Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ հանձնաժողովի ու ՊՆ-ի ջրերը մի առվով չե՞ն գնում. «Կան բաներ, որոնց մասին խոսել հնարավոր չէ»

Հունիս 27,2019 14:00

Տիգրան Կարապետյանը՝ ՊՆ-ին ուղղված Անդրանիկ Քոչարյանի դիտողության եւ համագործակցության խնդիրների մասին

2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիտողություն արեց ՊՆ-ին՝ ասելով. «Ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները երբ նայում ենք, բացվածքները համարյա դատարկ են: Մեր պատկերացմամբ, փաստաթուղթն իրենից ընդամենը ներկայացնում է կիսադատարկ մի աղյուսակ՝ առանց նկարագրական, տեքստային բացատրագրերի, վերլուծական մասի եւ եզրակացության: Գաղտնիության շատ խիստ գրիֆ է դրված՝ հույժ գաղտնի, կարող է այն դարձնեն խիստ գաղտնի»: Նշենք, որ հույժ գաղտնի տեղեկությունները պատգամավորներին հասու չեն, պատգամավորներին հիմնականում թույլտվություն են տալիս երկրորդ կարգի՝ խիստ գաղտնի տեղեկություններին ծանոթանալ: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հստակ չեն եղել ոչ ֆինանսական ցուցանիշների տարբերության պատճառներն ու պարզաբանումները, ծրագրային բյուջետավորման ձեւաչափով ներկայացրած տվյալները կատարողական ցուցանիշներով համալրված չեն եւ հնարավոր չէ գնահատել ծրագրի արդյունավետությունը եւ որոշում ընդունել դրա վերաբերյալ:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանին հարցրինք՝ անձամբ դուք ՊՆ-ի ներկայացրած փաստաթղթի հետ կապված դիտողություն ունե՞ք, իսկապե՞ս փաստաթուղթն ու տվյալներն այնքան փակ են եղել, որ ձեզ համար բազմաթիվ հարցերի պատասխաններ մութ են մնացել: Հիշեցնենք, որ բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այդ հանձնաժողովի նիստն անցնում է դռնփակ եւ լրագրողները հնարավորություն չունեն մասնակցել քննարկմանը:

Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Հանձնաժողովի նախագահ պարոն Քոչարյանը ներկայացրեց հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության տեսակետը: Այո, բազմաթիվ խնդրներ ունենք՝ ներկայացված փաստաթղթի որակի հետ կապված, մի շարք հոդվածների հետ կապված չկան բացվածքներ, հիմնավորումներ եւ այլն: Հաջորդ անգամ ավելի հասկանալի կներկայացվի»:

Հարցին՝ դա իներցիայո՞վ է գալիս, նախկինում է՞լ են այդ հոդվածները փակ ներկայացրել, ի՞նչ բացատրություն եք դուք ստացել ՊՆ-ից՝ Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Քննարկումը պարզ է, որ պետք է փակ լինի, բայց հանձնաժողովի անդամները պետք է հստակ ստանան այն տեղեկատվությունը, որն իրենց լիազորությունների շրջանակում կարող են ստանալ: Իներցիա որոշակի կա»: Ճշտեցինք՝ այսինքն, թաքցնելու միտում չե՞ն ունեցել՝ նա պատասխանեց. «Իհարկե, թաքցնելու միտում չկա: Միայն ՊՆ-ի մասին չի խոսքը, դեռեւս պառլամենտական երկրում ապրելու ընկալումը որոշ ինստիտուտների մոտ չկա, որ պառլամենտը երկրի բարձրագույն իշխանությունն է ու պառլամենտը պիտի լինի ամենաիրազեկվածը հանրապետության մեջ ընթացող գործընթացներից»:

Այդ օրը, երբ հանձնաժողովի դռնփակ նիստում քննարկվում էր ՊՆ-ի բյուջեի կատարման հաշվետվությունը, նիստը սկսվեց ուշացումով մոտ 15 րոպե, բացի այդ, փոքրաքանակ թվով պատգամավորներ էին ներկա այդ նիստին, դա ինչի՞ մասին է խոսում, վերաբերմունքի՞ ՊՆ-ի նկատմամբ, թե՞ հաշվի առնելով, որ փաստաթուղթը ՊՆ-ն այդպես է ներկայացրել, որոշել էիք այդպես պատասխանել՝ Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Վերաբերմունքի խնդիր չկա, մեր հանձնաժողովը շատ ակտիվ է մասնակցում պրոցեսներին: Տեխնիկական խնդիրների ուշացման հետ կապված չեմ կարող պատասխանել, բայց այն, որ փաստաթուղթը ոչ միայն գաղտնի, այլ նաեւ հույժ գաղտնի փաստաթուղթ է, որեւէ բացվածքներ չկային, դրա մասին խոսեց Անդրանիկ Քոչարյանը, այդ գաղտնիության գրիֆի հետ կապված խնդիրներ կան, գուցե կան որոշակի փաստաթղթեր, որոնք պետք է լինեն ոչ միայն հույժ գաղտնի, այլեւ՝ գաղտնի: Համենայնդեպս, մենք աշխատում ենք ՊՆ-ի հետ, կարծում եմ, հաջորդ փաստաթուղթը ավելի ծավալուն եւ բացված կտեսնենք»:

Հարցին՝ ուզում ենք հասկանալ՝ համագործակցության խնդիր կա՞ գործադիրի եւ օրենսդիրի միջեւ՝ Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Գիտեք, ուղղակի կան բաներ, որոնց մասին խոսել հնարավոր չէ: Նույնիսկ կան որոշ այսպես ասած բացեր, բաղթողումներ, որոնք մենք տեսնում ենք, բայց սա հրապարակային չէ, մենք ՊՆ-ի հետ ակտիվ քննարկումների մեջ ենք եւ այն բոլոր խնդիրները, որոնք մենք տեսնում ենք, կամ այն բոլոր հարցերի պատասխանները, որ մեր մոտ առաջանում են, փորձում ենք ստանալ եւ ստանում ենք: Բյուջեի ներկայացման ֆորմատը որոշակի փոփոխության պետք է ներկայացվի պաշտպանության նախարարության մասով»:

Հարցրեցինք՝ այդ բացը, որ ասում եք, համագործակցությա՞ն հետ է կապված, թե՞ ոլորտի՝ պատգամավորը պատասխանեց. «Համագործակցության խնդիր հիմա չունենք: Սկզբից, երբ ԱԺ-ն նոր էր ընտրված, նաեւ հարցերը շատ ավելի սուր քննարկվում էին նաեւ բաց ֆորմատով, հիմա շատ ավելի փակ ֆորմատում է: Կան հարցեր, որոնց լուծումները մենք՝ որպես գլխադասային հանձնաժողով, պահանջում ենք, չստանալու պարագայում կլինի նաեւ բաց, հրապարակային՝ ինչքան որ թույլ կտա գաղտնիության ռեժիմը»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ համագործակցությունն ինչ-որ խութեր է առաջացրել՝ ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովը ստեղծելուց ի վեր ու դրա հետ է կապված՝ Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Որեւէ խնդիր ապրիլյանի հետ կապված ՊՆ-ի հետ մեր համագործակցության, ես չեմ տեսնում: Համենայնդեպս, ֆորմատը հիմա աշխատանքային է, այսինքն, մենք որոշակի փաստաթղթեր ենք պահանջելու, ստանալու ենք, քննարկելու ենք միասին: Ես որեւէ խութ ՊՆ-ի ու մեր հանձնաժողովի համագործակցության հարցում չեմ տեսնում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

26.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930