Լրահոս
Օրվա լրահոսը

«Փրկենք Քարահունջը» նախաձեռնության առաջարկով քննարկվել է «Զորաց քարեր բնակատեղի» (Քարահունջ) մշակութային արգելեցում տեղի ունեցած պեղումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Հունիս 27,2019 17:34

Հունիսի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը։ Օրակարգում ներառված են եղել Երևանի բնապահպանական հիմնախնդիրներին վերաբերող հարցերը, իրավիճակի բարելավման արդի ռազմավարությունը, Դեբեդ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագիծը, Երևանի Բուսաբանական այգու հիմնախնդիրները, հանրապետությունում կոյուղաջրերի, արտադրական ջրերի մաքրման և չեզոքացման խնդիրները, այլ հարցեր։

Երևանի բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ հանձնաժողովին տեղեկություններ է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը։ Մասնավորապես քննարկվել են Երևանի ոռոգման համակարգի, կանաչապատ տարածքների, մայրաքաղաքի անտառածածկույթի հիմնախնդիրները։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ անհրաժեշտ է իրականացնել ծառերի գույքագրման և ծառերի վիճակի գնահատման գործընթաց, վերականգնել մայրաքաղաքի տնկարանային տնտեսությունը և ստեղծել նոր անտառ-պուրակներ։ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է քաղաքապետարանի անտառապատման և անտառվերականգնման ծրագրերը, որի մեջ զգալի տեղ է զբաղեցնելու Դալմայի այգիների հատվածը։

Ի թիվս այլ հարցերի, հանձնաժողովի անդամները բարձրացրել են Ֆիզիկայի ինստիտուտի հարևանությամբ գործող անտառային տարածքի պահպանման հարցը՝ մասնավորապես անդրադառնալով ոռոգման խնդրին և անտառային տարածքում իրականացվող կառուցապատմանը։ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ոռոգման խնդիրը ուսումնասիրման և լուծման փուլում է։

Քննարկվել են նաև Երևանի Բուսաբանական այգու խնդիրները։ Հարցը բարձրացրել է կենսաբանական գիտությունների դոկտոր Գոհար Օգանեզովան։ Վերջինս հայտնել է, որ այգին ունի ոռոգման, խնամքի, պահպանման լուրջ խնդիրներ։ 1935 թ․ հիմնադրված այգին, որը նախևառաջ գիտահետազոտական գործառույթ է իրականացնում, պատկանում է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտին, որն էլ իր հերթին գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո։ Այդ պատճառով այգին չի համարվում բնապահպանական ենթակառույց և շրջակա միջավայրի պահպանության համար պետական բյուջեից հատկացվող գումարներից չի օգտվում։

Հանձնաժողովը որոշել է դիմել ՀՀ կառավարություն բարձրացված հարցերի վերաբերյալ լուծումներ ստանալու ակնկալիքով։

Քննարկվել է Երևանի քաղաքաշինությունը բնապահպանական նորմերին համապատասխան իրականացնելու հարցը, որը բազմիցս է բարձրացվել բնապահպանների կողմից։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան հայտնել է, որ Երևանի ավագանու նիստում հարցը բարձրացվել է, որոշում է կայացվել բնապահպաններին մասնակից դարձնել քաղաքաշինական գործընթացներին։

Հանձնաժողովի մյուս հարցը՝ կապված Դեբեդ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծի հետ, բարձրացրել են «Փրկենք Դեբեդը» հասարակական նախաձեռնության անդամներ Ալբերտ Ջավախյանը և Լևոն Բոշյանը։

Նախաձեռնությունը դեմ է գետի վրա ՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ գտնում է, որ այն շրջակա միջավայրի վրա բնապահպանական լուրջ հետևանքներ կթողնի։ Ալավերդու ավագանին ևս դեմ է ՀԷԿ-ի կառուցմանը։ Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամները, քննարկելով խնդիրը, բացասական են գնահատել ՀԷԿ-ի կառուցումը՝ որոշելով դիմել ՀՀ կառավարություն և առաջարկել, որպեսզի չեղարկվի «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը։

Նիստի հաջորդ հարցը վերաբերել է ջրահեռացմանը՝ մասնավորապես կոյուղաջրերի, արտադրական ջրերի մաքրմանն ու չեզոքացմանը։ Հարցը բարձրացրել է Հանրային խորհրդի անդամ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի փոխտնօրեն Անահիտ Աղոյանը։ Խնդիրն այն է, որ այսօր հանրապետության ողջ տարածքում կոյուղաջրերի, արտադրական ջրերի չեզոքացման և վնասազերծման գործընթացը պատշաճ ձևով չի կազմակերպվում, ինչը լի է վտանգավոր հետևանքներով։ Աղոյանը հանձնաժողովին առաջարկել է խորությամբ զբաղվել հարցի ուսումնասիրմամբ և կազմակերպել առանձին քննարկում։

Օրակարգով նախատեսված հարցերից բացի՝ «Փրկենք Քարահունջը» հասարակական նախաձեռնության առաջարկով հանձնաժողովը քննարկել է «Զորաց քարեր բնակատեղի» (Քարահունջ) մշակութային արգելեցում տեղի ունեցած պեղումների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նախաձեռնող խմբի անդամ Նանա Հերունին հայտարարել է, որ պեղումները կատարվել են ՀՀ օրենքների ու միջազգային համապատասխան կոնվենցիայի բացահայտ խախտումներով, վնասվել և անհետացել են բացառիկ աստղադիտարանի մաս կազմող արժեքավոր քարեր: Նախաձեռնող խումբը պահանջում է կասեցնել պեղումները, հնագիտական հուշարձանին վերադարձնել նախնական տեսքը, ստեղծել անկախ փորձագիտական խումբ, գնահատել պատճառված վնասը և մեղավորներին ենթարկել պատասխանատվության։ Ելույթ են ունեցել նաև նախաձեռնող խմբի անդամներ Վաչագան Վահրադյանը և Վազգեն Գևորգյանը։ Վերջինս տեսակետ է հայտնել, որ Քարահունջի նկատմամբ իրականացվող գործընթացը ուղղորդված է «դրսից» և միտված է կառույցի արժեզրկմանը։

Հանձնաժողովը որոշել է հարցը ներկայացնել Հանրային խորհուրդ՝ ներառելու խորհրդի առաջիկա նիստերի օրակարգ։

ՀԽ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930