Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժելով կռապաշտությունն ու նիհիլիզմը

Հունիս 27,2019 10:00

Վերջերս Հանրային խորհրդի նախագահ եւ Երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Վազգեն Մանուկյանը, վիճելի կարծիք է արտահայտել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի եւ հատկապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին: ՍԴ-ն այն մարմինը չէ, որի նախորդ գործունեությունն արժանի չէ քննադատության: Տարիների ընթացքում այդ կառույցն ընդունել է բազմաթիվ, իմ կարծիքով, սխալ որոշումներ, այդ թվում՝ 1996 թվականին՝ նույն Վազգեն Մանուկյանի դիմումի քննության արդյունքում: Այդ ոչ այնքան պետական ավանդույթների ժառանգորդն է նաեւ Հրայր Թովմասյանը:

Կարծում եմ նաեւ, որ Վազգեն Մանուկյանը նույնպես իր երկարամյա քաղաքական գործունեության ընթացքում թույլ է տվել բազմաթիվ կոպիտ սխալներ: Բայց ինձ մտահոգում է այն «դյուրությունը», որով ներկայիս իշխանության երկրպագուներն իրենց թույլ են տալիս վիրավորել, պիտակավորել եւ անգամ հայհոյել այդ գործչին: Եթե նա արտահայտում է մտքեր, որոնք հակասում են այսօրվա պաշտոնական եւ «ժողովրդական» թրենդին, ապա դա ամենեւին չի նշանակում, որ անհայտ եւ հայտնի մարդիկ, ֆեյքեր եւ իրական օգտատերեր իրավունք ունեն հարձակվելու Վազգեն Մանուկյանի վրա՝ այդ ոհմակային հոգեբանությունը փակուղի է տանում մեր հասարակական միտքը եւ, ի վերջո, նաեւ պետությունը: Չեմ կարծում, որ ֆեյսբուքում հայհոյանքներ գրողները նույն ծառայություններն ունեն պետության առջեւ, որոնք ունի Վազգեն Մանուկյանը:

Նույնը կարելի է ասել նաեւ Սեյրան Օհանյանի մասին: Գեներալի զուտ քաղաքական գործունեությունը նույնպես, իմ տեսանկյունից, խիստ վիճարկելի է: Նա, մասնավորապես, մասնակցել է «ի բնե» տապալված «ՕՐՕ» քաղաքական նախագծին, ինչը ցավալի էր ոչ միայն նրա, այլեւ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի համար: Հիմա նրա դեմ առաջ է քաշված ծանր մեղադրանք՝ որքանո՞վ է այն ճիշտ, թող դատարանը որոշի: Բայց երբ ներկա գումարման երիտասարդ պատգամավորը Սեյրան Օհանյանի մասին արհամարհանքով է խոսում, դա եւս նորմալ երեւույթ չի ընկալվում: Օհանյանը 30 տարուց ավելի որպես զինվոր ծառայում էր Հայաստանին եւ Արցախին, ու ի տարբերություն մի շարք այլ հայտնի հերոսների, դա անում էր զուսպ եւ համեստ, ինչպես եւ հարիր է սպային: Այս անձնավորության մասին անհարգալից խոսելն, ինձ թվում է, սխալ է ոչ միայն նրա՝ Օհանյանի, այլեւ պետության տեսանկյունից:

Իհարկե, կռապաշտությունը վատ բան է. ցանկացած մարդու, այդ թվում նաեւ ներկա եւ նախկին իշխանավորի մասին կարելի է բազմաթիվ լավ ու վատ բաներ ասել: Խնդիրն այն է, թե ինչպես է դա ասվում, իսկ ասելու ձեւը պայմանավորված է մարդու դաստիարակությամբ: Եվ հետո՝ կռապաշտության հակառակ ծայրահեղությունն է նիհիլիզմը. պետք է հաշվի առնել, որ այստեղ գործում է փոխադարձության սկզբունքը. եթե ես այսօր մերժում եմ այն ամենը, ինչ եղել է ինձնից առաջ, ապա վաղը մերժելու են ինձ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Նախկինում ես էլ ոչ միայն նախկին իշխանությանը, այլեւ այսօրվա իշխանությանը, քանի դեռ միայն խոսում ու բողոքում էր, ինչ ասես չէի ասում ու երկար ժամանակ փայտը ձեռքիցս բաց չէի թողնում, բայց մարդիկ գործով ցույց տվեցին, որ արժանի են հարգանքի եւ ամենակարեւորը՝ վստահության, ոչինչ չի խանգարում այսօրվա բողոքականներին միանալ նույն հայասիրական շարժմանը՝ լինի սփյուռքում թե բանտում թե հայրենիքում ու անկախ նախկին էշությունների ու հանցանքների, անկեղծորեն ինքնակամ ծառայեն ազգին, մենք առանց այդ էլ քչաքանակ ենք, ամեն հայ ազգի ու պետության համար մեծ անելիքներ ունի:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Վազգեն Մանուկյանի քաղաքական երկրորդ շնչառությունը ցավոք բացվեց միայն այն բանից հետո, երբ ԼՏՊ-ն փոքր ինչ մեղա գալով իր երկրորդ նախագահության վերաբերյալ՝ ապստամբության դրոշ բարձրացրեց ընդդեմ իր իսկ ձևակերպմամբ՝ ավազակապետության։ Վազգեն Մանուկյանը, որ ակներևաբար 1996 թ․ սեպտեմբերի 26 երևույթն ընկալել էր ոչ թե որպես քաղաքական երևույթ, այլ անձնական վիրավորանք, միանգամից դարձավ խիստ պահանջարկված օրվա իշխանությունների համար և սահուն ինտեգրվեց այդ նույն ավազակապետությանը։ Ըստ իս՝ իր խնդիրն այն է, որ նա նոր իշխանության որևէ հաջողություն հոգեբանորեն՝ սակայն սխալմամբ կապում է ԼՏՊ-ի հետ, ինչի արդյունքում էլ հայտնում է դրանից բխող ժամանակավրեպ դիրքորոշումներ։
    Իմ կողմից այս գնահատականը հնչեցնելը որևէ կերպ կաշկանդված լինել չի կարող այն բանով, որ 1996 թ․ նախագահական ընտրություններում կոչ եմ արել ձայն տալ հենց իրեն, ինչպես նաև այն պատճառով, որ նա հայոց պետականաշինության և մասնավորապես բանակաշինության գործում իր անուրանալի ավանդն ունի։
    Համոզված եմ, որ այսօրվա ճշմարտությունն ու հատկապես ճշմարտացի գնահատականները առավելություն ունեն փառավոր անցյալի «զրահների» նկատմամբ։

  3. Մհեր says:

    Վազգեն Մանուկյանի պաշտոնը ենթադրում է, որ իր բարձրաձայնած կարծիքը ինչ, որ չափով պետք է արտահայտի հանրության կարծիքը: Եթե այն հիմնականում տարբերվում է և խնդիր ունի իր սեփական կարծիքը ավելի կարևորելու, ուրեմն ինքը պետք է մտածի հրաժարվի պաշտոնից և որպես անհատ արտահայտի իր մտքերը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930