Հայաստանում և Վրաստանում վերջին օրերին ծավալվող իրադարձությունների արդյունքում Ռուսաստանը բավական բարդ իրավիճակում է հայտնվել հարավկովկասյան տարածաշրջանում։
Հունիսի 20-ից Վրաստանում սկիզբ առած հակառուսական ցույցերը նոր օրակարգ են ստեղծել տարածաշրջանում Ռուսաստանի համար։ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության օրոք թեև Թբիլիսին չէր դադարում հայտարարել Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու և նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի մասին, այնուամենայնիվ, Մոսկվայի հետ հարաբերություններում առկա էր ջերմացման որոշակի միտում, որի շնորհիվ երկու երկրների միջև շփումները տեղի էին ունենում առավելապես կառուցողական հունում։
Ուշագրավ է, սակայն, որ Վրաստանում հակառուսական ալիքը սկսվեց Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում նկատվող լարվածության ֆոնին։ Ինչպես հայտնի է, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 13-ին և հունիսի 20-ին հանդիպել էր, համապատասխանաբար, ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ։ Ռոբերտ Քոչարյանի հետ դեսպանի հանդիպումն արժանացել էր հայկական կողմի հստակ բացասական արձագանքին։ Մասնավորապես, դեսպանը կանչվել էր ԱԳՆ, որտեղ նրա հետ զրույց էր տեղի ունեցել «ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում»։ Դրանից հետո՝ հունիսի 20-ին, ՍԴ նախագահի հետ դեսպանի հանդիպմամբ, ՌԴ-ն, փաստացի, ընդգծել էր հայկական կողմի առարկությունների նկատմամբ իր արհամարհանքը և ի ցույց դրել իրավիճակն ավելի լարելու իր պատրաստությունը։
Հետագա զարգացումները, սակայն, այսպես ասած, խառնեցին Հայաստանում Ռուսաստանի որդեգրած քաղաքականության ծրագրերը։ Վրաստանում ծագած հակառուսական ալիքը ստիպեց Մոսկվային ուշադրությունը սևեռել Թբիլիսում տեղի ունեցողի վրա՝ միաժամանակ ավելի մանրամասն հաշվարկելով տարածաշրջանում իր ունեցած դիրքերը և դրանց հետ կապված ռիսկերը։
Կարդացեք նաև
Վրաստան-Ռուսաստան
Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները լարված կմնան առաջիկա շրջանում։ Կրեմլից արդեն հայտարարել են, որ Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքը կշարունակի գործել մինչև տարեվերջ, իսկ վրացական գինիների որակի շուրջ «Ռոսպոտրեբնադզոռի» հայտարարությունը բավական լուրջ սպառնալիք է պարունակում Վրաստանի գինեգործության համար։ Միևնույն ժամանակ, սակայն, հարկ է նշել, որ ռուս-վրացական հարաբերություններում ներկա լարվածության մեղմացման որոշակի նշաններ են առկա։
Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական շփումները տեղի են ունենում ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և ՌԴ հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ձևաչափով Պրահայում։ Նման վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 13-ին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն հայտարարել է, որ Մոսկվան կարող է քննարկել Կարասին-Աբաշիձե արտակարգ հանդիպման հարցը, եթե նման առաջարկությամբ հանդես գա Թբիլիսին։ Լավրովից ավելի վաղ վրաց վարչապետ Մամուկա Բախտաձեն ևս չէր բացառել նման հանդիպման անցկացումը՝ նշելով, որ նման խորհրդակցություններ տեղի ունենում են։
Ըստ այդմ, կարելի է արձանագրել, որ Ռուսաստանը և Վրաստանը ներկա փուլում փորձում են առնվազն լարվածությունը մեղմելուն ուղղված քայլեր ձեռնարկել, սակայն լարվածությունը, այնուամենայնիվ, առաջիկայում կպահպանվի։
Հայաստան-Ռուսաստան
Հունիսի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը, որի հետ, ինչպես վերը նշվեց, ՌԴ դեսպանը հանդիպել էր հունիսի 13-ին։ Ուշագրավ է, որ դատարանի վճռի հրապարակումից հետո հայտնի դարձավ դեսպանի և ՀՀ գլխավոր դատախազ, նաև Մարտի 1-ի գործին մասնակցող դատախազ Արթուր Դավթյանի հանդիպման մասին։ Դիտարկելով այս հանդիպումը ՌԴ դեսպանի՝ նախկին երկու հանդիպումների համատեքստում, ապա ստացվում է, որ Մոսկվան, համենայն դեպս առերևույթ, ցանկանում է մեղմել երկկողմանի հարաբերություններում առաջացած լարվածությունը։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում և Վրաստանում վերջին շաբաթներին ծավալված իրադարձությունները Ռուսաստանի համար յուրօրինակ ցուցիչ էին այն մասին, որ Մոսկվայի համար բավական վտանգավոր կարող է լինել տարածաշրջանում ավելորդ սրացումների գնալը։ Մինչ այս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման ընթացքում Հայաստանի որդեգրած սկզբունքային դիրքորոշումը, ՄԱԿ-ում Վրաստանի նախաձեռնած «հակառուսական» բանաձևի քվեարկությունը, որի ժամանակ Հայաստանը, ի հեճուկս ձևավորված ավանդույթի, չքվեարկեց Ռուսաստանի օգտին, հուշում են Մոսկվային, որ իրավիճակը տարածաշրջանում փոխվել է և կարող է փոխվել նորից՝ ընդգծված կերպով ոչ իր օգտին, եթե ռուսական կողմը ռիսկային քայլերի դիմի։
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»