Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պիտի վրեժխնդիր լինեմ, ի՞նչ է արել Հովհաննես Խորիկյանն ինձ»․ ՇՊՀ ռեկտորի ժ/պ

Հունիս 27,2019 19:14

Ինչպես տեղեկացրել ենք , Aravot.am-ին էր դիմել Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի  վարիչի ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) Հովհաննես Խորիկյանը՝ դժգոհելով, որ ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանն իրեն իր լիազորություններից դուրս հանձնարարական է տվել  ու անհիմն կարգապահական տույժի ենթարկել։

Հովհաննես Խորիկյանի ներկայացմամբ՝ իրենից պահանջվել է գործավարի ու լաբորանտի պաշտոնների անձնագրերի նկարագիրը, որը, սակայն ամբիոնի վարիչի գործառույթների մեջ չի մտնում, դրանով պիտի զբաղվի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի պետ Արտաշես Հովհաննիսյանը։ Հովհաննես Խորիկյանի ասելով, պաշտոնի անձնագիր գրելու համար անհրաժեշտ է ունենալ կոնկրետ հմտություններ ու կարողություններ, իրավաբանական գիտելիքներ, համապատասխան վերապատրաստումներ անցած լինել։ «Իմ զեկուցագրի մեջ նշել եմ ՝ ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է մեկ ուրիշի աշխատանքը կատարեմ, իսկ իրենք աշխատավարձ ստանան»,-մեզ փոխանցել էր Հովհաննես Խորիկյանը։

Ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանն էլ նրան նկատողություն է տվել, որը Հովհաննես Խորիկյանը որակում է որպես անձնական վրեժխնդրություն,  նույն անձի կողմից իր նկատմամբ արդեն երկրորդ անգամ հետապնդում։

Մենք թեմայի  շուրջ լսեցինք նաև պարոն Սերոբյանի պարզաբանումները։ Նա ասաց, որ հանձնարարական տրվել է ոչ միայն ամբիոնի վարիչներին, այլեւ հիմնադրամի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին՝ կենտրոնների տնօրեններին։ Ամբիոնի վարիչներին հանձնարարական տալիս՝ իրենք հստակ իմացել են, որ կան ամբիոններ, որտեղ լաբորանտներ չկան։

«Այդ ամբիոնի վարիչը, բնականաբար, մի տողով կարող էր գրել, որ մենք լաբորանտ չունենք հաստիքացուցակում։ Մենք ուզեցել ենք հստակ հասկանալ, թե ինչ գործառույթներ են իրականացնում մարդիկ, ավելի լավ, քան ստորաբաժանման ղեկավարը, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ գործառույթ է իրականացնում իր ենթական։ Նպատակը եղել է ստորաբաժանումների աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելը։ Բառացիորեն կարդամ․ «Անձնակազմի կառավարման և իրավաբանական ապահովման բաժին գրավոր ներկայացնել ձեր ամբիոնի գործավարի և լաբորանտի կողմից կատարվող աշխատանքների նկարագիրն ու գործառույթները»: Ընդ որում` հանձնարարականի տակ չի դրվել ամիս, ամսաթիվ, որովհետև օրվա երկրորդ կես էր, մի մասին կտայինք այդ օրը, մյուս մասին հաջորդ օրը, թողել էինք, ով որ ստացավ, ամիս, ամսաթիվը գրի՝ որ օրն է ստացել»,-ասաց Երվանդ Սերոբյանը։

Ռեկտորի ժ/պ Սերոբյանը նշում է, որ իր պահանջն օրինական է,  ստորաբաժանման ղեկավարին իր իրավասությունները գերազանցող պահանջ չեն ներկայացրել, և որ Հովհաննես Խորիկյանից գործավարի պաշտոնի անձնագիր չեն պահանջել։ Նա նշում է, որ ըստ հաստիքացուցակի, պատմության ու փիլիսոփայության ամբիոնն ունի գործավար, իսկ ամբիոնի գործավարը չի կարող ամբիոնի վարիչի աշխատողը չհամարվել։

Երվանդ Սերոբյանը ընթերցեց Հովհաննես Խորիկյանի զեկուցագիրը։

«Կարդում եմ տեքստն՝ առանց մեկնաբանության, մեկնաբանությունը թողնում եմ ընթերցողներին․ «Ի պատասխան ձեր հանձնարարականի»․․․ Ամիս, ամսաթիվ, տարեթիվ չկա, ասեմ նաև, որ իմ հանձնարարականը սկսվում էր հարգելի Հ․ Խորիկյանով, իսկ զեկուցագրում հղում չկա՝ ում է ուղղված։ Այսպես՝ «Ի պատասխան ձեր հանձնարարականի՝ ինձ համար առնվազն զարմանալի է, թե ես ինչու պիտի ներկայացնեմ իմ ամբիոնի գործավարի (տեղյակ չեք, որ ամբիոնը լաբորանտ չունի), աշխատանքի նկարագիրն ու գործառույթները, երբ գործատուն դուք եք և դուք եք կնքում աշխատանքային պայմանագիր աշխատակիցների հետ։ Ինչո՞վ են զբաղված ձեր համապատասխան բաժնի աշխատողները, որ ես նրա կամ նրանց փոխարեն պետք է գործավարի պաշտոնի անձնագիր  գրեմ»։

Ցույց տվեք, եղբայր, ես որտե՞ղ եմ գործավարի պաշտոնի անձնագիր պահանջել, ցանկացած պաշտոնի անձնագիրը կազմվում է տվյալ հաստատության կողմից, սահմանված ձև չկա, յուրաքանչյուր հիմնարկություն իր ձևն է ընդունում։ Ցավոք, մեր բուհը չունի պաշտոնի անձնագրեր, որոշ պաշտոնների անձնագրերի մշակմանն ենք ձեռնամուխ եղել, ոչ մեկը չի պահանջել նրանից պաշտոնի անձնագրեր։

Հովհաննես Խորիկյանը գրում է․«Օրինակ՝ համալսարանի կառավարման և իրավական ապահովման բաժնի պետն ինչով է զբաղված, որ ես նրա փոխարեն իր աշխատանքը կատարեմ, իսկ նա պետք է աշխատավարձ ստանա՝ չկատարած աշխատանքի դիմաց։ Խնդրում եմ այսուհետ հստակ պատկերացնել իմ պարտականություններն ու իրավունքները և ինձ չծանրաբեռնել անհասկանալի և իմ գործառույթներից դուրս հանձնարարականով»։

Երվանդ Սերոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իմ համար անհասկանալի էր  Հովհաննես Խորիկյանի զեկուցագիր տոնը, հետևաբար և ինքը  պատասխանել  է նրան։

«Պարոն Խորիկյան, հանձնարականը ստանալիս կատարեք դրանք, այլ ոչ թե ձեր աշխատաժամանակը ծախսեք անարդյունավետ՝ ստացված հանձնարարականին տալով սուբյեկտիվ գնահատական, որոնք զուրկ են տարրական բարեկրթության դրսևորումից։ Ձեզանից չի պահանջվել գրել գործավարի պաշտոնի անձնագիրը, այլ ընդամենը պահանջվել է ներկայացնել այն գործառույթները, որոնք փաստացի իրականացնում է ձեր ամբիոնի գործավարը։ Իմիջայլոց, երևի տեղյակ չեք, որ բուհը չի սահմանափակվում միայն ձեր ամբիոնով, այլ գործում են ևս 13 մասնագիտական ամբիոններ, որտեղ բացի գործավարի հաստիքից, կա նաև լաբորանտի հաստիք։ Նշեմ, որ ինչ վերաբերում է իմ գործառույթներին, ես դրանց տիրապետում եմ, ես ձեր խորհրդի կարիքը չեմ զգում։ Դուք ինքներդ կարիք ունեք ձեր գործառույթներին մեկ անգամ ևս ծանոթանալու, ու նշել եմ կետերը»,- մեզ իր պատասխանից մի հատված ներկայացրեց Երվանդ Սերոբյանը։

Վերջինիս ասելով, իր պատասխանին հաջորդել է Հովհաննես Խորիկյանի գրավոր պատասխանը, որը ոչ այլ ինչ է, քան բացատրագիր այն մասին, թե ինչու չի կատարել հանձնարարականը։

Երվանդ Սերոբյանն անդրադարձավ պտտվող այն լուրերին, թե անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի պետ Արտաշես Հովհաննիսյանը իր բարեկամն է։

Նա ասաց, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվեն, ապա Գյումրու բնակիչների կեսից ավելիին  իր բարեկամները պետք է համարել։

Նրա համար զարմանալի է Հովհաննես Խորիկյանի այն հայտարարությունը, թե իր նկատմամբ անձնական վերժխնդրություն է իրականացվում։ «Ես ուզում եմ առիթը հասկանամ, ինչո՞ւ պիտի վրեժխնդիր լինեմ, ի՞նչ է արել Խորիկյանն ինձ, որ ես վրեժխնդիր լինեմ։ Կամ որ ասում է՝ սա հետապնդում է իմ անձի նկատմամբ, ինչո՞վ է արտահայտվում իմ հետապնդումը, այդ հետապնդումն արտահայտվեց նրանով, որ ես առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկեցի՞, երկար ժամանակ չթողեցի՞ իրենց անգործ, չեմ բողոքարկել։ Ես ուզում եմ հասկանամ՝ եթե ոչ ամբիոնի վարիչից, ապա ո՞ւմից հասկանալ գործավարի կատարվող գործառույթները։ Ամենալավը ո՞վ կասի ինձ՝ ինչ գործառույթներ են կատարում ամբիոնի մեր գործավարները, եթե ոչ բոլոր, ապա գործավարների ճնշող մեծամասնությունը կազմակերպչական հարցերում նաև ամբիոնի վարչիների աչքերն են։ Ոչ ոք պաշտոնի անձնագիր չի պահանջում, մարդը գտնում է, որ անձնագիրը դա գործառույթն է ու աշխատանքի նկարագիրը։ Ո՛չ, պաշտոնի անձնագիրը շատ բաներ է իր մեջ ներառում՝ պարտականությունները, իրավունքները, ովքեր են նրա վերադասները, սոտրադասները․․․

Ես անձնական որևէ առիթ չունեմ բուհում որևէ մեկի հետ անձնական հաշիվ մաքրելու կամ վրեժխնդրության․ ինքս շատ խաղաղասեր մարդ եմ, երևի թե ավելի շատ, քան պետք էր»,- ասում է Երվանդ Սերոբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լպուստ says:

    Ըսիգ Սահակի տասովչիկներից էր.Բժշկական ինստիտուտ մարդ կընդուներ էն վախտերը.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930