Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կառավարությունն ընդլայնում է անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող բժշկական օգնության և շահառուների շրջանակը. մինչև 18 տարեկան քաղաքացիների բուժօգնությունը կլինի անվճար

Հունիս 27,2019 16:20

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ մայիս ամսվա հիմնական տնտեսական ցուցանիշներին:

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակի, շահառուների խմբերի ընդլայնման, մատուցվող ծառայությունների առկա պահանջարկի բավարարման, գրպանից դուրս կատարվող ծախսերի ցուցանիշի նվազման, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների արդիականացման, վերազինման, անհրաժեշտ սարքավորումներով հագեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Ըստ այդմ՝ նախատեսվում է պետբյուջեի եկամուտների ավելացման հաշվին իրականացնել առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցում: Մասնավորապես, «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում» ծրագրին առաջարկվում է հատկացնել լրացուցիչ 5.1 մլրդ դրամ, որը կուղղվի`հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների համահարթեցմանը, ինչի արդյունքում կբարձրանա նաև բժշկական կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը, որն էլ իր հերթին կնպաստի ծրագրի արդյունավետության բարելավմանը և ոլորտում ստվերային գործունեության նվազմանը, սրտի վիրահատական ծառայությունների գծով պետպատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերի ընդլայնմանը, մասնավորապես 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամների, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամների, զոհված զինծառայողներին ընտանիքի անդամների: «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետպատվերի շրջանակում, ինչպես նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1,750.0 մլն դրամ: Մինչ այժմ այդ իրավունքից օգտվում էին 0-7 տարեկան, հաշմանդամություն ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների, մինչև 18 տարեկան դիսպանսեր հսկողության տակ գտնվող, միածնող, 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային տարիքի և բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները: Փոփոխության արդյունքում մինչև 18 տարեկան շահառուների քանակն ավելանում է մոտ 200,000 անձով:

Ինչպես նշել է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, այս փոփոխությունները հնարավոր են դարձել պետբյուջե 62 մլրդ դրամ հավելյալ մուտքերի շնորհիվ: «Դրա մասին, Դուք՝ պարոն վարչապետ, բազմիցս հայտարարել եք, և որի մի զգալի մասը փաստացի ուղղվելու է սոցիալապես կարևոր ոլորտներից մեկին՝ առողջապահությանը»,-նշել է փոխնախարարը և հավելել, որ այդ նպատակի համար մինչև տարեվերջ նախատեսվում է ծախսել 12 մլրդ դրամ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումները և անդրադարձել դրանց գաղափարաբանությանն ու առնչությանը՝ կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության և տնտեսական հեղափոխության փիլիսոփայության հետ: «Ընդհանրապես կա երկու ճանապարհ, և այդ երկու ճանապարհներից մենք ընտրել ենք հետևյալը. մենք ասել ենք, որ տնտեսական հեղափոխության հիմնական գործող անձը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Հիմա այս շատ լուրջ որոշումներով իրականացնում և որդեգրում ենք հետևյալ ուղղությունը՝ մենք մեր կողմից ամեն ինչ պետք է անենք, որ քաղաքացին լինի առողջ: Իհարկե, առաջին հերթին սոցիալապես անապահով քաղաքացին լինի առողջ, որպեսզի ինքն աշխատելու, ստեղծագործելու և իր հուսահատ սոցիալական վիճակը հաղթահարելու հնարավորություն ունենա: Եկեք ուղիղ ասենք, մենք այս գումարն ինչ-որ չափով կարող էինք ինչ-որ համամասնություններով այդ ընտանիքներին վճարել, ասել՝ սա մենք ձեզ ուղղակի ավելացնում ենք, և այդ մարդիկ, յուրաքանչյուրն իր ճաշակով, յուրաքանչյուրն իր մտածածով կօգտագործեր այդ գումարը, և մենք ընդհանուր առմամբ երկարաժամկետ և կապիտալ էֆեկտներ չէինք ունենա: Կառավարությունը, ընդհակառակը, իր քաղաքական տրամաբանության և գաղափարաբանության շրջանակներում որոշում է այդ գումարները ծախսել ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման, նրանց բնականոն կյանքն ու առողջությունը ապահովելու համար: Այս առումով թվերն իսկապես տպավորիչ են, մի քանի 100 հազար մարդ առնչվում է այս որոշումների հետ: Մենք այս տարի ընդհանրապես կլուծենք այն խնդիրը, որը նախկինում ունեցել ենք. կառավարությունը մի կողմից հայտարարում էր, որ, օրինակ՝ սրտի ստենտավորման ծրագիրն իրականացվում է անվճար, բայց քանի որ կար գումարային որոշակի լիմիտ և լինում էր այնպես, որ ասենք տարվա երրորդ կեսին կամ երկրորդ կեսին այդ կարիքն ունեցող քաղաքացիները կանգնում էին փաստի առաջ, երբ նրանց ասվում էր, որ պետբյուջեով հատկացված միջոցները սպառվել են, ուստի անվճար ստենտավորման ծրագրից դուք այլևս չեք կարող օգտվել: Հիմա մենք սրանով լուծում ենք այդ հարցը, որ կառավարության քաղաքական հայտարարությունը գործնականում մինչև տարվա վերջ իսկապես մեր քաղաքացիներին կարողանանք ապահովել, ընդ որում՝ ի տարբերություն նախկինի, մենք հիմա դա անում ենք դեղապատ ստենտներով»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է նման որոշումներ ընդունելու կարևորությունը և, անդրադառնալով հետագա տնտեսական ակտիվությունը խթանելու համար բյուջեի հավելյալ եկամուտները կապիտալ ծախսերին ուղղելու հարցին, նշել է. «Սրա շուրջ կար բանավեճ՝ արդյոք սա կապիտա՞լ ծախս է, թե՞ ոչ: Այո՛, սա կապիտալ ծախս է: Իհարկե, մի քիչ կոպիտ է հնչում ժամանակակից աշխարհում, երբեմն կոպիտ տերմիններ կան, որոնք ինձ էլ դուր չեն գալիս, բայց սա մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված շատ կոնկրետ ծախս է»: Կառավարության ղեկավարը միաժամանակ նշել է, որ պետք է շատ լուրջ աշխատել կապիտալ ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու և կապիտալ ծախսեր իրականացնելու ուղղությամբ. «Բայց, այնուամենայնիվ, այս կարգի որոշումները, կարծում եմ, շատ կարևոր են նաև ընդհանուր տնտեսական տրամադրությունների բարձր ֆոն ապահովելու համար և քաջալերելու ՀՀ քաղաքացիներին իրականացնել տնտեսական գործունեություն»:

Վարչապետը հորդորել է նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ պատշաճ իրազեկել քաղաքացիներին:

 

Կկանոնակարգվեն ներդրումային հավանական հետաքրքրություն ունեցող պետական անշարժ գույքի օտարման նախապատրաստական աշխատանքները

 Գործադիրը հաստատել է պետական անշարժ գույքի օտարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով հանձնաժողով ստեղծելու, օտարման ներկայացվող, օտարման ենթակա և օտարման ոչ ենթակա պետական գույքի ցանկերի օրինակելի ձևերը: Որոշման նպատակն է կանոնակարգել ներդրումային հավանական հետաքրքրություն ունեցող պետական անշարժ գույքի օտարման նախապատրաստական աշխատանքները և այդ աշխատանքներում կենտրոնացնել բոլոր շահագրգիռ մարմինների ջանքերը: Բացի այդ, այն կտա հնարավոր կարճ ժամկետում օտարման վերաբերյալ հիմնավորված որոշումներ ընդունելու և օտարման գործընթացը հրապարակային և թափանցիկ կազմակերպելու հնարավորություն: Ըստ այդմ՝ նախատեսվում է կանոնակարգել խոշոր ներդրումային հավանական հետաքրքրություն ունեցող պետական յուրաքանչյուր գույքի պետական գույքի օտարման նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես, կանոնակարգել օտարման ենթակա պետական գույքի ընտրության, օտարման ձևի և պայմանների, ինչպես նաև օտարման նախապատրաստական աշխատանքների ժամկետային իրականացման հարցերը։ Արդյունքում՝ էականորեն կբարձրանա պետական գույքի ամբողջ գործընթացի արդյունավետությունը, մասնավորապես կավելանա պետական և համայնքային բյուջեների մուտքերը, ինչպես նաև խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր։

Կառավարությունը որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Նար-Դոսի փողոց 53/2 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ին՝ ներդրումային ծրագիր իրականացնելու համար: Ընկերությունը տվյալ տարածքում նախատեսվում է մինչև 2021 թ. օգոստոսը կառուցել նոր բազմաֆունկցիոնալ շենքային համալիր՝ կատարելով շուրջ 5 000 000 000 ՀՀ դրամի ներդրում։ Ինչպես նաև, հաշվի առնելով, որ նշված հասցեում կառուցվելու է նոր գույքային համալիր, քննարկումների արդյունքում ընկերության հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2019 թ. մայիսի 16-ի դրությամբ գույքի գնահատված 274 904 820 ՀՀ դրամ շուկայական արժեքի վճարման փոխարեն գույքային համալիրի կառուցման ավարտից հետո, Պետական գույքի կառավարման կոմիտեին կհանձնվի կառուցված գույքային համալիրի 3-րդ հարկից առնվազն 1000 քառ. մետր մակերեսով հասարակական նշանակության վերանորոգված տարածք, որը հետագայում կծառայի պետության կարիքների համար։

 

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվի ավելի քան 80 նոր աշխատատեղ

Գործադիրը բավարարել է «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են խաղողի և մրգային գինիների, կոնյակի և մրգային օղիների արտադրության մեջ (Կոտայքի մարզ)։ Արդեն իսկ իրականացվել է 1 մլրդ 540 մլն ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է ևս 1.3 մլրդ ՀՀ դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար: Ներկայումս առկա է 4 աշխատատեղ, կստեղծվի ևս 42 նոր աշխատատեղ՝ 260,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.3 մլրդ ՀՀ դրամ, որից 300 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 500 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 400 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 276,953,600 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 26,446,932 ՀՀ դրամ:

Կառավարության որոշմամբ նույն արտոնությունից կօգտվի նաև «Ռոյալ գլաս գրուպ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է նոր պտղատու այգիներ հիմնելու համար (Կոտայքի մարզ)։ Արդեն իսկ իրականացվել է 700,000,000 ՀՀ դրամի ներդրում, կիրականացվի ևս 250,000,000 ՀՀ դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար: Ներկայումս առկա է 12 աշխատատեղ, արդյունքում կստեղծվի 20-30 նոր աշխատատեղ՝ 100,000-130,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 860 մլն ՀՀ դրամ, որից 180 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 680 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 30 մլն ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.8 մլն ՀՀ դրամ:

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ն: Ներմուծվող հումքն ընկերությունն օգտագործելու է հագուստի արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 350 մլն ՀՀ դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար: Ներկայումս առկա է 204 աշխատատեղ` 110,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, կստեղծվի 12 նոր աշխատատեղ՝ 130,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 753,180,000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 934,080,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 81,582,000 ՀՀ դրամ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներդրումները խթանելուն ուղղված արտոնությունների կիրառման արդյունքներին: «Վերջին շրջանում շատ է քննարկվում Հայաստանում ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը: Կառավարությունը ներդրումները կոնկրետ խրախուսելու առնչությամբ ունի այս գործիքները, երբ արտոնություն ենք տալիս ընկերություններին՝ ավելացված արժեքի հարկի վճարումը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու համար: Այսինքն՝ այս գործիքներով մենք նաև որոշակի ազդակներ ենք ստանում, թե ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ: Այս գործիքների կիրառման արդյունքում եկեք համեմատենք, թե ինչ ունենք անցած տարվա 5 ամիսների և ինչ ունենք այս տարվա 5 ամիսների կտրվածքով: Անցած տարի՝ այս գործիքակազմով կառավարությունը հաստատել է 11 ծրագիր՝ 35,3 մլն դոլար ներդրման պայմանով և 502 աշխատատեղով: Այս տարվա հունվար-մայիսին ունենք 25 ներդրումային ծրագիր՝ 254 մլն դոլարի ներդրման պայմանով և 2379 աշխատատեղով: Այսինքն՝ ներդրումների մասով այս տարի՝ առաջին 5 ամիսներին նախորդ տարվա 5 ամիսների նկատմամբ ունենք 7 անգամ աճ, աշխատատեղերի մասով՝ 4 անգամ աճ»:

 Վարչապետը նշել է, որ կառավարությունը վերլուծել է տրված արտոնությունների ուղղությամբ իրականացված աշխատանքները և պարզել, որ այդտեղ շոշափելի, էական ռիսկեր չկան. «Այսինքն՝ մարդիկ իրենց պարտավորությունները, ըստ էության, դեպքերի 90 և ավելի տոկոսով ճշգրիտ կատարում են, չկատարումները կապված են հետաձգումների հետ: Մենք ոչ մի դեպք չենք արձանագրել, որ ինչ-որ չարամտություն կա այս համատեքստում: Նկատի ունեմ, որ սրանք կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում այսօր տեղի ունեցող իրադարձություններ են: Եվ այս առումով շատ նշանակալի է «Ադամյան» հեռուստացույցների արտադրության հետ կապված պատմությունը: Երբ կառավարությունն արտոնություն էր տալիս, շատ մեծ աղմուկ էր բարձրանում, որ դա «ֆեյք» ներդրում է և իրականում ոչ մի բան չկա: Ւսկ այսօր ՀՀ քաղաքացիները կարող են Երևանի և հանրապետության խանութներից գնել հայկական արտադրության «Ադամյան» հեռուստացույցներ: Հիմա էլ կա այլ քննադատություն, որ այդ հեռուստացույցի բաղադրիչները բերում և այստեղ հավաքում են: Իհարկե, այդպես է: Երբ ասում ենք տեխնոլոգիայի զարգացում, դա միանգամյա գործողություն չէ, սկզբում պետք է տեղի ունենա այդ քայլը, հետո՝ հաջորդ քայլը»,-ասել է վարչապետը:

  

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 187 961,9 հազ. դրամ հատկացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Տավուշի մարզի Բերդավան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի, Ազատամուտ, Չինարի, Մովսես, Չորաթան, Սարիգյուղ, Ոսկեվան համայնքներում տեղակայված նախարարության քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերի գազաֆիկացման, ինչպես նաև Կոտայքի մարզի Գետարգել համայնքում տեղակայված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում 0.4 կվտ մալուխային ցանցի և էլեկտրական լուսավորության աշխատանքների կատարման, տարածքի բարեկարգման և ցանկապատի կառուցման, ինչպես նաև 10 դարպասով տեխնիկայի շվաքարանի կառուցման համար:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ ՊՆ հետ կնքված պայմանագրերի շրջանակներում «Արագած» ՍՊԸ-ի կողմից 2018 թ.-ին մատակարարված ապրանքի և Ա/Ձ Հայարփի Քալանթարյանի կողմից 2018 թ.-ին մատուցված ծառայության դիմաց առաջացած կրեդիտորական պարտքերը մարելու, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կարիքների համար որոշ գնումներ գաղտնիացնելու և ՀՀ պաշտպանության նախարարության գնումների գաղտնի անվանացանկում ներառելու և դրանց գնման գործընթացը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Անհրաժեշտություն է առաջացել հիշյալ պայմանագրերի շրջանակում նշված ընկերություններին վճարվելիք գումարները ձևակերպել ՀՀ ՊՆ ֆինանսական հաշվետվություններում և դրանց արդյունքում առաջացած, համապատասխանաբար, 2,199,982 և 1,600,000 կրեդիտորական պարտքերը մարել ՀՀ ՊՆ 2019 թ. միջոցներից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական և հատուկ կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ֆինանսավորման խնդիրները լուծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն, մասնավորապես, առաջարկվում է «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն» ծրագրով նախատեսված միջոցներից 116638.4 հազար դրամ գումարը և «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցներից 367469.1 հազար դրամ գումարը տրամադրել` «Տարրական ընդհանուր հանրակրթություն», «Հիմնական ընդհանուր հանրակրթություն», «Տարրական հատուկ հանրակրթություն», «Հիմնական հատուկ հանրակրթություն», «Միջնակարգ հատուկ հանրակրթություն» ծրագրերով նախատեսված հանրակրթական և հատուկ դպրոցների անխափան գործունեությունը իրականացնելու համար:

Գործադիրը հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Լիլիթ Արզումանյանի ընտրության արդյունքները:

 ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930