Փաստաբան Արտակ Խաչատրյանի տեղեկություններով, ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքից հերթ վաճառելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկված անձինք երկարատեւ ժամանակ այդ գործով են զբաղված եղել, աշխատել են խմբով:
«Առնվազն ապօրինի ձեռնարկատիրություն է, եթե միանգամյա գործարք լիներ, ձեռնարկատիրական գործունեություն չէր դիտարկվի: Իմ տեղեկություններով, քանի որ երկարատեւ ժամանակ այդ գործողությունը տեղի է ունեցել հերթ վաճառողների կողմից ու երկարատեւ ժամանակ իրավապահ մարմինների կողմից ֆիքսվել է, դա էլ թույլ է տալիս դիտարկել ձեռնարկատիրական գործունեություն: Տուժողներ կարող են դիտարկվել նաեւ այն անձինք, որոնք հերթ չեն գնել, բայց հերթի մեջ կանգնած են եղել, բնական եմ համարում, որ տուժել են: Մարզերում նմանատիպ դեպքեր ենք ունեցել, ահազանգերը ստացանք ու ՀՔԲ-ների պետերի հետ բանակցեցինք՝ ինչ գործողություններ անենք, որ հերթ կանգնողների իրավունքները պահպանենք»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով` մինչեւ 10.000 դրամով են վաճառվել հերթերը, մարզերում հերթերը երկար չլինելու պատճառով, այնտեղ ավելի ցածր գներով են վաճառվել: Փաստաբանը նաեւ ասաց, որ հարկերի ծավալից է կախված, թե ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվողների պատժաչափերը ինչքան կլինեն. «Եթե, օրինակ, հարկը կազմել է մինչեւ 500.000 դրամ, տույժ ու տուգանքով կհաշվարկեն, եթե ավելի է, ուրեմն քրեական գործ կհարուցվի»:
Արտակ Խաչատրյանի խոսքով` թեեւ կային խոսակցություններ, որ ոստիկաններն էլ են համագործակցում հերթ վաճառողների հետ, բայց պարզվեց, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ