Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության հեղափոխական որոշումը առողջապահության ոլորտում

Հունիս 27,2019 15:22

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց առողջապահական մի քանի նախագծեր, որոնք, ըստ նիստում հարցերը ներկայացնող առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի, ուղղված են կյանքեր փրկելուն:

Այսպես՝ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց բուժման ծրագրին նախատեսվում է լրացուցիչ հատկացնել 5․1 միլիարդ դրամ, որը հատկապես կուղղվի հիվանդանոցային ծառայությունների եւ սպասարկման գների համահարթեցմանը, ինչի արդյունքում կբարձրանա մատուցվող հիվանդանոցային ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաեւ՝ կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերը։

Նախագծերից մեկով ընդլայնվում է սրտի վիրահատական ծառայությունների եւ թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական իրավունք ստացող շահառուների խումբը:

Փոխնախարարը թվարկեց այն անձանց շրջանակը, որոնք կօգտվեն՝ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամները, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքները, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները։

Գումար կհատկացվեն նաեւ մարդու օրգանների՝ երիկամի 12 եւ ոսկրածուծի 11 դեպքերի պատվաստման փոխհատուցմանը։

Մեկ այլ նախագծով էլ երեխաների բժշկական օգնություն ծրագրով նախատեսվում է 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում։ Այս ծրագիր իրագործման համար էլ կհատկացվի 1.75 միլիարդ դրամ։ Նշենք՝ ներկայումս այդ ծրագրից օգտվում էին  0-7 տարեկան, հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ եւ այլ հատուկ խմբերի երեխաները։

Փոխնախարարի տեղեկացմամբ, փոփոխության արդյունքում այս ծրագրից կօգտվի 200 հազար շահառու ավելի:

1, 2 միլիարդ դրամ էլ կուղղվի անհետաձգելի բժշկական օգնության ծրագրին՝ սրտի անհետաձգելի վիրահատությունների եւ գլխուղեղի սուր կաթվածների բուժման ծառայություններին: Ինչպես Անահիտ Ավանեսյանն ասաց, գումարները կուղղվեն  դեֆիցիտը փակելու համար։

Շտապ բժշկական ծառայության համար էլ նախատեսվում է ավելացնել բրիգադների թիվը, ինչի համար կհատկացվի  500 միլիոն դրամ:

Բոլոր այս ծրագրերն իրագործելու համար մինչեւ տարեվերջ ընդհանուր առմամբ նախատեսվում է ծախսել շուրջ 12 մլրդ դրամ:

Հարցերը զեկուցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը այսպիսի որոշումները նկատի ունի ասելով, որ  տնտեսական  հեղափոխության հիմնական գործող անձը պետք է լինի ՀՀ քաղաքացին. «Եվ մենք հիմա այս շատ լուրջ որոշումներով որդեգրում ենք հետեւյալ ուղղությունը, մենք մեր կողմից ամեն ինչ պետք է անենք, որ քաղաքացին լինի առողջ։ Իհարկե, առաջին հերթին սոցիալապես անապահով քաղաքացին լինի առողջ, որպեսզի ինքը աշխատելու, իր հուսահատ սոցիալական վիճակը հաղթահարելու հնարավորություն ունենա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930