Թբիլիսիում տեղի ունեցած հակառուսական ցույցի գիշերը ոստիկանները չտեսնված բռնության են ենթարկվել, և նրանք երկար ժամանակ դիմացել են այդ բռնությանը: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ բժիշկներին պարգևատրելով Պատվո շքանշանով՝ ցույցի ժամանակ ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
«Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը բուժաշխատողներն ամբողջ գիշեր աշխատել են Ռուսթավելի պողոտայում: Մեր քաղաքացիներին ժամանակին բուժօգնություն են ցուցաբերել և կարողացել են տեղափոխել բուժհաստատություններ: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց մեր հասարակության անունից: Վիրահատություններն անցել են բարեհաջող, վեց պացիենտների տեսողությունը հաջողվել է պահպանել, և դա շատ կարևոր է, քանի որ այդ երիտասարդների աչքերը մեր ապագայի աչքերն են: Ցավոք, մի քանի պացիենտների վիճակը շարունակում է մնալ ծանր, և բժիշկներն անում են ամեն բան նրանց ապաքինման համար:
Ես ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Ես չեմ կարող չխոսել այն մարդկանց մասին, օրինակ` լրագրողների, ովքեր այդ գիշեր կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները: Նրանց թվում ևս կան տուժածներ, և ցանկանում եմ աջակցություն հայտնել նրանց: Նաև ոստիկաններին, որոնք այդ գիշեր չտեսնված բռնության են ենթարկվել և երկար ժամանակ դիմացել են այդ բռնությանը: Ես հիմա չեմ խոսի այն մասին՝ արդյոք անհամաչափ ուժի կիրառում եղել է, թե ոչ: Այդ հարցով քննություն է ընթանում: Դա քննության և դատարանների հարց է, և նրանք ովքեր պետք է պատիժ կրեն, պետք է պատժվեն: Սակայն դա չպետք է տարածվի յուրաքանչյուր ոստիկանի վրա: Քանի որ այս երկրում չի լինի ժողովրդավարություն առանց լրագրողների, առանց իրավապահների չի լինի պետականություն, և հասարակություն՝ առանց ձեզ բոլորի»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ