Գործադիրը հավանություն է տվել ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը:
Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմոֆին Գասպարյանը, օրինագծի հեղինակներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացնել և դարձնել 63 հազար դրամ: Հիմնավորումը Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2018 թ. առաջին եռամսյակից հրապարակված միջին ընթացիկ գներով նվազագույն սպառողական արժեքի հիմքով է, որը 63 հազար 550 դրամ է: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախարարությունը երեք ամիս առաջ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտին պատվիրակել է հետազոտություն, որի արդյունքներով հնարավոր է դարձել գնահատել նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծությունը: 4 մեթոդով իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ կառավարությունն առաջարկում է օրինագծում 63 հազար դրամի փոխարեն՝ սահմանել 68 հազար դրամ։
Ի պատասխան վարչապետի հարցին, թե ի՞նչ գործնական խնդիր է լուծվում նվազագույն աշխատավարձը բարձրացնելով, Գեմոֆին Գասպարյանը նշել է, որ 45 հազար մարդ մասնավոր ոլորտում և 35 հազար մարդ պետական ոլորտում ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 55 հազար դրամ: «Կառավարությունն առաջարկում է, որ նվազագույն աշխատավարձը դառնա 68 հազար դրամ՝ այն բարձրանալով 23.6 տոկոսով»,-նշել է փոխնախարարը:
Անդրադառնալով աշխատողների իրավունքների պաշտպանության խնդրին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է այդ հարցը ուշադրության կենտրոնում պահելու կարևորությունը: «Մենք պետք է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությանը շատ լուրջ ուշադրություն դարձնենք: Հատկապես սոցիալական անապահովության այս ֆոնին մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ ոլորտում չարաշահումներ չլինեն և այդ հարաբերությունները արժանապատիվ կարգավորվեն, հաշվի առնվեն ոչ միայն գործատուի, այլ նաև աշխատողի շահերը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունմամբ հիմքեր կստեղծվեն ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանման համար: Առաջարկվում է նաև լրացում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածում՝ նախատեսելով վարչական պատասխանատվություն ռեկրեացիայի նպատակով ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելու դեպքում:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և այլ ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ