«Տրանսպորտի վերաբերյալ քաղաքապետարանում այս ընթացքում ընդամենը մեկ քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում խոսվել է նախկին քաղաքային իշխանության ձեռքբերած պայմանավորվածության փաթեթի մասին: Վստահ եմ, որ վստահություն չի եղել այդ նախագծի վերաբերյալ: Հիմա չգիտենք՝ այն կատարվելո՞ւ է, թե՞ ոչ: Մամուլից իմացանք, որ քաղաքապետարանը դիմել է կառավարությանը՝ աջակցություն ստանալու համար: Որտեղի՞ց պետք է այդ գումարը հայթայթվի»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Նրա խոսքով՝ տրանսպորտի ցանցի բարելավման հարյուրավոր միլիոն դոլարների մասին է խոսքը, բայց «Իմ քայլը» դեռ ասում է, թե հաշվում են ծախսերը. «Միայն ասացին, որ հարյուր միլիոնի մասին է խոսքը, բայց սա գործադիրի համար վարկեր ու պարտքեր է ենթադրում»:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ նշեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ժողովրդին խոստացել էր, որ առավելագույնը երկու ամսում կլուծի աղբի հարցը. «Ինը ամիս է անցել, դրական տեղաշարժ չկա, ավելին՝ հետքայլ կա: Եթե այսպես շարունակվեց, աղբահանության վիճակն ավելի վատ է լինելու, եւ առողջապահության տեսանկյունից իրավիճակը վտանգավոր է դառնալու»:
Թեհմինա Վարդանյանը նշեց. «Հայկ Մարությանն իր լիազորությունները ստանձնելու օրն ասաց, որ տրանսպորտի հարցը երկու տարում կկարգավորվի, բայց ինը ամիս անց սպասում ենք «երկու տարվա» մեկնարկին: Իշխող ուժը բոլոր հարցազրույցներում երկու տարին արդեն դարձրել է երկուսից-երեք տարի»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները տեսանյութում՝
https://www.facebook.com/aravot.am/videos/392251738313676/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ