Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան. «Բանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատելու, մեր ինքնավստահությունը բավականին մեծ է»

Հունիս 27,2019 15:55

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Մալթայի արտաքին գործերի եւ առեւտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ մամուլի ասուլիսին, պատասխանելով լրագրողի հարցին՝ անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ հունիսի 24-ին, Բաքվում մամուլի ասուլիսին:

Այդ ասուլիսում Մամեդյարովն անդրադառնում է Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը, նշելով՝ համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ:

«Ես իմ կողմից կասեմ, որ մենք իրապես քննարկել ենք հարցերի բավական լայն շրջանակ, որոնք կառուցվում են այն ամբողջ երկխոսության վրա, որը տեղի է ունեցել մինչեւ վաշինգթոնյան հանդիպումը: Առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում պայմաններում, երբ մենք ունեինք լարվածության որոշ աճ՝ մինչեւ հանդիպումը, եւ բնականաբար, դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ: Եվ բնականաբար, մենք քննարկումներում բավական մեծ տեղ հատկացրեցինք այդ իրողությանը եւ քննարկեցինք այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մենք լարվածությունը նվազեցնենք, որպեսզի մենք խուսափենք որեւէ լրացուցիչ զարգացումներից, որոնք է՛լ ավելի կսրեն վիճակը»,-ասաց Զոհրաբ Մնացականյանն՝ ի պատասխան լրագրողի հարցին:

Ապա շարունակելով՝ ասաց. «Մեզ անհրաժեշտ է անդրադառնալ իրավիճակի, որը մինչեւ լարումն էր, եւ դա շատ մեծ նշանակություն ունի: Մենք այստեղ ունենք մի քանի նախաձեռնություններ, որոնք համանախագահները եւս առաջ են բերել: Ես կարծում եմ՝ այդ առումով մենք կկարողանանք հասնել իրավիճակի, որ մինչեւ հաջորդ հանդիպումը մենք կկարողանանք գրանցել, որ մենք կարողանում ենք պահպանել միջավայր, որը նպաստում է խաղաղ գործընթացին: Խաղաղությանը նպաստող միջավայրը մեզ համար չափազանց կարեւոր, գերակա խնդիրներից մեկն է: Այդ միջավայրն իր մեջ պարունակում է երկու կարեւոր բաղադրիչ, որից մեկը վերաբերում է մարդկային շփումներին, հռետորաբանության նվազեցմանը եւ այնպիսի մի միջավայրին, որտեղ այդ ատելության մթնոլորտը զարգացում չի ստանա, այլ՝ հակառակը»:

Նախարարն ասաց, որ մյուս բաղադրիչն այն է, որ պետք է շարունակեն աշխատել էսկալացիայի ռիսկերի նվազեցման ուղղությամբ. «Սա նույնպես մի բաղադրիչ է, որն իր մեջ պարունակում է տարբեր գործառույթներ. մենք ունեին իրավիճակ, որը պահպանվում էր Դուշանբեի պայմանավորվածությունների հիման վրա եւ սա մնում է գերակա խնդիր մեզ համար: Դուշանբեն նաեւ պետք է դառնա Դուշանբե-պլուս, որովհետեւ իրադրությունը եւ լարվածությունն ի ցույց բերեցին, որ կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ: Եվ այդ առումով, երբ մենք ունենք զոհեր, երբ մենք ունենք զինադադարի խախտումներ, բնականաբար ընդգծվում է կարեւորությունն այնպիսի գործառույթների, ինչպիսին են, օրինակ՝ զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմը եւ այդ մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը: Սանկտ-Պետերբուրգն ու Վիեննան եղել են դրա մասին: Մեզ համար շատ էական են առաջին հերթին հենց այդ բովանդակային գործիքները, որոնց գաղափարը, եւ որոնց շուրջ անհրաժեշտ է աշխատել, եւ որոնք ուղղված են մեկ կարեւոր նպատակի՝ պահպանել միջավայրը, որը նպաստում է խաղաղ գործընթացին: Սա չափազանց էական է մեզ համար այն առումով, որ մենք չենք հավատում, եւ չենք ընդունում, որ հնարավոր է էֆեկտիվ, գործնական առաջընթաց խաղաղ գործընթացում, երբ իրավիճակը տեղում լարվում է, մենք չենք հավատում, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել: Այդ մոտեցումը ապագա չի ունենա: Մենք բազմիցս ասել ենք, եւ կրկնեմ՝ բանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատելու, չի լինելու իրավիճակ, երբ մենք բանակցենք սպառնալիքի վտանգի ներքո, մեր ինքնավստահությունը բավականին մեծ է: Եվ այդ առումով սպառնալիքը ընդունողը չենք, սպառնալիքի լեզուն չի անցնելու: Միեւնույն ժամանակ մենք ցանկանում ենք ուժեղացնել այն տարրերը, որոնք նպաստում են արդյունավետ բանակցային գործընթացին»:

Մնացականյանի խոսքով՝ հաջորդ հարցը վերաբերում էր նրան, որ գոյություն մի այլ հարց, որը նույնպես ուղղված է բանակցային արդյունավետությանը՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցն է. «Սա մեզ համար առաջին հերթին արդյունավետությամբ ուժեղացնում է գործընթացը, որովհետեւ Լեռային Ղարաբաղը պետք է ունենա եւ ուժեղացնի սեփականության զգացումը բանակցային գործընթացում, սա օրակարգային հարց է, եւ մենք նույնպես քննարկել ենք այս հարցը»:

Նախարարն ասաց, որ ունեն հարցեր, որոնք վերաբերում են խաղաղ գործընթացի մանրամասներին. «Եվ այդ առումով, այո, գոյություն ունեն տարբեր մոտեցումներ: Եվ այդ խորհրդակցությունները, որոնք մենք անցկացնում էինք Վաշինգտոնում, դրանք նույնպես իր մեջ պարունակում էին տարրեր, որտեղ… չնայած, կրկնեմ առաջին հերթին ուշադրությունն այն գերակայության վրա է, որպեսզի անդրադառնան այն միջավայրին, որը նպաստում է խաղաղ գործընթացին: Ինչ վերաբերում է խաղաղ գործընթացի ավելի բովանդակային հարցերին, այստեղ մեզ համար առաջնային խնդիրը վերաբերում է ստատուսին եւ Լեռնային Ղարաբաղի կողմից ինքնորոշման իրավունքի անվերապահ եւ անսահման իրագործման գերակայությանը: Եվ այդ առումով փոխանակել ենք, գնահատել ենք տարբեր պարամետրեր եւ նշել ենք, որ մեզ անհրաժեշտ է պատրաստվել այդ գործընթացին: Ես անձամբ բավարարված եմ, որ ունեցել ենք այս տարվա ընթացքում բավական ակտիվ ներգրավվածություն եւ հանդիպումների դինամիկան եղել է բարձր: Մտադիր ենք դա շարունակել եւ նաեւ քննարկել ենք, թե ինչպես ենք շարունակում այս գործընթացը եւ ինչ ենք անում հաջորդ քայլերի համար»:

Մնացականյանն ասաց, որ ունեն նախանշած որոշ ծրագրեր, եւ երբ կլինի նոր հանդիպման մասին համաձայնություն, կհայտնեն այդ մասին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930