Լրահոս
Օրվա լրահոսը

80.000 դրամի պետտուրք. մետաղական ջարդոն արտահանողները կհարկվեն առանց բացառության

Հունիս 27,2019 13:56

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր պատգամավորները քննարկեցին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով պետտուրք է սահմանվում ՀՀ-ից մետաղական ջարդոն արտահանելու համար՝ առանց բացառությունների:

Թե ինչ բացառության մասին է խոսքը, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրեց օրինագծի նախապատմությունը. «ՀՀ-ում դեռ 2012թ.-ից մետաղի ջարդոնի արտահանման համար տեղական արտադրողների հանդեպ սահմանվել էր 80.000 դրամի պետական տուրք, բայց եթե մետաղի ջարդոն արտահանողները կարողանում են համապատասխան հավաստագիր ձեռք բերել եւ մետաղի ջարդոնը ներկայացնել որպես տեղական, ջարդոնն առանց սահմանափակման եւ առանց պետական տուրքի՝ կարողանում են արտահանել: Նախորդ տարվա վերջից ՀՀ-ից մեծ քանակության՝ մոտ յոթ հազար տոննա մետաղի ջարդոն է արտահանվել, որովհետեւ այդ գործով զբաղվող կազմակերպությունները կայացել են»:

Բաբկեն Թունյանի բնորոշմամբ՝ հիմա կառավարությունը մտադիր է բացը փակել, այսինքն՝ մետաղի ջարդոնի արտահանումը հարկել պետական տուրքով՝ անկախ հայկական ծագման հավաստագրի առկայությունից. «Այս առնչությամբ վերջերս բողոքի ցույցեր կազմակերպեցին մի շարք փոքր կազմակերպություններ, որոնք զբաղվում են մետաղական ջարդոնի արտահանմամբ: Օրերս մենք հանդիպել ենք նրանց հետ, նաեւ՝ մեծ ընկերությունների հետ: Նրանք ասում են, որ թեթեւ մետաղական աղբ են արտահանում՝ մեքենաների թափքեր, մետաղյա տարաներ, եւ նրանց պետք է հնարավորություն տրվի առանց պետտուրքի արտահանել, որովհետեւ նաեւ բնապահպանական խնդիր են լուծում»:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց՝ եթե ոչինչ չփոխեինք, այս տարի մետաղական ջարդոնի արտադրանքի ծավալը կգերազանցի 50 հազար տոննան. «Եթե այսպես շարունակվի, ՀՀ-ում մոտ 700 հազար տոննայի հասնող մետաղական ջարդոնի պաշարը կարող է ծառայել միայն մոտ 10-15 տարի՝ վտանգելով այն սպառող կազմակերպությունների գործունեությունը»:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քննարկվի եւ քվեարկվի ԱԺ լիագումար նիստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930