Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ որեւէ քաղաքական գործչի ընտանիքի հետ շփվում եմ, շատ բան եմ հասկանում նրա արարքների վերաբերյալ»

Հունիս 27,2019 23:00

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի տիկինը,  Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ մանկության լավագույն հուշերը կապված են ընտանիքի հետ, հիշում է Սեւ ծով հանգստանալու գնալը, Երեւանի Վարդաշեն թաղամասում անցկացրած մանկությունը, Ջանգյուլում խաղալը:

Իսկ ամենատպավորիչ հաճոյախոսությունը, որ ստացել է «Օրրանի» երեխաներից, հետեւյալն էր. «Որ մեծանամ, տիկին Հովհաննիսյան եմ դառնալու»: Նա ժպտալով նշում է, որ երեխաներն անկեղծ են, եւ երբ փոքրիկ բեմադրություններ են անում, նմանակում են իր քայլվածքը, հագնվելը, պայուսակը բռնելու ձեւը, ինչն իրեն դուր է գալիս եւ ուրախացնում է:

«Երբ ես մեծանում էի, ինձ վրա էլ էին տարբեր մարդիկ տպավորություն թողնում, տարբեր բառեր, օրինակելի կեցվածք եւ այլն, ես ընդօրինակում էի, սովորում ուրիշներից»,-ասում է մեր զրուցակիցը: Հիշում է, թե ինչպես 11 տարեկանում ընտանիքով մեկնեցին ԱՄՆ` Նյու Յորք, փոքր աղջիկ էր ու անգլերեն չգիտեր. «Երբ առաջին օրը դպրոց գնացի, ու հարցրին` անունդ ինչ է, ասացի Արմենուհի, ասացին՝ քեզ սրանից հետո Անն կկանչենք… Հենց առաջին օրվանից ինձանից ինչ-որ առումով խլվեց իմ ինքնությունը, հայությունը…»:

Տիկին Արմինեն հիշում է, որ երբ հետագայում տեղափոխվեցին Լոս Անջելես, ինքն արդեն միակ գաղթական հայն էր, որն անգլերեն գիտեր: Հիշում է նաեւ Հելեն անունով հայազգի տիկնոջը, որն իրեն թեւի տակ էր վերցրել ու անընդհատ ոգեւորում էր, որ առաջ գնա. «Երբ ինձ ծանոթացնում էր մարդկանց հետ, ասում էր`  իրեն լավ նայեք, ինքը մեծ մարդ է դառնալու… Ասում էր` անշուշտ դու ամենակարեւոր համալսարանները կընդունվես, դու կարող ես: Հիմա ես իմ սեփական երեխաներին եւ «Օրրանի» երեխաներին եմ ասում` մեծ մտածեք, հաջողության բանալին այն է, որ քո առջեւ դնում ես նպատակ ու որոշում, որ անպայման պետք է հասնես»: Չի թաքցնում՝ հաջողության ճանապարհին ե՛ւ մարտահրավերներ կան, ե՛ւ սայթաքումներ, որոնք իմաստավորում են վերջնարդյունքում եղած հաղթանակները:

Արմինե Հովհաննիսյանը դստեր` Շուշիի հետ

Հովհաննիսյան ընտանիքը

Հաջողության ճանապարհին ճակատագրից նվեր է համարում այն, որ ծնողներն իրեն տարել էին ԱՄՆ, որտեղ կրթություն է ստացել, աշխատել ու ընտանիք է կազմել, իսկ իր ամերիկացի ամուսինն իրեն Հայաստան է բերել. «Մայրիկս միշտ ասում էր, որ իմ  անունը Արմենուհի են դրել, որպեսզի հայ մնամ օտար ափերում… Եվ որտեղ որ սովորել կամ աշխատել եմ, հիմնել եմ հայկական ակումբներ, տարածել հայկական մշակույթը: Ո՞վ կմտածեր, որ պետք է տարիներ անց իմ` երրորդ սերունդ ամերիկացի ամուսինը ինձ հետ բերի հայրենիք, որպեսզի իմ ուժը, գիտելիքն ու փորձը ծառայեցնեմ Հայաստանի բարօրությանը»:

Ամուսնուց` Րաֆֆի Հովհաննիսյանից  ստացած նվերներին էլ անդրադարձանք: «Ամենաթանկ նվերները նրանք են, որ ինքը Արեւմտյան Հայաստանից է բերում, դա կարող է լինել ինչ-որ ծաղիկ Վանից կամ Մուսալեռից: Այդ ծաղիկը կարող է մինչեւ ինձ հասնելը չորացած լինի, բայց նա այնքան գուրգուրանքով է բերում, որ դա  ամենաթանկն է դառնում… Նյութական նվերներ էլ ունեմ, բայց իմ կարծիքով, այդ սենտիմենտալ նվերները գին չունեն»,- շեշտում է Արմինե Հովհաննիսյանը:

Կարին Հովհաննիսյանը դեղձի ծառ է տնկում, ինչպես մայրն է ցանկացել:

Հարցրինք` կա՞ քայլ, որ դեռ չի արել, բայց ծրագրում է կատարել: «Իմ  հաջորդ բոլոր քայլերը կապված են ընտանիքիս հետ, արդեն ծրագրում եմ, որ թոռնիկներ ունենամ, պարտեզում ինչ պիտի խաղան, ինչով պետք է զբաղվեն… Ես անցյալ տարի ավագ որդուս` Կարինին ասացի, որ դեղձի ծառ տնկի մեր պարտեզում, որպեսզի մի քանի տարի հետո իր երեխաներն այդ պտուղը քաղեն եւ իրենց ասեմ, որ այդ ծառը իրենց հայրն է տնկել իրենց համար»,- նշում է մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե ասում են, որ կինը քաղաքական գործչի այցեքարտն է, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբ որեւէ քաղաքական գործչի ընտանիքի հետ շփվում եմ, շատ բան եմ հասկանում նրա արարքների եւ կեցվածքի վերաբերյալ, բայց շատ մեղմ եմ գնահատում այդ ամենը, մանավանդ անցյալ սերնդի քաղաքական գործիչների կանանց վարվելակերպը հասկանալի է: Շատերը մեծացել են սովետական տարիներին, ոչինչ չի եղել, աղքատության մեջ են ապրել, սահմանափակ է եղել ամեն ինչ, հետեւաբար ճիշտ չէ դնել-քննադատելը, որ ճիշտ չի հագնվում, ճիշտ չի պահվածքը… Կարծում եմ`  ամեն ինչ հեշտ է սովորել, եւ ժամանակի ընթացքում բոլորն էլ սովորում  են: Եվ մենք դրան ականատես ենք լինում»:

Հարցին` իրեն հաջողակ համարո՞ւմ է, տիկին Հովհաննիսյանը ժպտալով պատասխանեց. «Մի փոքր…Եթե մտածեմ, որ շատ հաջողակ եմ, կդոփեմ տեղում եւ չեմ փորձի ավելին անել: Նայած օր, օր կա՝ քիթս շատ է «մեծանում», շատ մեծ պատկերացումներ եմ ունենում իմ մասին, օր կա`   քիթս «քսվում» է գետնին, մտածում եմ`  թերեւս էդքան էլ խելացի չեմ…Կյանք է…»:

Հարցազրույցն ամբողջությամբ`  տեսանյութով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Նկարները` Արմինե Հովհաննիսյանի արխիվից, տեսանյութը` Նարեկ Ավագյանի:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930