Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական աճին նպաստող հիմնական ոլորտը շարունակում են մնալ ծառայությունները, որտեղ էական դերակատարում ունեն շահումով խաղերն ու զվարճանքները. «168 ժամ»

Հունիս 27,2019 13:25

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիս ամսվա տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Թեև արտաքուստ տնտեսական գործընթացները Հայաստանում աչքի չեն ընկնում ակտիվությամբ, այնուհանդերձ Վիճակագրական կոմիտեն շարունակում է բարձր աճեր գրանցել՝ երբեմն-երբեմն կտրուկ վերանայելով նաև նախկինում հրապարակված ցուցանիշները։ Այս պայմաններում բնավ զարմանալի չէ, որ տնտեսությունն աճում է, իսկ հասարակության հիմնական մասն առաջվա նման անմասն է մնում դրանից։

Թե ո՞րն է պատճառը, հավանաբար դժվար չէ կռահել։ Տնտեսական աճին նպաստող հիմնական ոլորտը շարունակում են մնալ ծառայությունները, որտեղ էական դերակատարում ունեն շահումով խաղերն ու զվարճանքները։ Դրա ազդեցությունը տնտեսական արդյունքի, ինչպես նաև հասարակության եկամուտների ձևավորման վրա չափազանց փոքր է։ Պատահական չէ, որ տնտեսությունը վիճակագրական ցուցանիշներով առաջ է գնում, իսկ իրական կյանքում տեղաշարժ գրեթե չի զգացվում։|

Առայժմ չեն իրականանում շինարարության ոլորտի հետ կապված սպասելիքները։ Ընդամենը մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանին «սպառնացող» շինարարական բումի մասին։ Բայց դա ոչ մի կերպ չի երևում վիճակագրական ցուցանիշներում։ Վարչապետի հայտարարությունից շատ չանցած շինարարության աճը կտրուկ կրճատվեց. մարտին այն կազմեց ընդամենը՝ 0,5, ապրիլին՝ 1,8 տոկոս։ Հրապարակված օպերատիվ տվյալներով մայիսը ևս հաջող չի եղել շինարարության համար՝ նախորդ տարվա համեմատ գրանցվել է ընդամենը 2 տոկոս աճ։

Վերջին երեք ամիսների այս դրսևորումներից հետո շինարարության աճի տեմպն էապես փոքրացել է։ Հունվար-փետրվարին այն անցնում էր 20 տոկոսից, այնինչ 5 ամիսների տվյալներով՝ կազմել է հազիվ 6,1 տոկոս։ Անշուշտ, ցածր չէ, բայց նաև շատ հեռու է բեկումնային լինելուց։

Մտահոգիչ է հատկապես վերջին երեք ամիսների իրավիճակը։ Դրանում մեղավոր է, առաջին հերթին՝ կառավարությունը, որը չի կարողանում ժամանակին իրականացնել նախատեսված, այդ թվում՝ վարկային ծրագրերը։ Ինչ-ինչ պատճառով դրանք ամիսներով ձգձգվում են։ Ու լավ կլիներ, որպեսզի շինարարության բումի մասին խոսելուց առաջ Նիկոլ Փաշինյանը նախ մտածեր ոլորտում ի հայտ եկած խնդիրներ լուծելու մասին։

Իսկ այն, ինչ կառավարությունը փորձում է անել շինարարության ոլորտում հիպոթեքային վարկավորման ծավալների ընդլայնման ճանապարհով, այնքան էլ ողջունելի չէ։ Դա հետագայում կարող է լուրջ փաստի առաջ կանգնեցնել՝ ինչպես բանկային համակարգը, այնպես էլ՝ շահառուներին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930