Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրողները առաջին հերթին հաշվի են առնում քաղաքական կայունությունն ու անվտանգությունը

Հունիս 28,2019 13:30

Ներդրումային միջավայրի տնտեսական բաղադրիչի բարելավման ուղղությամբ որոշակի ներգործություն է ունեցել Հայաստանում բիզնեսի հիմնադրման ընթացակարգերի պարզեցումը: Արդյունքում՝ բիզնեսի հիմնադրման ընթացակարգերն անցնելու համար տնտեսվարող սուբյեկտների կողմից արվող ծախսերի հարաբերակցությունը 1 շնչի հաշվով համախառն ազգային եկամտի նկատմամբ զգալիորեն նվազել է` 4.8%-ից հասնելով 0.9%-ի: Այս ցուցանիշով Հայաստանն ավելի նպաստավոր դիրքում է, քան Վրաստանը, Ադրբեջանը եւ նույնիսկ Էստոնիան: Այսպիսի կարծիք են հայտնում «Տնտեսական լրագրողների ակումբ»-ի եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի մասնագետները, որոնք համատեղ լայնածավալ հետազոտություն են կատարել` պարզելու` ինչպիսին է մեր երկրում ներդրումային միջավայրը, իրավական դաշտը եւ ինչպիսի հիմնախնդիրներ կան: Դրական դինամիկային զուգահեռ, հետազոտության հեղինակները որոշ խոչընդոտներ են նկատել: Ըստ նրանց, օրինակ` վերջին10 տարիների ընթացքում Հայաստանում շահույթի հարկման բեռն ավելացել է 3 տոկոսային կետով, մինչդեռ համեմատվող մյուս երկրներում որոշակի թեթեւացում է արձանագրվել: Ըստ զեկույցի մասնագետների այս հանգամանքը կարելի է դիտարկել Հայաստանում ներդրումային միջավայրի ոչ բավարար գրավչության բաղադրիչների շարքում:

Նկատենք, որ վերջին շրջանում տնտեսական ոլորտի մասնագետները մտահոգություն են հայտնում, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են:

Թե որոնք են ներդրումային միջավայրի վրա ազդող գործոնները, զեկույցի հեղինակները նշում են, որ զարգացող տնտեսություններում օտարերկրյա ներդրողների շրջանում անցկացված հարցումների համաձայն, իրենց որոշումների կայացման վրա ազդում են մեծ թվով գործոններ: Առաջին հորիզոնականներում` քաղաքական կայունությունն ու անվտանգությունն է:

Ըստ հեղինակների, զարգացող տնտեսություններում քաղաքական ռիսկերը օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա նշանակալի ազդեցություն ունեցող հիմնարար գործոն են:

«Ներդրողներին վերաբերող հարցումները վկայում են, որ քաղաքական ռիսկի բաղադրիչներից առավել նշանակալի են հանրային մարմինների հետ հարաբերություններում թափանցիկության եւ կանխատեսելիության պակասը»,-նշում են զեկույցի մասնագետները:

Նրանք առանձնացնում են, թե որոնք են մեր երկրում ներդրումների եւ գործարար միջավայրի խոչընդոտները:

Գործարար հանրության ներկայացուցիչների հետ անցկացված հարցազրույցների եւ ներդրումային գործոնների ընտրանքային ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ Հայաստանում ներդրողների պաշտպանությանն առնչվող հիմնական խոչընդոտը պետական մարմինների գործողությունների անկանխատեսելիությունը, կամայականությունն ու անհետեւողականությունն է: Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, այս տարբերակն է նշել հարցվածների 80%-ը: Այլ խոչընդոտների շարքում նշվել են կոռուպցիան, որի մասին խոսել են հարցվածների 73%-ը: Հարցված գործարարների 67%-ի կարծիքով էլ, ներդրումային միջավայրի վրա ազդող գործոններից են, օրենսդրության հաճախակի փոփոխությունները: Քաղաքական ռիսկերի մասին նշել են հարցվածների 67%-ը:

ՀՀ մասնավոր հատվածի ներկայացուցիչների շրջանում արված մեկ այլ հարցման արդյունքներով էլ` ձեռնարկատիրության շատ խնդրահարույց խոչընդոտների շարքում հարցվողներն առանձնացրել են հարկային համակարգը: Այս մասին նշել է հարցվողների 38%-ը: Կոռուպցիայի մասին խոսել է 35%-ը, տեսչական ստուգումների համակարգի վերաբերյալ էլ կարծիք է հայտնել 35%-ը: Ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը խնդիր է համարել հարցվածների 34%-ը, անարդար եւ անհավասար մրցակցային պայմանները` 33%, ՓՄՁ զարգացման քաղաքականությունից էլ դժգոհել է 32%-ը:

ՓՄՁ սուբյեկտների շրջանում անցկացված նույնատիպ հարցման արդյունքներով՝ Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացման առանցքային խոչընդոտներն են՝ շուկայի փոքր տարողությունը, ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը, հարկային վարչարարության անարդյունավետությունը, որակյալ կադրերի բացակայությունը, պետական անբավարար աջակցությունը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

27.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930