Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես միջազգայնացնել ԵՊՀ-ն` գործընթացի վերլուծություն եւ հայեցակարգ

Հունիս 28,2019 12:30

ԵՊՀ կողմից կրթական եւ գիտական ծրագրերի իրականացման արդյունավետությունը գնահատելիս առաջին հերթին պետք է հիմնվել չափելի միավորների, մասնագիտական աշխատաշուկայում (տեղական եւ գլոբալ-միջազգային) շրջանավարտների մրցունակության, գիտական կամ մատուցվող այլ ծառայությունների արդյունքների արժեքի եւ պահանջվածության, ինչպես նաեւ ԵՊՀ՝ որպես ծառայություններ մատուցող կազմակերպության ֆինանսական կայունության, կանխատեսելիության եւ շահութաբերության վրա։ ԵՊՀ-ն, հանդիսանալով բազմապրոֆիլ դասական համալսարան, գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով, այն է՝ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ ՀՀ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) սահմանած մակարդակներով (բակալավրի, մագիստրոսի, հետազոտողի որակավորումներ), գիտական հետազոտություններ եւ հանրային ծառայություններ։ Համալսարանի կանոնադրական առաքելությունը եւ դրանից բխող նպատակներն ու խնդիրներն ամրագրված են զարգացման ռազմավարական ծրագրում, որտեղ հատուկ ուշադրության են արժանացել նաեւ համալսարանական գործունեության միջազգայնացման հետ կապված հարցերը, իսկ ԵՊՀ գիտական խորհրդի 2017թ. հունվարի 26-ի թիվ 4/5 nրոշմամբ հաստատվել է ԵՊՀ միջազգայնացման հայեցակարգը։ Հարկ է նշել, որ թե ռազմավարական ծրագրում, թե համալսարանի միջազգայնացման հայեցակարգում ինքնավերլուծության եւ առկա խնդիրների բացահայտման արդյունքում հստակ ձեւակերպվել են այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է դրվեն այս հաստատության հեռանկարային զարգացման մարտավարության հիմքում։ Դրանք հիմնականում պետք է հանգեն միջազգային դրամաշնորհային ծրագրերում ԵՊՀ-ի մասնակցության աճին, միջազգային գիտակրթական ասոցիացիաներում եւ այլ մարմիններում ներգրավվածության ընդլայնմանը, միջազգային նոր գործընկերների ձեռքբերմանը, կրկնակի դիպլոմով օտարալեզու մոդուլների եւ օտար լեզվով դասավանդվող առարկաների ներդրմանը, կրթական ծրագրերի բովանդակության միջազգայնացմանը, հետազոտական թեմաների միջազգային ուղղվածության ապահովմանը եւ օտարերկրյա ղեկավարների ներգրավմանը, հասանելիության եւ տեսանելիության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ միջազգային վարկանիշավորման գործընթացներին մասնակցությանն ու դիրքերի բարելավմանը։ ԵՊՀ-ն ներկայում միջազգային գործընկեր համալսարանների եւ հետազոտական կենտրոնների հետ համագործակցության շուրջ 260 պայմանագիր ունի։ Յուրաքանչյուր ուսումնական տարի ԵՊՀ-ի մոտ 400 դասախոսներ եւ հետազոտողներ ներգրավվում են միջազգային դրամաշնորհային նախագծերում, տարեկան իրականացվում են ավելի քան 50 դրամաշնորհային ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են տարբեր միջազգային գործակալությունների եւ հիմնադրամների կողմից, ինչպիսիք են՝ NATO SFP, ANSEF, NFSATCRDF, ISTIC, DAAD, Գյուլբենկյան հիմնադրամ եւ այլն։ Ներկայումս ԵՊՀ-ն ակտիվորեն ներգրավված է ՏԵՄՊՈՒՍ եւ Էրազմուս+ ծրագրերում։

Վերոնշյալ հանգամանքներն աներկբայորեն ԵՊՀ միջազգայնացման ուղղությամբ տարված աշխատանքի որոշակի արդյունք են ապահովում։ Սակայն միջազգայնացման բազմաշերտ գործընթացը ենթադրում է մի շարք այլ ուղղությունների համակարգման եւ խորացման անհրաժեշտություն, որոնք արժեւորելը պարզապես ժամանակի հրամայական է։ Մասնավորապես, 2017-2018 ուսումնական տարում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ուսանողների թիվը առկա ուսուցմամբ բակալավրատում հասել է 200-ի (30 ուսանող ընդգրկված են համալսարանական բնագիտական թեւի կրթական ծրագրերում, որից 16-ը Ֆարմացիայի ինստիտուտում։ Հումանիտար եւ հասարակագիտական ծրագրերում ընդգրկված է 170 ուսանող), մագիստրատուրայում՝ 36-ի (5 ուսանող ընդգրկված են համալսարանական բնագիտական թեւի կրթական ծրագրերում, որից 4-ը Ֆարմացիայի ինստիտուտում։ Հումանիտար եւ հասարակագիտական ծրագրերում ընդգրկված է 31 ուսանող), առկա ուսուցման ասպիրանտուրայում՝ 21-ի, իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայում՝ 26-ի (6 ասպիրանտ ընդգրկված են համալսարանական բնագիտական ուղղվածության կրթական ծրագրերում, 41-ը՝ հումանիտար եւ հասարակագիտական ծրագրերում)։ Ինչպես տեսնում ենք, ԵՊՀ-ի օտարերկրյա ուսանողների թիվը կազմում է ընդհանուր ուսանողների թվի շուրջ 2 տոկոսը, ինչն առաջատար համալսարանների հետ համեմատության մեջ բավարար ցուցանիշ համարելն այդքան էլ ճիշտ չի լինի։

ԵՊՀ միջազգայնացման գործընթացը պետք է իրականացնել երկու հիմնական՝ կրթական եւ գիտական ծրագրերի իրականացման ուղղություններով, որոնց համար անհրաժեշտ են որոշակի նախադրյալներ՝ վարչական ենթակառուցվածքների եւ վարչարարության, նյութատեխնիկական, խրախուսման համակարգի բարելավում, իրավական արդյունավետ բազայի ապահովում։

ԵՊՀ 19 ֆակուլտետներում տարբեր աստիճաններում իրականացվում են 60 բակալավրի, 130 մագիստրոսի եւ 70 ասպիրանտական կրթական ծրագրեր։ Ընդ որում, մագիստրոսի եւ ասպիրանտուրայի կրթական աստիճաններում իրականացվող ծրագրերը գիտակրթական են։ Կրթական ծրագրերի միջազգայնացումը ոչ միայն պետք է ենթադրի գլոբալ շուկայի հետ փոխադարձ կապի առկայություն, այլեւ ծրագրերի ճկունությունը թույլ պետք է տա ուսանողին ընտրություն կատարել օտար լեզվով վարվող այլընտրանքային ուսումնական դասընթացների միջեւ։ Հիմնական եւ օտարալեզու այլընտրանքային դասընթացների զուգակցումը, համարժեքորեն արտացոլելով շուկայում տեղի ունեցող շարունակական փոփոխությունները, միաժամանակ կարող է միջազգային կրթական կենտրոնների հետ մոդուլավորմամբ համատեղ ծրագրերի իրականացման բազա հանդիսանալ, ինչը թույլ կտա նաեւ լսարանային եւ արտալսարանային համաչափ եւ հավասարակշռված բեռնվածություն ապահովել։ Ընդ որում, ԵՊՀ-ում օտարերկրյա ուսանողների կազմի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք հիմնականում ԱՊՀ մեր հայրենակիցներն են եւ մասամբ էլ հայկական սփյուռքի ներկայացուցիչները։ Կրթական ծրագրերի պլանավորման գործում անպայմանորեն պետք է հաշվի առնել նաեւ հայկական սփյուռքի պահանջմունքները, հատկապես սփյուռքի տարբեր կրթական հաստատությունների համար կադրերի պատրաստման իմաստով։ Բավականին իրատեսական կարելի է համարել համաֆինանսավորմամբ արեւմտահայերենով տարբեր կրթական ծրագրերի պլանավորումն ու իրականացումը, ինչը կարող է երկու լեզուների հեռանկարային ինտեգրման հիմք հանդիսանալ։

Հատուկ ուշադրության պետք է արժանացնել վկայագիր (սերտիֆիկատ) նախատեսող հատուկ կուրսերի կամ դասընթացների ներդրմանը, որոնք, ունենալով բնագիտական կամ հումանիտար-հասարակագիտական ուղղվածություն, կարող են ներքին շուկայում պահանջարկ ունենալ հատկապես իրավական տարբեր պահանջների եւ չափորոշիչների ներդրման լույսի ներքո։ Անհրաժեշտության դեպքում որպես այլընտրանք պետք է կրթական ծրագրեր իրականացնել հեռավար ուսուցման եղանակով։ Հեռավար ուսուցման հաջողության օրինակ կարող է հանդիսանալ հատկապես ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի փորձը։ Ընդ որում, ցանկացած կրթական ծրագրի պլանավորումը պետք է ենթադրի նաեւ հետագայում վարկանիշավորման գործընթացում միջազգային դիրքերի բարելավում։

Համալսարանական հետազոտությունների արդյունքների միջազգայնացումն ու ինտեգրումն առաջատար հետազոտական շրջանակներին ենթադրում են. ա) ԵՊՀ օտարալեզու ամսագրերի հրատարակում, ինչպես նաեւ հեղինակավոր եւ բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտական հանդեսներում ԵՊՀ հետազոտողների գիտական աշխատությունների հրատարակման ապահովում, բ) ԵՊՀ-ում միջազգային գիտաժողովների կազմակերպում, ինչպես նաեւ միջազգային գիտաժողովներին դասախոսների եւ հետազոտողների մասնակցության, առաջատար գիտահետազոտական կենտրոններում ստաժավորման եւ վերապատրաստման ապահովում, գ) միջազգային գործընկերության շրջանակներում համատեղ գիտական նախագծերի եւ դրամաշնորհային ծրագրերի իրականացում, գիտական խմբերի եւ լաբորատորիաների կազմակերպում։ Համալսարանում այս գործընթացը հիմնականում կրում է ապակենտրոնացված բնույթ եւ համալսարանական ստորաբաժանումների գործունեության համակարգման եւ կենտրոնացվածության ապահովման անհրաժեշտություն է զգացվում։ Այս առումով արդյունավետ կլինի վարչական ենթակառուցվածքում կենտրոնացված ֆոնդհայթայթման եւ գիտական մարկետինգի գործառույթի առանձնացումը, ինչը հնարավորություն կընձեռի փոխադարձ կապ ապահովելու միջազգային գիտական արդյունքների պահանջարկի, դրամաշնորհային ծրագրերի իրականացման եւ համալսարանական հետազոտական միավորների միջեւ։ Ֆոնդհայթայթման եւ համալսարանական այլ ֆինանսական մուտքերի հաշվին կարելի է կենտրոնացված ֆինանսավորում ապահովել այս ուղղություններով տարվող գործընթացների համար։ Ընդ որում, շեշտն անպայմանորեն պետք է դնել արդյունքների միջազգային ու տեղական պահանջվածության թե մեկտեղման, թե տարանջատման վրա։ Բացի այդ, հետազոտական գործունեության բնագավառում անհրաժեշտ է խրախուսել նորարական մոտեցումները, որոնք կարող են համալսարանական միավորները դրական իմաստով առանձնացնել միջազգային շուկայի միտումներից։ Ժամանակակից գիտական ուղղությունները հաճախ միմյանցից անջատ չեն զարգանում, եւ հատման կետեր ունեն արդեն նույնիսկ բնագիտական եւ հումանիտար-հասարակագիտական ուղղությունները, հատկապես երբ խոսքը վերաբերում է կիրառական գիտելիքներին։ Հետազոտական ծրագրերի իրականացման հարցում կարելի է շեշտը դնել հենց հատման կետերի վրա, որը կարող է նաեւ կրթական ծրագրերի կազմակերպման մոդել հանդիսանալ dual education-ի զարգացման համար։

Վարչական ենթակառուցվածքներում արտաքին կապերի ֆունկցիոնալ տարանջատման արդյունավետության ապահովումից զատ կարեւոր է վարչական ապարատի user friendly լինելիության աստիճանի բարձրացումը։ Համալսարանում բացակայում է մեկ պատուհան սկզբունքով օտար, այլընտրանքային լեզուներով տեղեկությունների տրամադրման համակարգը, որի ներդրումը շահագրգիռ սուբյեկտներին կազատի վարչական ավելորդ քաշքշուկներից, կհեշտացնի տեղեկատվության ստացումը եւ կբարձրացնի պրոցեսուալ գրավչությունը։

Հատուկ ուշադրության պետք է արժանացնել նաեւ ԵՊՀ PR ուղղությանը։ Ընդ որում, PR գործառույթի տարանջատում ԵՊՀ վարչական ենթակառուցվածքներով նախատեսված չէ, մինչդեռ համալսարանական գիտական եւ կրթական ծրագրերը գլոբալ շուկայում պատշաճ մակարդակով ներկայացված լինելու անհրաժեշտություն ունեն։ PR եւ մարկետինգային ճիշտ քաղաքականությունը կրթական բիզնես մոդելի կառուցման տեսանկյունից առանցքային նշանակություն ունեն, ինչի արդյունքում կարելի է ոչ միայն կանխորոշել, այլեւ որոշակի առումով ազդել կամ ուղղորդել կրթական հարթակներում տեղի ունեցող գործընթացներն ու միտումները, հատկապես երբ խոսքը վերաբերում է ուսանողների հոսքերի կանխատեսմանը, ինչպես նաեւ օպերատիվ կառավարմանը՝ պլանավորմանը, իրականացմանը եւ մշտադիտարկմանը։

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

իրավագիտության դոկտոր,

ԵՊՀ քաղաքացիական

դատավարության ամբիոնի պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ, 

27.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930