Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են պետական գույքի գրանցման, պետական տուրքի ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ

Հունիս 27,2019 19:24

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 27-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է պետական գույքի գրանցման, պետական տուրքի ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:

Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի՝ ՀՀ օրենսդրությամբ պետական կառավարման տարբեր մարմինների տրվել են իրենց գործունեության ոլորտներին վերաբերող կադաստրների վարման առանձին գործառույթներ: Այդ մարմինները գործում են միմյանցից անկախ, տեղեկատվության հավաքագրման եւ կառավարման տարբեր մեթոդներով: Հաճախ անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակելու համար առաջանում են որոշակի խնդիրներ:

Առաջարկվում է ներդնել ինտեգրված կադաստր, ըստ որի՝ համակարգված տարածական տեղեկատվության տրամադրումը հնարավորություն կտա իրականացնել իրավիճակի համալիր եւ համաժամանակյա վերլուծություն: Փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով հիմնավորված որոշումների ընդունումն առավել արդյունավետ կարող է լինել՝ կրճատելով համաձայնեցումների գրավոր ձեւերին տրամադրվող ժամանակը, ապահովելով ֆինանսական միջոցների եւ աշխատանքային ռեսուրսների խնայողություն, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում:

Կոմիտեի ղեկավարի հավաստմամբ՝ կնիքի պահանջի վերացման նպատակն է առանց կադաստր այցելելու առցանց ստանալ ավարտական փաստաթղթեր (վկայական, տեղեկանք եւ այլն): Արդյունքում կնվազեն նաեւ կոռուպցիոն ռիսկերը:

Նախագծով առաջարկվում է հանել իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման համար սահմանված վճարը, ինչպես նաեւ տրվում են մի շարք տեխնիկական բնույթի խնդիրներ առաջացնող հարցերի լուծումներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազայով ապահովմամբ, մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական եւ մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի եւ թափոնի օգտագործման վրա:Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով արտադրանքը ոչ մրցունակ: Առաջարկվում է պետական տուրք սահմանել արտահանվող ջարդոնի համար: Ըստ նախարարի՝ փոփոխությունները հնարավորություն կտան տեղական արդյունաբերական ընկերություններին օգտագործել տեղում առաջացած մետաղի ջարդոնը որպես հումք` ապահովելով վերջնական արտադրանքի համար մրցակցային գներ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում են պետություն-մասնավոր գործընկերության կարգավորման իրավական, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակները, ՊՄԳ ծրագրերի մշակմանը եւ իրականացմանն առնչվող կանոններն ու ընթացակարգերը, կիրառելի չափանիշները:

Պատգամավորներն առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացրել:

Քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն հունիսի 28-ի ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:

Parliament.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930