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել