27.06.2019թ., Երևան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկեց Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովը, որին մասնակցում էին ՀՊՏՀ, հայաստանյան և արտերկրի բուհերի (Բարսելոնայի, Վրաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ) պրոֆեսորներ, տնտեսագետներ, հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկան ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը և Հայկական տնտեսագիտական միության նախագահ Գուրգեն Ասլանյանը:
Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Հայկական տնտեսագիտական միության ներկայացուցիչների հետ իր ծանոթությունը ցույց է տվել, որ միության և մեր համալսարանի առաքելության հսկայական մասը համընկնում է: «Եվ չափազանց կարևոր է, որ համատեղ ջանքերով կարողանանք լուծել մեր տնտեսության համար կարևոր խնդիրներ: Այն գործընթացը, այն մոտեցումները, որ որդեգրված են համապատասխան կազմակերպությունների կողմից, շատ դեպքերում համընկնում են»,-ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարն ու շեշտադրեց, որ ջանքերը պետք է համատեղել Հայաստանում տնտեսագիտական դպրոցի, տնտեսագիտական մտքի զարգացման ուղղությամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի երկրի տնտեսության առաջընթացին:
Գուրգեն Ասլանյանը Հայաստանում տնտեսագիտական մտքի զարգացմամբ շահագրգիռ կողմերի գործակցության համատեքստում կարևորեց բուհերի, այդ թվում ՀՊՏՀ-ի հետ համատեղ աշխատանքը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ գիտաժողովն այս օրերին կհամախմբի 15 երկրների տնտեսագետների, և քննարկումներ կծավալի արդիական թեմաներով, որոնք առնչվում են նաև ՀՀ տնտեսությանը:
Կարդացեք նաև
Մանհայնի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի դոկտոր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայնեմանը հանդես եկավ ընդարձակ զեկուցմամբ, որը խորքային մասնագիտական վերլուծություն էր միասնական եվրոպական արժույթի կայացման պատմության, եվրոպական երկրների տնտեսական համագործակցության, տնտեսական զարգացման և ինտեգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաև՝ եվրոպական միասնական արժույթի տնտեսական և քաղաքական ազդեցության գնահատում:
Այնուհետև գիտաժողովը շարունակվեց «Ինչո՞ւ է կարևոր տնտեսագիտական կրթությունը» թեմայով պանելային քննարկմամբ, որի մասնակիցներն էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Մանհայնի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի դոկտոր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայնեմանը, Նյու Յորքի Սիթի համալսարանի պրոֆեսոր Ռենդալ Ֆիլերը, վարում էր Գուրգեն Ասլանյանը:
Ինչո՞ւ և ինչպե՞ս զարգացնել հասարակության տնտեսագիտական և ֆինանսական գրագիտությունը, համալսարաններն ինչպիսի՞ դեր պետք է ստանձնեն տնտեսագիտություն գիտակարգին նոր կառուցվածք և բովանդակություն հաղորդելու համար, ինչպե՞ս և որտեղի՞ց սկսել և զարգացնել տնտեսագիտական կրթությունը, որո՞նք են տեխնոլոգիական նորարարությունների դարաշրջանում գիտահետազոտական և կրթական հաստատությունների անելիքները, ինչպե՞ս կարող է տնտեսագիտական միտքը երկխոսել պետությունների ու կառավարությունների հետ, ինչպե՞ս գիտակարգերի զարգացմանը զուգահեռ ընդգծել մասնագիտական կարողությունների և հմտությունների փոխանցման կարևորությունը, ժամանակակից տնտեսագիտական տեսություններն ընկալելու համար համալսարաններն ինչպիսի՞ հավելյալ արժեք կարող են ստեղծել: Ահա այս հարցերն էին, որոնք դարձան բանախոսների հիմնական քննարկման առարկան:
Առաջին մասի ավարտից հետո պանելային քննարկումները շարունակվեցին 3 նիստերի շրջանակներում՝ «Էմպիրիկ արդյունաբերական կազմակերպում», «Աշխատանքի տնտեսագիտություն» և «Կենսաթոշակային տնտեսագիտություն» խորագրերի ներքո:
Եռօրյա գիտաժողովը հաջորդ երկու օրերին կընթանա Հայաստանի ազգային ագրարային և Հայաստանի ամերիկյան համալսարաններում:
Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին