Լրահոս
Օրվա լրահոսը

Սիգարետը նիկոտին ստանալու ամենավտանգավոր ու ամենավնասակար տարբերակն է։ Առողջապահության փորձագետները՝ Global Forum on Nicotine-ի շրջանակներում

Հունիս 27,2019 17:03

70 երկրներից հանրային առողջապահության մոտ 650 փորձագետ, ակադեմիկոս, ոլորտի ներկայացուցիչներ ու սպառողներ հանդիպեցին Վարշավայում՝ Նիկոտինի 6-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում։ Ֆորումի մասնակիցները հանդես են գալիս առանց այրման ու ավելի քիչ վնասակար նիկոտինի մատակարարման համակարգերի օգտին՝ սիգարետի փոխարեն։

«Մենք անցյալում ենք թողնում այրման հենքով աշխատող աշխարհը։ Ներքին այրման շարժիչներից մինչև այրվող սիգարետ, մենք շարժվում ենք դեպի էներգիայի ու հաճույքի մատակարարման նոր ուղիներ», – ասում է Լոնդոնի Հիգիենայի եւ Արևադարձային բժշկության դպրոցի պրոֆեսոր և Նիկոտինի 6-րդ գլոբալ ֆորումի ծրագրի ղեկավար Ջերրի Սթիմսոնը:

Ծխախոտի վնասի նվազեցման 2018 թվականի զեկույցում նշվում է, որ էլեկտրոնային սիգարետի ու ծխախոտի տաքացման համակարգերի (մեզանում հայտնի որպես IQOS) ստեղծումը, ինչպես նաև շվեդական սնուսի նկատմամբ հետաքրքրության վերականգնումը հեղափոխել են ծխախոտային արդյունաբերությունը։

Սթիմսոնը նշում է, որ առանց այրման արտադրատեսակները սիգարետի համեմատ 95%-ով ավելի քիչ վնասակար են, և արդեն իսկ ապացուցված է, որ այդ արտադրանքը կարող է ծխողներին օգնել հրաժարվել սիգարետից։

Ֆորումի մասնակից «Նոր Նիկոտին» ալյանսի ներկայացուցիչները հետաքրքիր վիճակագրությամբ են կիսվում․ «Ապացուցված է, որ Էլեկտրոնային սիգարետը ավելի քիչ վնասակար այլընտրանք է սիգարետին: Մեծ Բրիտանիայում կարող ենք հպարտ լինել 1.7 միլիոն այն ծխողների համար, ովքեր ամբողջությամբ անցում են կատարել վեյփինգին», – նշում է «Նոր Նիկոտին» ալյանսի նախագահ Մարտին Քուլլին:

 

 

Էլեկտրոնային սիգարետից բացի, ծխողները ներկայումս նախապատվություն են տալիս նաև ծխախոտի տաքացման համակարգերին ու Շվեդական սնուսին։

Ճապոնիայում սիգարետի վաճառքը երկու տարվա ընթացքում կրճատվել է 27 տոկոսով այն բանից հետո, երբ շուկա մտան ծխախոտը տաքացնող սարքերը, իսկ Շվեդիան եվրոպական երկրների ցանկում ունի ծխողների նվազագույն 5% տեսակարար կշիռը՝ սնուսի շնորհիվ։ Այս եզրահանգումն է անում Օտտավայի համալսարանի Առողջության իրավունքի, քաղաքականության և էթիկայի կենտրոնի փաստաբան ու խորհրդատվական խորհրդի նախագահ Դեյվիդ Սվեյնորը։

Հատկանշական է, որ Նորվեգիայում սնուսի վաճառքը մեկնարկելուց հետո ծնող կանանց տեսակարար կշիռը ռեկորդային ցածր դարձավ աշխարհի մասշտաբով՝ մեկ տոկոսից էլ քիչ։

«Երբ սնուսը հասանելի ու հայտնի դարձավ Նորվեգիայում, ծխողների քանակն ընդամենը 10 տարում երկու անգամ նվազեց: Երբ Իսլանդիայում հասանելի դարձավ էլեկտրոնային սիգարետը, երեք տարվա ընթացքում ծխողների քանակը կրճատվեց 40 տոկոսով: Երբ Ճապոնիայում շուկա մտան ծխախոտը տաքացնող սարքերը, սիգարետի շուկան կրճատվեց մեկ երրորդով: Նույն միտումն է նկատվում Բրիտանիայում, որտեղ առանց այրման արտադրանքը ավելի հասանելի է, իսկ մարդիկ ավելի շատ տեղեկատվություն են ստանում: Միլիոնավոր ծխողներ արդեն անցում են կատարել առանց այրման արտադրատեսակների», -հայտնում է Սվեյնորը ճեպազրույցի ժամանակ:

Ըստ Ծխախոտի վնասի նվազեցման 2018 թ․ զեկույցի, մինչև 2021 թվականը ավելի քան 55 միլիոն ծխողներ անցում կկատարեն ծխախոտի տաքացման սարքերի ու էլեկտրոնային սիգարետի, իսկ նոր շուկայի ծավալը կկազմի 35 մլրդ դոլար։ Ներկայումս առաջատար շուկաներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան։ Ճապոնիան համարվում է առաջատար երկիր՝ ծխախոտի տաքացման սարքերի տարածվածության տեսանկյունից։

Նիկոտինի 6-րդ գլոբալ ֆորումի ծրագրի ղեկավար Ջերրի Սթիմսոնը գտնում է, որ ծխողների կողմից առանց ծուխ արտադրանքին անցում կատարելու հիմնական պատճառն այն է, որ սիգարետը նիկոտին ստանալու ամենավտանգավոր ու ամենավնասակար տարբերակն է, քանի որ այրվելիս այն արտազատում է շատ վտանգավոր նյութեր։ «Սիգարետը նիկոտինի մատակարարման շատ կեղտոտ տարբերակ է», – ասում է նա ու ավելացնում․ «Ոչ թե նիկոտինն է վնասակար քիմիական նյութեր պարունակում, այլ խեժն ու ծխի մեջ առկա գազային միացությունները։ Ծխողների հիսուն տոկոսը մահանում է ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից։ Սա նշանակում է, որ ամեն տարի մոտ 6 միլիոն մարդ է մահանում սիգարետ ծխելուց»։

«Սիգարետ ծխելուց ավելի շատ մարդ է մահանում, քան մալարիայից, ՄԻԱՎից ու տուբերկուլյոզից։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպութան կանխատեսման, մինչև քսանմեկերորդ դարի վերջը մոտ մեկ միլիարդ մարդ կմահանա ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններից: Սա ոչ այլ ինչ է, քան համաշխարհային մասշտաբով հանրային առողջության արտակարգ իրավիճակ: Շատ կարևոր է, որ ամբողջ աշխարհում մարդկանց հասանելի լինեն ավելի քիչ վնասակար նիկոտին մատակարարող պրոդուկտները», – ասում է Սթիմսոնը:

Իտալիայի Կատանիայի համալսարանի Ներքին բժշկության դոկտոր պրոֆեսոր Ռիկարդո Պոլոսան, մեջբերում է մի շարք հետազոտություններ, որտեղ նկարագրված են էլեկտրոնային սիգարետին անցում կատարելու առավելությունները։ «Հետազոտությունները փաստում են, որ այն ծխողները, ովքեր հրաժարվում են սիգարետից ու անցում կատարում էլեկտրոնային սիգարետին, իրենց առողջության համար ստանում են նույն առավելությունները, ինչ այն մարդիկ, ովքեր ընդհանրապես հրաժարվում են ցանկացած տեսակի նիկոտին պարունակող արտադրանքից», – ասում է Պոլոսան։

«Մենք թոքերի քրոնիկ հիվանդության, ասթմայի ու այլ շնչառական հիվանդությունների վերաբերյալ մի քանի հետազոտություն ենք անցկացրել, որոնց շրջանակներում ակնհայտ է դարձելէլեկտրոնային սիգարետի անցում կատարելու դեպքում նկատվում է շնչառական սթրեսի կրճատում 50%-ի չափով։ Սա հրաշալի ցուցանիշ է, որին չի կարելի հասնել անգամ հակաբորբոքայիններ օգտագործելու դեպքում», – շարունակել է պրոֆեսորը։

Պոլոսան բացատրում է, որ վեյփինգը տարբերվում է սիգարետ ծխելուց։ «Սիգարետի ծուխը պարունակում է խեժ, իսկ էլեկտրոնային սիգարետի գոլորշու մեջ նման բան չկա։ Սիգարետի ծուխը պարունակում է մոտ 7000 վնասակար նյութեր այն դեպքում, երբ էլեկտրոնային սիգարետի գոլորշու մեջ առկա է մոտ 150 միացություն, որոնք մինչ օրս զգալի վնասակար ազդեցություն չեն ցուցաբերել», – ասում է նա:

«Այս արտադրատեսակներն ավելի ու ավելի քիչ վնասակար են դառնում։ Սա մի ոլորտ է, որտեղ անընդհատ նորարարական լուծումներ են կիրառվում։ Հանրային առողջության առավելություններն ու կյանքի որակի բարելավման պոտենցիալը, որ մեզ տալիս են ավելի քիչ վնասակար նիկոտինային արտադրատեսակները, անսահման են», – նշել է Պոլոսան։

Դեռևս 2015 թվականին Մեծ Բրիտանիայի Հանրային առողջապահության գործակալությունը էլեկտրոնային սիգարետը որակել էր որպես 95%-ով ավելի քիչ վնասակար։ Պատճառն այն է, որ սիգարետի ծխում առկա վնասակար քիմիական նյութերը կամ բացակայում են էլեկտրոնային սիգարետի գոլորշու մեջ, կամ առկա են անհամեմատ քիչ մակարդակներով։

Սթիմսոնը նշում է, որ սիգարետը թողնել ցանկանում են բազմաթիվ ծխողներ։ Միևնույն ժամանակ, նրանք դժվարանում են, քանի որ առկա նիկոտինի փոխարինման թերապիան կամ ծխելը թողնելուն օգնող դեղորայքային բուժումը անարդյունավետ են ու ապահովում են 5% հաջողության ցուցանիշ։

«Նոր Անգլիայի Բժշկություն» ամսագրում տպագրված հետազոտության արդյունքում պարզվել էր, որ էլեկտրոնային սիգարետը, ծխախոտի տաքացման սարքերն ու սնուսը երկու անգամ ավելի արդյունավետ են օգնում ծխողին սիգարետից հրաժարվել, քան նիկոտինային մաստակն ու սպեղանին։ Սթիմսոնը համոզված է․ պատճառն այն է, որ այդ արտադրատեսակները նույն հաճույքն են պարգևում ծխողին, ինչ սիգարետը՝ ավելի քիչ վնաս պատճառելով օրգանիզմին։

«Բոլոր այս արտադրատեսակները մեկ ընդհանրություն ունենչեն աշխատում այրման հենքով։ Չկա կրակ, չկա ծուխ։ Դրանք զգալիորեն ավելի քիչ ռիսկային են, քան սիգարետը», – ավարտում է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930