Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեորգի Ավետիսյանը թթվասերի շուկայում աղմուկի համար ԶԼՄ-ներին է մեղադրում. «Դիմեք մեզ, կօգնենք ճիշտ նմուշառում անել»

Հունիս 27,2019 14:43

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկման թիրախում այսօր կաթնամթերքի շուկան էր: Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ քննարկման առիթը վերջերս ԶԼՄ-ներից մեկի նախաձեռնած փորձաքննությունն է եղել, որի արդյունքում անկախ լաբորատորիաներից մեկը փորձաքննության հանձնված թթվասերի նմուշի մեջ հայտնաբերել է բուսական յուղ, իսկ մյուսը՝ ոչ: «Քննարկման առարկա էր դարձել ոչ թե այն, որ լաբորատորիաները տարբեր փորձաքննություն են իրականացրել, այլ այն, որ տվյալ ԶԼՄ-ն նախաձեռնել է այդ փորձաքննությունը: Լաբորատորիաների խնդիրը տնտեսության հետ առնչվում է այնքանով, որ վստահության հարց կա: Նման փորձաքննության արդյունքները կարող են շուկան աղավաղել: Այն ընկերության, որի արտադրանքում բուսայուղ էր հայտնաբերվել, պահանջարկը կտրուկ ընկնում է: Այսքան ժամանակ կատարված փորձաքննությունները որքանո՞վ են արժանահավատ: Ամբողջ գործընթացը կասկածի տակ է հայտնվում, լաբորատորիաների հանդեպ վստահություն չկա»:

Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նախ շեշտեց, որ ՀՀ-ում չկա փորձաքննության վերջնական եզրակացություն տվող լաբորատորիա. «Այդ երկու լաբորատորիաներին էլ գրանցված են: Խնդիրը ոչ թե լաբորատորիաների, այլ նմուշառման մեջ է: Ասել ենք ու ասում ենք՝ կամայական լրագրողներ եւ հ/կ-ներ, երբ գնում եք նման բան անելու, մեր հետ գործակցեք, միշտ սիրով տեսուչներ ենք տրամադրում եւ գործիքներ՝ ճիշտ նմուշառում կատարելու եւ դրանք ճիշտ ձեւով լաբորատորիաներ տեղափոխելու համար»:

Ավետիսյանը շեշտեց, որ լրագրողները տեսչական մարմնի համար «գործ տվողներ եւ թշնամիներ» չեն, եւ իրենք պատրաստ են յուրաքանչյուր ԶԼՄ-ի հետ կատարել այնպիսի աշխատանք, որը կնպաստի անվտանգ սննդամթերքի սպառմանը:

Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի բուսական յուղի առկայությունը նմուշառման հետ. բուսական յուղը կամ կա, կամ՝ ոչ:

Գեորգի Ավետիսյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, թե արդյոք տվյալ լրագրողը նո՞ւյն նմուշն է տարել: Կասկածելի է, երբ տասը տոկոսանոց թթվասերի մեջ բուսայուղը հայտնաբերվում է, իսկ 18%-անոցում, որն ամենաշատն է սպառվում, չի հայտնաբերվում»:

Փորձաքննությունը կատարած ԶԼՄ-ի գլխավոր խմբագիր Դավիթ Մուրադյանը համաձայնեց, որ տեսչական մարմնի հետ գործակցելը կարեւոր է. «Փորձանմուշները նույնն են եղել, ես տեսանկարահանել եմ, եթե որեւէ մեկը կասկածում է, կարող է դիտել այն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930