Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տավուշցի Արգամ. «Պատերազմները տհաճ երեւույթ են, այդքան մարդ զոհվեց ամբողջ աշխարհում»

Հունիս 27,2019 12:00

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում է բնակվում 15-ամյա Արգամ Ալիբեկյանը: Ոսկեպարը սահմանակից է Ադրբեջանին, որտեղից հաճախ են կրակոցներ լսվում: Դպրոցում հատուկ թաքստոց կա՝ կրակոցներից պատսպարվելու համար: Արգամը դպրոցում ազգագրական պարերի խմբակ է հաճախում, ինչպես նաեւ՝ ռոբոտաշինությամբ է զբաղվում. «Ռոբոտաշինության խմբակով շատ մրցույթների ենք մասնակցել, վերջինը «Դե՛ անիմացրու» մրցույթն էր, որտեղից երկու տարի է մրցանակ ենք շահում: Երազում եմ ծրագրավորող դառնալ, որովհետեւ համ փողոտ գործ է, համ էլ կարեւոր մասնագիտություն է: Եթե հետագայում իմ աշխատանքով կարողանամ ինչ-որ բանով օգնել մեր գյուղին, անպայման կօգնեմ, ամեն կերպ պիտի փորձեմ, որ գյուղի համար մի կարեւոր բան անեմ»:

Ոսկեպարի դպրոցում սպորտդահլիճ կա, բայց անխնամ վիճակում է, պատերը փլվում են, մարզագույքն էլ վատ վիճակում է, սակայն, ինչպես ասում է Արգամը. «Ոչինչ, կարեւորը խաղաղություն լինի, դա էլ է մեզ բավարարվում»:

Արգամը սիրում է իր գյուղը. «Ոսկեպարը պատվավոր գյուղ է, որովհետեւ հայ-ադրբեջանական սահմանն ամուր է պահում: Մեր գյուղում գեղեցիկ անկյուններ կան, պատմամշակութային հուշարձաններ: Իսկ Ոսկեպար գետն ուղղակի չքնաղ է, նույնն էլ՝ Ոսկեպարի լեռնաշղթան»:

Սակայն ամենից ավելի Արգամը խաղաղությունն է սիրում.«Մենք երեխաներս, ինչ ազգից էլ լինենք, մեղավոր չենք, որ կրակում են, մենք չենք պատերազմողը, մենք երեխաներով թշնամիներ չենք, բայց հնարավոր է, ինչ-որ պահի սահմանին կանգնած իրար դեմ կռվենք՝ մեր հայրենիքը պաշտպանելիս: Ապրիլյանի ժամանակ այդքան զոհեր եղան թե՛ մեր կողմից, թե՛ հակառակորդի: Շատ տխուր է, որ այդքան մարդ պակասեց աշխարհի երեսից՝ պատերազմի պատճառով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Նարեկ Ավագյանի

Պատկերապատումը՝ Լիլիթ Մանարյանի

 

«Սինոլաբ» արվեստների լաբորատորիան «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ և «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ, ներկայացնում է նոր նախագիծ՝ «Կյանքը սահմանի եզրին»: Նախագծի հիմքում սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների պատմություններ են: Ի՞նչ ազդեցություն են ունենում արտաքին (ֆիզիկական) և ներքին (հոգեբանական) սահմանները երեխայի զարգացման վրա, ի՞նչ հետքեր են թողնում առօրյա փորձառության ընթացքում: Արդյո՞ք սահմանները միայն փշալարերն են… 

«Առավոտ» օրաթերթ, 

26.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930