Դատավորների վեթինգի իրականացման համար նախագիծ է մշակվելու։ Այսօր այս մասին ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Չնայած նրան, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, թե վեթինգը կիրականացվի ԲԴԽ ու Կոռուպցիայի կանխարգելման նոր ստեղծվելիք հանձնաժողովի շրջանակներում եւ նոր նախագիծ չի մշակվելու, արդարադատության նախարարն ասաց, որ առանձին նախագիծ է մշակվելու: Ըստ նրա՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը պետք է քննարկվի Բարձրագույն դատական խորհրդում:
Ռուստամ Բադասյանը պատասխանեց նաեւ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե ինքը պաշտոնի է նշանակվել Բաց հասարակություն հիմնադրամների հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի միջնորդությամբ։
«Երբ ասում եք՝ Սորոսի հետ կապեր, դա, ես երբեք չեմ հասկանում: Ես չեմ ճանաչում ձեր նշած անձին, ծանոթ չեմ, երբեք չեմ հանդիպել, դա ապատեղեկատվություն է»,- ասաց պարոն Բադասյանը՝ նշելով, որ բանակում ծառայելու առնչությամբ տեղեկությունը նույնպես սուտ է. ասաց, որ իր հիվանդությունն առաջացել է թենիս պարապելու հետեւանքով:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է այն տեղեկությանը, թե Ռուստամ Բադասյանի կարիերայում, առաջխաղացման հարցում բարձրաստիճան պաշտոնյա հոր դերակատարումը մեծ է եղել, նա ասաց,որ իր ուսանողական տարիներին հայրը բարձրաստիճան պաշտոն չի զբաղեցրել, ավարտելուց հետո է հայրը նշանակվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:
Պարոն Բադասյանից նաեւ հետաքրքրվեցին՝ որպես արդարադատության նախարար ինչպե՞ս է մեկնաբանում վարչապետ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը արգելափակելու որոշումը: Ռուստամ Բադասյանը պատասխանեց՝ վարչապետը սպառիչ անդրադարձել է այդ թեմային. «Վարչապետի հայտնած դիրքորոշումը, որ դա ինչ նպատակ է հետապնդում, դրա կոնտեքստում ես համարում եմ, որ ոչ օրինական չի եղել»:
Հարցին՝ այսինքն՝ ցանկացած քաղաքացի կարո՞ղ է դատարանների մուտքերը փակելու կոչ անել, արդարադատության նախարարն ասաց՝ ոչ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ