«Աբովյանում դեռեւս, ցավոք, ունենք կլաններին սպասարկող տեղային կառավարում»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը`մարզպետներին այսօր խորհրդարան հրավիրելը իշխող ուժի խմբակցության պատգամավորների հետ հանդիպման, դիտարկում է մարզպետների` խորհրդարանին հաշվետու լինելու շրջանակներում:
Իր եւ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գրիգորյանի հարաբերություններին վերաբերվող հարցին Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Առաջիկայում մարզխորհրդի նիստ ունենք, Աբովյանի քաղաքապետը կներկայանա նիստին, կմասնակցի այնպես, ինչպես մյուս 67 համայնքների ղեկավարները: Մեր հարաբերությունները ես դիտարկում եմ բացառապես ՏԻՄ եւ մյուս օրենքներով, իսկ քաղաքական գնահատականները, որոնք ես հնչեցրել եմ մինչեւ ընտրությունները եւ ընտրություններից հետո մնում են ուժի մեջ, քանի դեռ ձեր ընտրված քաղաքապետը չի ապացուցել հակառակը` էֆեկտիվ կառավարման, օրինականության պահպանման, ինչպես նաեւ կլանային շահեր չսպասարկելու առումով»:
Այսօրվա հանդիպման ժամանակ Ռոմանոս Պետրոսյանը նաեւ այդ հարցերին է անդրադարձել` իր գործընկերներին նաեւ ներկայացնելով, թե ընտրական գործընթացներում ինչ խնդիրների կարող են հանդիպել:
Կարդացեք նաև
«Կոտայքի բնակիչը պետք է վերափոխվի ՀՀ քաղաքացու: Երբ ՀՀ արժանապատիվ քաղաքացին կկայանա Կոտայքում, այդ ժամանակ այդ քաղաքացին տուրք չի տա կլանային կարծրատիպերին, տուրք չի տա մեկ ուժի կենտրոնից, ներողություն ձեւակերպման համար, սնվելու, որոշակի նեղ անձնային շահերով պայմանավորված ընտրությունների գնալու»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Aravot.am-ի հարցին` իր եւ Սասուն Միքայելյանի հարաբերություններն ի՞նչ մակարդակի են հասել, հրապարակում կա, որ Սասուն Միքայելյանը սպառնացել է «շպրտել մանդատը», Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ տեղյակ չեմ նման միջադեպից: Առհասարակ, նման մթնոլորտ էլ չեմ տեսնում»: Դիտարկմանը, որ Սասուն Միքայելյանը չի հերքել իրենց հարաբերություններում տարաձայնությունները, մարզպետն արձագանքեց. «Ինքս էլ չէի հերքի, որ քաղաքական ուժի ներսում, վարչության ներսում քաղաքական տարաձայնություններ կարող են լինել: Որովհետեւ ինքը շատ առողջ է, քանի որ մեկ կենտրոնից կամ սուպերլիդերի կողմից կառավարվող ուժ չենք մենք եւ շատ առողջ է, երբ քաղաքական տարաձայնություններ են լինում: Աբովյանի ընտրությունների ավարտին ես ասել էի, որ պարոն Միքայելյանը մեզ չի օգնել Աբովյանում»:
«Աբովյանում, դեռեւս, ցավոք, ունենք կլաններին սպասարկող տեղային կառավարում»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է Հրազդանի քաղաքապետին` Սասուն Միքայելյանի որդի Սեւակ Միքայելյանի հետ հարաբերություններին եւ այն խոսակցություններին, որ հաճախ որոշումները կայացնում է Սասուն Միքայելյանը, ոչ թե իր քաղաքապետ որդին, մարզպետն ասաց, որ ունեն աշխատանքային լավ հարաբերություններ. 7 սուբվենցիոն ծրագրերի հայտ է ներկայացվել կառավարություն, որոնցից երկուսն արդեն հաստատվել են: Նա վստահեցնում է, որ Հրազդանը բավական փոխվել է: Իսկ ինչ վերաբերվում է Սեւակ Միքայելյանին ընտրությունների ժամանակ չպաշտպանելուն, մարզպետն ասաց, որ այդտեղ անձերի խնդիր չկա, ինքը կատարել է կուսակցության վարչության որոշումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ