Վերաքննիչ քրեական դատարանն այսօր սկսեց 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի պաշտպանի բողոքի քննությունը: Գեղամ Պետրոսյանը դատարան չի գնացել, չի ցանկացել մասնակցել նիստին:
«Ես հիմնավորում եմ՝ համապատասխան ապացույցներ ներկայացնելով, որոնք դեռեւս 2008 թվականից նախաքննության ընթացքում են ձեռք բերվել, նաեւ ներկայիս վարույթ իրականացնող մարմնի կողմից թարմացվել են, ստուգվել են այդ ապացույցները, որ դեպքը, որը վերագրվում է Գեղամ Պետրոսյանին, որեւէ առնչություն չունի նրա հետ: Նրան վերագրում են մի դեպք, որ Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում է տեղի ունեցել, իբրեւ թե ինչ-որ մեկը հարձակվել է նրա վրա երկաթե արմատուրայով: Գեղամ Պետրոսյանն էլ իբրեւ թե կրակել է ատրճանակով նրա վրա: Ասում են՝ այդ անձնավորությունը Զաքար Հովհաննիսյանն է: Մինչդեռ քրեական գործով ավելի քան հիմնավորված ապացույցներ կան, որոնցով արդեն ապացուցված է, որ Զաքար Հովհաննիսյանը Գրիգոր Լուսավորիչ եւ Լեոյի խաչմերուկում երբեւէ չի եղել. տեսանյութ էլ կա, փաստաթղթեր էլ կան, ցուցմունքներ էլ կան, քննիչների կողմից կազմված արձանագրություններ էլ կան: Հովհաննիսյանը եկել է Մաշտոցի պողոտա ժամը 24:00-ի մոտակայքում ու մինչեւ 01:30-ի սահմաններում հրազենային վիրավորում է ստացել: 02:00-ին տեղափոխվել է թիվ 3-րդ հիվանդանոց, վիրահատել են, 02:55-ին մահացել է: Ապացույցներ կան, որ Զաքար Հովհաննիսյանը դեռեւս 23:00-24:00-ն ընկած հատվածում գտնվել է իր բնակության վայրում, զրուցել բակում:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գեղամ Պետրոսյանն այդ արարքը կատարել է 2008 թվականի մարտի 1-ին, մինչդեռ Զաքար Հովհաննիսյանը մահացել է մարտի 2-ին: Բացի այդ՝ Ներքին զորքերը, իր ստորաբաժանումներով, Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա չեն եղել 24:00-ի սահմաններում, այլ 22:00-ից ներքին զորքերի բոլոր զինծառայողները գտնվել են Լեոյի փողոցի վրա: Սա քրեական գործով անժխտելի ապացույց է: Էլ չեմ խոսում այն մասին, որ դեռեւս չի ստացվել Զաքար Հովհաննիսյանի դիակից հանված փամփուշտը, փորձաքննության չի տրվել եւ Գեղամ Պետրոսյանի հաշվեցուցակային ատրճանակը նույնպես չեն տարել փորձաքննության, որ համեմատեն ու նույնականացում անեն»,- Aravot.am-ին ասաց Վաղինակ Գեւորգյանը:
Բողոքի քննությունը կշարունակվի հուլիսի 2-ին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ