Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խորհրդարան են հրավիրել մարզպետներին: Խմբակցության անդամների հետ փակ հանդիպում է տեղի ունենում: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարզպետների հրաժարականի հարց հանդիպման ընթացքում չի քննարկվել: Ըստ մարզպետի`տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ է խոսակցությունն ընթացել:
Լրագրողների խնդրանքով մանրամասներ ներկայացնելով, մարզպետն ասաց, որ օրինակ իր ղեկավարած մարզում, կան համայնքապետեր` հին արժեհամակարգով առաջնորդվող, որոնք խոչընդոտում են զարգացումներին`սխալ տեղեկատվություն տրամադրելով. մասնավորաբար, ներդրումներին: Երեք այդպիսի դեպք կա, քրեական գործերը հարուցված են: Տվյալ համայնքապետերը, որոնց անունները մարզպետը չբարձրաձայնեց, համայնքապատկան հողերը իբրեւ արոտավայր են տրամադրել տեղի բնակիչներն եւ դրա դիմաց յուրաքանչյուր բնակիչ տարեկան 100 դոլար է վճարում համայնքապետին:
Հարցին`այդ համայնքապետերից «ազատվելու» հարց քննարկվե՞լ է պատգամավորների հետ, մարզպետն ասաց, որ չի քննարկվել եւ նման հարց չի էլ կարող դրվել, քանզի համայնքապետերն ընտրովի մարմիններ են, նրանց հրաժարականը կարող են պահանջել միայն տվյալ համայնքի բնակիչները, ովքեր որ ընտրել են նրանց: Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր է որ առաջիկայում ականատես լինենք տարբեր համայնքներում բողոքի ցույցերի`ընդդեմ համայնքապետերի, մարզպետը չբացառեց:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ