Լրահոս
Օրվա լրահոսը

 ԱԱԾ-ը կկանգնեցնի լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների հուշարձանը

Հունիս 27,2019 17:47

Քաղաքաշինութան պետկոմիտեն ամփոփել է մրցույթի առաջին փուլը

Յոթ տարի է, ինչ բոլոր ազգերի և ժամանակների լավագույն հետախույզներից Գևորգ Վարդանյանը մեզ հետ չէ:

Անցած տարի Հայաստանում եղավ հեղափոխություն, ինչպես ընդունված է ասել, «իրավիճակ փոխվեց» :

Բայց կան հայ մարդիկ, որոնց հիշատակը չի խամրում իրավիճակի որևէ փոփոխության դեպքում, և, անկասկած, դրանցից են Գևորգ և Գոհար Վարդանյանները։

Որպես այդ բացառիկ զույգի կենսագիր՝ մեկ տարի առաջ, բոլորին հասկանալի պատճառներով, մի պահ, կարծես, մտահոգվեցի․ մեր ազգի և իմ գրքերի հերոսների հիշատակը «չխամրելու» առումով:

Սակայն, երբ ս․թ․հունվարի 28-ին՝ հայոց հաղթական բանակի  օրը, Եռաբլուրում  հանդիպեցի «հետհեղափոխական» Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, կասկածներս անմիջապես փարատվեցին․ «Ուզում ենք Վարդանյան զույգի մի մեծ հուշարձան կանգնեցնել հենց մեր ծառայության շենքի մոտակայքում՝ Նալբանդյան փողոցում, որ այն տեսնեն թե՛ առավոտյան  աշխատանքի եկող ԱԱԾ աշխատակիցները, մանավանդ՝ երիտասարդ, թե երևանցիները, թե ՛ մեր երկիրն այցելող արտասահմանցիները.  Քաղաքաշինության պետկոմիտեն արդեն մրցույթ է հայտարարել»:

Ստորև ներկայացվում են նման որոշման պատճառները՝ ըստ Արթուր Վանեցյանի․

-Գևորգ և Գոհար Վարդանյանների մասին լսել եմ դեռ ուսանողական տարիներին, սակայն այն ժամանակ անգամ պատկերացնել էլ չէի կարող, որ շուտով կարիերաս շարունակելու եմ անվտանգության մարմիններում:

Երբ 2000 թվականին գնացի Մոսկվա՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայում ուսանելու, դրա աշխատակիցները, իմանալով, որ հայ եմ, ասում էին․ «Դուք՝ հայերդ, մեծ թվով շատ լավ հետախույզներ, անվտանգության մարմինների աշխատակիցներ ունեք, սակայն նրանցից լավագույնը լեգենդար Գևորգ Վարդանյանն է» ։ Եվ դրանից հետո սկսեցի ակտիվորեն հետաքրքրվել այդ մարդու գործունեությամբ։

Երբ ես նշանակվեցի Ակադեմիայի կուրսանտական հայկական ազգային խմբի հրամանատար, իմ խնդրանքով Ակադեմիայի ղեկավարությունը կազմակերպեց մեր՝ հայերիս հանդիպումը Գևորգ և Գոհար Վարդանյանների հետ։ Մոտ 47-48 հոգի էինք; 2001 թվականն էր։

Լեգենդար հետախույզները մեզ պատմեցին տարբեր պատմություններ՝ կապված հիմնականում Թեհրան-43-ի հետ՝ թե ինչպես էին նրանք հեծանիվներով հետևում և բացահայտում գերմանական գործակալներին, ինչպես էին գաղտնագրերը ուղարկում Մոսկվա, ինչպես Գևորգ Անդրեևիչը դարձավ պարսկական գորգերի մասնագետ, հետո՝ վաճառական, որպեսզի մուտք ունենա անհրաժեշտ շրջանակներ: Մենք, «բերաններս բաց», լսում էինք իրենց պատմածը. դա իսկական ֆանտաստիկա էր մեզ համար:

Իհարկե, իրենց արածը, առանց մի վայրկյան վարանելու, թույլ է տալիս նրանց դասել լեգենդների շարքին, սակայն հիմա ես կցանկանայի առաջին հերթին ասել, թե ինչ էին Գևորգ Անդրեևիչը և Գոհար Լևոնովնան անում հայազգի կուրսանտների համար:

Մեզ նրանք օգնում էին բառացիորեն ամեն ինչում՝ մեկին՝ ՌԴ ԱԴԾ (ФСБ) գրադարանից օգտվելու, որտեղ արգելված էր արտերկրի քաղաքացիների մուտքը, մյուսին՝ քննության ժամանակ ստանալ այն թվանշանը, որին օտարազգի՝ այս դեպքում՝ հայ կուրսանտն իսկապես արժանի էր (այո՛, մեկ-երկու անգամ եղան նման դեպքեր), այլ հարցերում:

Երբ անցած տարի դարձա ՀՀ ԱԱԾ տնօրեն և սկսեցի ուղղակիորեն շփվել Ռուսաստանի, և  այլ երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ, վերջնականապես համոզվեցի նրանում, թե ինչպիսի մեծ պատիվ է մեզ՝ հայերիս համար նման լեգենդար հայրենակիցներ ունենալը։ Այսպես, նույնիսկ, Ձեր թույլտվությամբ, էկզոտիկ մի երկրի համապատասխան ծառայության ղեկավարը, լսելով, որ հայ եմ, անմիջապես բացականչեց․ «Օ՛, Գևորգ Վարդանյա՛ն» :

Իսկ հատուկ ծառայությունների ղեկավարներն այն մարդիկ են, ում կարծիքից կախված է շատ ու շատ բան:

Ուստի, ԱԱԾ-ում իմ տնօրինության հենց առաջին ամսում ես, խորհրդակցելով իմ ծառայակից գործընկերների և մեր վետերանների հետ, որոշեցի, որ մեր այս լեգենդար հայրենակիցների հիշատակը պետք է հավերժացվի՝ ՀՀ ԱԱԾ շենքի առջև իրենց հուշարձանը կանգնեցնելու միջոցով, որպեսզի այն տեսնեն և՛ մեր աշխատակիցները, և՛ երևանցիները, և՛ զբոսաշրջիկները՝ բոլորը։

Գիտեք, ես այնպիսի մարդ եմ, որ եթե իմ մեջ որևէ գաղափար է հղանում, ապա ես դրանով պարզապես ապրում եմ, այն զարգացնում։ Եվ ուստի որոշեցի, որ հուշարձանը պետք է պատկերի երկուսին էլ՝ Վարդանյան ամուսիններին, քանի որ նրանց՝ առանց մեկը մյուսի, դժվար է պատկերացնել։

Եվ, իհարկե, կցանկանայի, որ այսպիսի հուշարձանը բացվի անձամբ տիկին Գոհար Վարդանյանի ձեռքով:

Դե էլ ի՞նչ կարող եմ ավելացնել սրան։

Շատ կուզենամ, որ մեր երիտասարդ հետախույզները նմանվեն Գևորգ և Գոհար Վարդանյաններին առաջին հերթին որպես մարդիկ՝ հայրենասեր, ազնիվ և պարկեշտ։

Պարկեշտ մարդ լինելը հատուկ ծառայությունների աշխատակցի համար ամենակարևոր հատկությունն է, քանի որ երբ նա որևէ փաստաթուղթ կամ զեկուցագիր է գրում, դրանից կարող է կախված լինել այլ մարդկանց ճակատագիրը։

Եվ այնքան ժամանակ, որքան ես մեր երկրի հատուկ ծառայության ղեկավարն եմ, մասնագիտական որակներից՝ պրոֆեսիոնալիզմից բացի, այս հատկությունները պիտի լինեն մեր ծառայությունում աշխատանքի անցնել ցանկացողի գլխավոր որակներից մեկը։

Մեր աշխատակիցը պետք է լինի բարի, արդարացի, պարկեշտ և ինտելեկտուալ մարդ։

Այսինքն՝ հենց դրանք էլ մտնում են պրոֆեսիոնալիզմի մեջ։

Եվ հուսով եմ, որ այս տողերը կարդալուց հետո մեր հայրենակիցները կընդունեն ԱԱԾ-ը ո՛չ թե որպես մի պատժիչ, ասենք՝ սարսափազդու մի մարմին, այլ կազմակերպություն, որը իսկապես կոչված է պաշտպանելու իրենց խաղաղ առօրյան, խաղաղ աշխատանքը, ընտանիքը, և, հետևաբար, հարգեն անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատանքը։

Եվ, առանց կեղծ համեստության, կարող եմ ասել, որ այս մեկ տարվա ընթացքում, ինչ ես ղեկավարում եմ ՀՀ ԱԱԾ-ն, մեզ հաջողվեց հասնել նրան, որ մարդիկ հարգեն, և, ինչու՞ ո՛չ, սիրեն անվտանգության աշխատակցին, և սա է մեր աշխատանքի ամենակարևոր արդյունքը։ Ինչ խոսք, սա չափազանց պարտավորեցնող է»։

Մի քանի ամիս առաջ ՀՀ քաղաքաշինության պետկոմիտեն ԱԱԾ պատվերով հուշարձանի նախագծի մրցույթ հայտարարեց, որին իրենց աշխատանքները ներկայացրեցին 15 հոգի։

Հաշվի առնելով, որ լավագույն նախագծի հեղինակին, ըստ մրցութային հանձնաժողովի քարտուղար Գայանե Վերդյանի, վճարվելու է 6 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամ, երկրորդ տեղը զբաղեցրածին՝ 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, և երրորդ տեղին՝ 2 հազար դոլարին համարժեք, ինչը, համաձայնեք, քիչ գումար չէ՝ այսօրվա մեր իրողությունից ելնելով, մտածեցի, որ մրցույթի մասնակիցների թիվը կարող էր որոշակիորեն ավելին լինել։ Սակայն Քաղաքաշինության պետկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ զրուցելուց հետո հասկացա պատճառը և նույնիսկ զարմացա, թե ինչպես ինքս չէի կռահել:

Քանդակագործները, ճարտարապետները նախկինում, մեղմ ասած, չէին վստահում նմանատիպ մրցույթներ անցկացնող պետական կարույցներին, քանի որ դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում «հաղթում էին» յուրայինները: Եվ արդյունքում ստացանք Ռուսիո կայսր Պետրոս Առաջինին հիշեցնող Գարեգին Նժդեհի, «խառոշի տղու» նմանակված Մարշալ Բաբաջանյանի  արձան, և այլն:

Սակայն իրավիճակն այս հարցում, կարծես, փոխվում է․ բոլորովին վերջերս ավարտվեց մրցույթի առաջին փուլը, և երկրորդ փուլ անցած երեք հեղինակներին, որոնք պետք է նոր նախագծեր ներկայացնեն, որոշվել է վճարվել  500 հազարական դրամ (1000 դոլար)՝ որպես խրախուսական պարգևավճար, իսկ առաջին փուլի մասնակիցներից չորրորդ և հինգերորդ տեղը զբաղեցրածներին էլ՝ 250 հազարական դրամ, ինչը, պրն Վերմիշյանի վկայությամբ, աննախադեպ է։

Նա հույս հայտնեց, որ իրենց նման քայլերը կնպաստեն պետական կառույցների կողմից կազմակերպված մրցույթների նկատմամբ վստահության աճին ։

Դե ինչ, անհամբերությամբ սպասենք Նալբանդյան փողոցում վեր խոյացած Գևորգ և Գոհար Վարդանյանների հուշարձանին։

Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930