Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնացել էր բոլորին «սպանել եւ վառել», բահով հարվածել էր Սեդայի գլխին, սակայն այն դիպել է կոնքամանին

Հունիս 28,2019 13:00

Կին մեղադրյալների նկատմամբ ավելի հաճախ ընտրվում է խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին

Կանանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների աճ կա, չնայած այն հանգամանքին, որ կալանավորված են քչերը:

Նույն հանցագործության համար տղամարդ մեղադրյալների համար կընտրվեր կալանավորումը, որպես խափանման միջոց, կանանց նկատմամբ պատկերն այլ է` մարդասիրական է վիճակագրությունը:

Հունիսյան դատերի մեջ առանձնացրել ենք առավել ուշագրավները:

Սյունիքի մարզի բնակիչ Նաիրա Պինխասովան 2019թ. փետրվարին Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում գտնվող Վ. Խոսրովյանին պատկանող խանութից գնումներ կատարելու ընթացքում, տարադրամ չհանդիսացող, 5000 ռուբլի անվանական արժեքով 2 հուշանվեր-թղթադրամն է վճարել, գնելով 55 000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ 15 000 ՀՀ դրամ արժողության շպարման պարագաներ եւ ակնեղեն:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում է Ասյա Ավագյանի գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի փետրվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում, գնացել է իր ծանոթ Արսեն Մամյանի բնակության վայր` Վանաձոր քաղաքի Սուխումի 4-րդ շենքի բակ, քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա ավտոմեքենային՝ պատճառելով 72.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Բացի այդ, նա վիճաբանել է Ա. Մամյանի մոր ու կնոջ հետ, ծեծել է նրանց:

Նույն մարզից դատարանում ընթանում է Մարգարիտա Խարազյանի վերաբերյալ քրեական գործը: Վերջինս աշխատել է Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցում, որպես տնօրեն: Ըստ գործի նյութերի, նա, «օգտագործելով պաշտոնեական դիրքը, միասնական դիտավորությամբ», Ռուզաննա Ալոյանից, Գոհար Մկրտումյանից, Էմմա Քալաշյանից եւ Ռուզաննա Սարգսյանից խարդախությամբ հափշտակել է զգալի չափերով գումար, ինչպես նաեւ դրդել է հիշյալ անձանց կաշառք տալու փորձի:

Արարատի մարզի բնակիչ, նախկինում դատապարտված Սուսաննա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի օգոստոսի 21-ին վնասել է «Ռենո Լոգան» մակնիշի 34 եՕ 591 հաշվառման համարանիշի տաքսի ավտոմեքենան:

Սուսաննա Գրիգորյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Բացի այդ, մոտեցել է Նոր Խարբերդ համայնքի 2֊րդ փողոցի սկզբնամասում գտնվող հասարակական տրանսպորտի կայանման վայր, հանդիպելով համագյուղացի Մարինե Միսակյանին, առանց պատճառի շուրջ 15 րոպե տեւողությամբ բարձրաձայն հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ: Հայհոյանքների եւ բղավոցների ձայներից դուրս են եկել հարակից տարածքների բնակիչներն ու հասարակական օբյեկտների աշխատակիցները: Մ. Միսակյանը փորձել է խուսափել իրեն հետապնդող կնոջից, կանգնեցրել է «Ռենո Լոգան» մակնիշի 34 եԱ 591 հաշվառման համարանիշի տաքսի ավտոմեքենան, սակայն Ս. Գրիգորյանը հետեւից մոտեցել է նրան եւ ձեռքերով բռնել է Մարինեի համազգեստի աջ ուսադիրից եւ պոկել այն, քաշել նրա մազերից, հարվածներ հասցրել ուսերին եւ գլխին: Տաքսու վարորդը՝ Լեռնիկ Ավետիսյանը, փորձել է հանդարտեցնել Ս. Գրիգորյանին, սակայն վերջինս շարունակել է անհասցե հայհոյանքներ հնչեցնել, ապա մոտեցել է մեքենային, բռունցքով հարվածել մեքենայի ձախ անվաթեւին՝ սեփականատիրոջը պատճառելով 23.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դատարանում առկա գործի նյութերի համաձայն, Սուսաննա Գրիգորյանը մեղադրվում է նաեւ 2018 թվականի օգոստոսի 28-ի մեկ այլ դրվագով էլ: Դարձյալ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Նոր Խարբերդ համայնքի 2-րդ փողոցում՝ բնակելի տների մոտ, առանց պատճառի, հնչեցրել է անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ: Նրան սաստելու նպատակով փողոց է դուրս եկել բնակիչներից Հովհաննես Նիկոլյանը, սակայն վերջինս շուրջ 1 ժամ հայհոյել է` հարակից տների բնակիչների նկատմամբ դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Այս գործով կա երրորդ տուժողն էլ. 2018 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 22֊ի սահմաններում, Սուսաննան Սեդա Սիմոնյանին վախեցրել է, թե բռնություն կգործադրի: Երբ Ս.Գրիգորյանին Սեդան հորդորել է դադարեցնել հայհոյանքները, սակայն Ս. Գրիգորյանը սպառնացել է բոլորին «սպանել եւ վառել», ձեռքին առկա բահով հարվածել է տուժող Սիմոնյանի գլխի հատվածին, սակայն պաշտպանվելու արդյունքում այն դիպել է Սեդայի ձեռքում գտնվող կոնքամանին:

Կոտայքի մարզի բնակիչ Մարինե Ազատյանն էլ բնակվելով Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, խանութ գնալու պատրվակով, 2018 թ. փետրվարի 1-ին, ժամը 14-ի սահմաններում, իր բնակության հասցե է տեղափոխել հարեւանի՝ Կ. Անախաթունյանի եւ Վ. Աբգարյանի անչափահաս 10-ամյա դստերը, նրա կամքին հակառակ պահել է իր բնակության հասցեում, նրան ապօրինի զրկելով ազատությունից, որի ընթացքում երեխայի մորից պահանջել է վերադարձնել պարտք մնացած 30.000 ՀՀ դրամ գումարը, հակառակ պարագայում սպառնացել է չվերադարձնել երեխային: Միայն ոստիկանների միջամտության արդյունքում երեխան վերադարձվել է ծնողներին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` Շենգավիթի նստավայրում շարունակվում է Աննա Հարությունյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը: Նա ոստիկանության Շենգավիթի բաժնում տվել էր հանցագործության մասին հաղորդում` Ռ. Գ.-ի կողմից ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ, մեղադրել էր անձին Քրեական օրենսգրքով նախատեսված մի հանցագործության մեջ: Իսկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն նստավայրում Գայանե Բարսեղյանը խաբեությամբ հափշտակել է 203.280 ՀՀ դրամ արժողությամբ Ա. Աբգարյանին պատկանող գազի գլանանոթը եւ համակարգը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Հունիսյան դատավարությունների մեջ առանձնանում է, թերեւս, Եվգենյա Արզիեւայի դատը: Նա կալանավորված է: Եվգենյան մեղադրվում է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ ձեռք բերելու, «Արդշինբանկ» -ի Տիգրան Մեծ մասնաճյուղ ներկայացնելու, դրա հիման վրա բանկից 10 500 000 ՀՀ դրամ սպառողական վարկ վերցնելու համար:

«Առավոտ» օրաթերթ, 

27.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել