Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյան. առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման որոշումն ուղղված է ոչ թե անձի, այլ գույքի դեմ

Հունիս 27,2019 17:13

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք առնչվում էին առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձմանը, ասաց, որ նախագիծն արդեն պատրաստ է եւ ներկայումս միջազգային փորձաքննության փուլում է. «ԵԽ կողմից փորձագիտական միջանկյալ կարծիք արդեն ստացվել է։ ՀՀ կառավարությունը սպասում է նաեւ մյուս միջազգային գործընկերների կարծիքին»։

Հարցին՝ արդյոք այն չի վնասի ներդրումային միջավայրին, պարոն Բադասյանը պատասխանեց՝ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը բացասաբար չի ազդի ներդրումների վրա:

 

Նախարարը նաեւ ծիծաղելի համարեց շահարկումները, թե այս նախագիծը ուղղված է հարուստ մարդկանց դեմ. «Սա հարուստ մարդկանց դեմ ուղղված չի կարող լինել»:

Ըստ նախարարի՝ օրենքում շատ խիստ դրված է բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտը, որպեսզի ցանկացած գույքի բարեխիղճ ձեռքբերող չտուժի։ Եթե անգամ տվյալ գույքն ինչ-որ շրջանում եղել է ապօրինի, նույնիսկ այդ դեպքում բարեխիղճ ձեռքբերողից չի բռնագանձվի։

Նախարարից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է ի վերջո ապացուցվելու՝ մարդն անօրինակա՞ն է ձեռք բերել գույքը, թե՞ ոչ, ի պատասխան, պարոն Բադասյանն ասաց՝ այդ մեխանիզմները դրված են օրենքում։ Այն հարցին էլ՝ դատախազությո՞ւնն է որոշելու՝ մարդու գույքը օրինակա՞ն է, թե՞ ոչ, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ իրավասու մարմնի հարցն են լուծում. «Որոշվելու է դատարանի վճռով, ընտրված չէ դեռ դատարանը։ Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք՝ քանի որ դատավճիռը քրեական գործերին է վերաբերում, այս առանց դատավճռի տերմինը, նշանակում է, որ անձի մեղավորությունը քրեական դատավարության կարգով հաստատված լինելուն է վերաբերում, ոչ թե նրան, որ ՀՀ-ում հնարավոր է երբեւէ որեւէ մեկի սեփականության իրավունքին միջամտել առանց դատարանի»։

Նախարարի խոսքով, այն ուղղված է ոչ թե անձի, այլ գույքի դեմ. «Դատարանում որպես պատասխանող հանդես է գալու ցանկացած անձ, ով կարծում է, որ այդ գույքի հետ կապված իրավունք կա։ Այսինքն՝ այս դեպքում ոչ թե սահմանվում է պատճառահետևանքային կապ արարքի և հետևանքի միջև, այլ բարձրացվում է գույքի օրինականության ծագման հարցը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930