Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակին համընթաց. ի՞նչ փուլում է «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագիրը

Հունիս 27,2019 12:05

Նախորդ հրապարակումներում ներկայացրել ենք Վայոց ձորի մարզի մի շարք դպրոցների տնօրենների, ուսուցիչների տեսակետները «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագրի վերաբերյալ, սակայն ծրագրի արդյունավետ իրականացման գործում չափազանց կարեւոր դեր է վերապահված եւս մի օղակի:

Առանց դպրոց-ընտանիք սերտ համագործակցության գրեթե անհնար է ցանկալի արդյունք ապահովել, ուստի նույնքան կարեւոր է նաեւ սովորողների ծնողների տեսակետն ու ծրագրին աջակցելու պատրաստակամությունը:

Թե՛ տնօրենների, թե՛ ուսուցիչների հետ զրույցների ընթացքում պարբերաբար անդրադարձ ենք կատարել նաեւ սովորողների ծնողների տեսակետներին:

Եղեգիսի միջն. դպրոցի տնօրեն Նելլի Հարությունյանը, խոսելով ծրագրի նկատմամբ ծնողների տրամադրվածության մասին, նշել էր, որ նրանց համոզմամբ՝ ամենամտահոգիչ խնդիրը գրասալիկների ծանրությունն է:

Գոմքի միջն. դպրոցի տնօրեն Նվարդ Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում պատմել էր, որ ծրագրի փորձնական փուլի իրականացման սկզբնական ժամանակահատվածում ծնողների մտահոգությունները համեմատաբար ավելի շատ են եղել, քան ներկա փուլում. «Մտավախություն կար, որ երեխաները դեպի դպրոց եւ հետդարձի ճանապարհներին կարող են վնասել գրասալիկները: Մենք ունենք ծնողներ, որոնք գրասալիկները թողնում են դպրոցում, իսկ շաբաթվա վերջում տանում են տուն: Մենք կարողացել ենք ծնողների հետ համաձայնության գալ»:

Մարզի 3 քաղաքային համայնքների՝ Վայքի, Եղեգնաձորի եւ Ջերմուկի դպրոցներում մենք հանդիպեցինք սովորողների ծնողներին եւ անձամբ փորձեցինք հստակեցնել նրանց վերաբերմունքը ծրագրի մասին:
Նեկայացնում ենք մեջբերումներ ծնողների խոսքից.

 

Վայքի հիմնական դպրոց

«Պլանշետը չափազանց ծանր է, երեխան ինքնուրույն չի կարող այն տեղափոխել: Ես էլ այդքան ժամանակ չունեմ, որ կարողանամ դա անել երեխայի փոխարեն: Դրանից բացի՝ երեխան կարող է անզգուշությամբ ջարդել, վնասել այն: Այդ դեպքում ծնողը պիտի վարկ վերցնի, որ կարողանա փոխհատուցել նորոգման ծախսերը»:

«Ծրագիրն, իհարկե, դրական կողմեր ունի: Կարծում եմ՝ երեխաների համար օգտակար ու հետաքրքիր նյութեր կան, սակայն շատ լավ կլինի, եթե ծնողը կարողանա ժամանակ գտնել ու տանը աշխատել երեխայի հետ: Սա դարի ծրագիրն է: Ես դեմ չեմ դրան, պարզապես գրասալիկը բավականին ծանր է, դա է ինձ անհանգստացնում»:

 

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց

«Պլանշետը ծանր է: Մենք բավականին հեռվից ենք գալիս: Ի դեպ, դասարանում շատ երեխաներ կան, որոնք հեռու են բնակվում դպրոցից: Բոլոր գործերը թողնում ենք, որ երեխայի հետ գանք, գրասալիկը բերենք, հետո տանենք տուն: Մի քիչ դժվար է մեզ համար: Ուսուցիչն էլ ստիպված դասամիջոցին մնում է դասարանում, որ երեխաները հանկարծ միմյանց չհրեն, վայր չգցեն գրասալիկները»:

 

Ջերմուկի կրթահամալիր

«Անկեղծ լինեմ՝ ես բացասական եմ տրամադրված առհասարակ դպրոցում համակարգչի գոյության դեմ, որովհետեւ տանը երեխաներն անխուսափելիորեն օգտվում են հեռախոսից, համակարգչից, հեռուստացույցից: Իսկ դպրոցն այն տեղն է, որտեղ երեխան գոնե մի քիչ պետք է կտրվի դրանցից եւ կապվի գրքի հետ: Նաեւ ընդունում եմ, որ ապրում ենք 21-րդ դարում եւ առանց դրա հնարավոր չէ, բայց պետք է աշխատենք նվազագույնի հասցնել համակարգչի հետ շփումը»:

Մեջբերենք հատվածներ նաեւ 2018 թ.-ին մոնիթորինգ իրականացրած մենթոր-ուսուցիչների ներկայացրած հաշվետվություններից.

«Ծնողները բողոքում են, որ գրասալիկները ծանր են, դրանք դպրոց եւ տուն տեղափոխելու հետ կապված խնդիր կա»:

«Ծնողներին մտահոգում են գրասալիկների քաշը եւ երեխաների տեսողության վրա ունեցած վատ ազդեցությունը»:

Այսպիսով՝ ամփոփելով Վայոց ձորի մարզի 3 քաղաքային համայնքների դպրոցների ծնողների հետ մեր զրույցները, ինչպես նաեւ մոնիթորինգ իրականացրած մենթոր-ուսուցիչների հաշվետվությունները՝ կարելի է առանձնացնել մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ, որոնք ըստ ծնողների խոչընդոտում են ծրագրի իրականացմանը.

v Գրասալիկների քաշը:

v Մտավախությունը, որ երեխան գրասալիկը կվնասի, եւ ծնողը ստիպված կլինի փոխհատուցել վերանորոգման ծախսերը:

v Առողջությանը (հիմնականում՝ տեսողությանը, առանձին դեպքերում՝ ողնաշարին) սպառնացող հնարավոր վտանգը:

v Որոշ ծնողներ մատնացույց են անում նաեւ տեխնիկական խնդիրները:

Կան ծնողներ, որոնք ծրագրի վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական են տրամադրված: Միեւնույն ժամանակ ներկայացնում են իրենց մտահոգությունները:

Սակայն նկատեցինք, որ ծնողների մի խումբ էլ կատեգորիկ դեմ է ծրագրին՝ պնդելով, որ երեխան դպրոցում պետք է սովորի բացառապես գրքով: Հիմնավորումներն այս դեպքում տարբեր են՝ երեխան տարվում է գրասալիկով, կտրվում է գրքից, վնասում է տեսողությունը, ողնաշարը եւ այլն:

Ի դեպ, մեր համոզմամբ՝ շատ դեպքերում ծնողների վերաբերմունքը պայմանավորված է ուսուցչի դիրքորոշմամբ: Մեր դիտարկումների ընթացքում արձանագրել ենք դեպքեր, երբ դասարանի գրեթե բոլոր ծնողները միաբերան կրկնում են ուսուցչի դիրքորոշումը: Ընդ որում՝ խոսքը թե՛ դրական, թե՛ բացասական տրամադրվածության մասին է:

Որոշ ծնողներ որպես խնդրի լուծում՝ առաջարկում են գրասալիկները պահել դպրոցում, որպեսզի երեխան ամեն օր այն չտեղափոխի: Սակայն ըստ ծրագրի՝ նախատեսված է գրասալիկները կիրառել նաեւ տանը՝ տնային հանձնարարությունները կատարելիս:

Մեր դիտարկմամբ՝ թեեւ իսկապես կան որոշ խնդիրներ, ուստի նաեւ հիմնավորված մտահոգություններ, սակայն ծնողների մեծ մասը լիարժեքորեն իրազեկված չէ ծրագրի մասին, ուստի չի գիտակցում, հետեւաբար նաեւ չի գնահատում դրա կարեւորությունը: Մեր համոզմամբ՝ տեխնիկական խնդիրների լուծմանը զուգահեռ չափազանց կարեւոր է նաեւ ծնողների հետ տարվող հավելյալ աշխատանքը, ինչը կնպաստի նրանց իրազեկմանը ծրագրի դերի մասին:

Մեր այցելությունների ընթացքում ստացած տպավորությունների, ինչպես նաեւ Հիմնադրամի տարեկան հաշվետվությունների, մասնավորապես 2018 թ.-ի մոնիթորինգի արդյունքների ամփոփման եւ վերլուծության, մոնիթորինգ իրականացրած մենթոր-ուսուցիչների հաշվետվությունների ուսումնասիրության հիման վրա կարող ենք պնդել, որ աշակերտները, ի տարբերություն ծնողների, միակարծիք են. նրանք բացառապես դրական են տրամադրված ծրագրի նկատմամբ:

Սովորողները գտնում են, որ գրասալիկների կիրառմամբ՝ դասապրոցեսն առավել հետաքրքիր ու տպավորիչ է դարձել եւ ցանկություն են հայտնում, որպեսզի դրանք առավել հաճախ կիրառվեն:

Շարունակելի

ՀԱՍՄԻԿ ԳՅՈԶԱԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

27.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930