Aravot.am-ին էր դիմել Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Խորիկյանը՝ դժգոհելով, որ ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանն իրեն իր լիազորություններից դուրս հանձնարարական է տվել ու անհիմն կարգապահական տույժի ենթարկել։
«Հունիսի 21-ին նկատողություն եմ ստանում ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի կողմից, որ իր հանձնարարությունները չեմ կատարել։ Առանց ամիս, ամսաթիվ, տարեթվի մի հանձնարարություն էի ստացել, ըստ որի, պետք է ներկայացնեմ ամբիոնի գործավարի և լաբորանտի կողմից կատարվող աշխատանքների նկարագիրը և գործառույթները։ Ես անմիջապես, նույն պահին գրավոր պատասխանել եմ, որ դա իմ գործառույթների մեջ չի մտնում, որովհետև պաշտոնների անձնագրերով պիտի զբաղվի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի պետը, որը մասնագիտությամբ իրավաբան է։
Ինձ համար զարմանալին հետևյալն է. սույն թվականի մարտի 12-ին անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի պետ Արտաշես Հովհաննիսյանի կողմից ես գրություն եմ ստանում ՇՊՀ հիմնադրամի ամբիոնի վարիչի պաշտոնի անձնագրի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու։
Ինձ հետաքրքիր է՝ էդ ինչպե՞ս է լինում, որ այդ նույն Արտաշես Հովհաննիսյանը մտածում է, որ ամբիոնի վարիչի անձնագրի նախագիծն ինքը պետք է ներկայացնի քննարկման, իսկ, ասենք, գործավարինը ես պետք է կազմեմ։ Ես գրավոր պատասխանել եմ, որ դա իմ գործառույթների մեջ չի մտնում, այդ հարցով պիտի անձամբ զբաղվի Երվանդ Սերոբյանի բարեկամ Արտաշես Հովհաննիսյանը։ Իմ զեկուցագրի մեջ նշել եմ ՝ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է մեկ ուրիշի աշխատանքը կատարեմ, իսկ իրենք աշխատավարձ ստանան։ Երվանդ Սերոբյանը ինձ շատ խիստ պատասխան նամակ է գրում․ բարեկրթությունից է խոսում, մտավորականի կերպարից, ու իբր թե ես չեմ տարբերակում պաշտոնի անձնագիրը հանձնարարականում տրված գործարավարի աշխատանքի նկարագրից ու գործառույթներից»,-ասաց Հովհաննես Խորիկյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ բազմաթիվ բուհերում հարցումներ է արել ու պարզել, որ պաշտոնների անձնագրերով զբաղվում է կադրերի բաժինը։
«Ինչ-որ մեկի պաշտոնի անձնագիրը գրելու համար ես պետք է ունենամ կոնկրետ հմտություններ ու կարողություններ, համապատասխան վերապատրաստումներ պետք է անցած լինեմ, կառավարության հաստատած նորմատիվներին տեղյակ լինեմ, հետո պիտի իրավաբանական գիտելիքներ ունենամ, ի վերջո հասկանամ՝ որտե՞ղ են սկսվում մեր իրավունքները, որտե՞ղ են ավարտվում պարտականությունները, հետո առանձին-առանձին չեն ուղարկում, դրանք ընդհանուր մեկ փաթեթ պետք է լինեն ամբողջության մեջ։
Ի դեպ, պարոն Սերոբյանը տեղյակ չէր, որ ամբիոնում լաբորանտ չկա, հետո իբր շատ խիստ պատասխանում է ՝ ես տեղյակ չեմ, որ այլ ամբիոններում լաբորանտ կա, բայց դուք հանձնարարականը կոնկրետ ինձ եք ուղղել, չէ՞ ՝ Հովհաննես Խորիկյանին, հիմա ես ինչո՞ւ պիտի նստեմ, նայեմ մյուս ամբիոններում գործավար կա՞, լաբորանտ կա՞․․․ Դո՛ւք եք գործատուն, աշխատանքի ընդունելուց պիտի որոշեք՝ այս մարդուն ես ի՞նչ հմտությունների, կարողությունների համար եմ աշխատանք տալիս։ Օրինակ՝ վերջերս մագիստրատուրայի շրջանավարտներից մեկը մեկ այլ կրթական ծրագիր իրականացնող ամբիոնում նշանակվում է լաբորանտ, այն պարագայում, երբ որ տվյալ ամբիոնում տվյալ կրթական ծրագրի շրջանավարտները պետքէ լինեն լաբորանտ, ի վերջո խորհրդատվական ֆունկցիաներ կարող են ունենալ և՛ լաբորանտը, և՛ գործավարը։ Ասենք ընտրովի դասընթացներ կան, ուսանողները գալիս են, հազար ու մի հարցեր կան, ուղղորդում են, պիտի հասկանան։ Շրջանավարտ, որն այլ կրթական ծրագիր է յուրացրել, ավարտելուց հետո գնում է չգիտես ուր։ Ի՞նչ պիտի հասկանա, թե ինչ է անում։ Այս պարագայում ռեկտորի ժ/պ-ն ծանոթ-մտերիմով աշխատանքի է ընդունել», -ասաց Հովհաննես Խորիկյանը։
Մեր զրուցակցի ասելով, ըստ ՇՊՀ կանոնադրության, իր աշխատանքը համարվում է գիտամանկավարժական․ ամբիոնն իրականացնում է ուսումնագիտական գործունեություն։
«Գործարավարին դո՛ւք եք ընդունել, գործավարը չի իրականացնում գիտամանկավարժական աշխատանք, ես էդ ինչպե՞ս պետք է նստեմ ու պաշտոնի անձնագիր գրեմ։ Ես, իհարկե, կարող եմ առաջարկություններ անել, օրինակ՝ կարող եմ ասել, որ մեր ամբիոնի պարագայում անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է, հիմա մյուս ամբիոնների վարիչները թող ներկայացնեն, իրենց խնդիրն է։ Ես հասկանում եմ, որ իրենք ներկայացնում են գործավարի, լաբորանտի առօրյան, օրինակ՝ մարդ է եղել, որ նստել ներկայացրել է՝ կազմում եմ թեմատիկ օրացույցային պլաններ, հարցաշարեր, հարցատոմսեր, առարկայական նկարագրեր, ո՛չ գործավարի, ո՛չ էլ լաբորանտի ֆունկցիաների մեջ դա չի մտնում, դա դասախոսի աշխատանքն է»,- ասաց Հովհաննես Խորիկյանը։
Նա գտնում է, որ նկատողությունն անհիմն է, իրավաչափ չէ, և որ դա Երվանդ Սերոբյանի անձնական վրեժխնդրությունն է իր նկատմամբ։
«Պատահական չէ, որ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ամենամտերիմ մարդը, ով կարճ ժամակաշրջանում սրընթաց կարիերիայի աճ ապահովեց իր համար, 2017 թվականից շարունակում է պատժելու գործընթացն իմ նկատմամբ։ 2017 թվականին էթիկայի հանձնաժողովում էր ընդգրկված ու խայտառակ որոշում ընդունեցին, տվեցին Սահակ Մինասյանի ձեռքը, դրա հիման վրա էլ մեզ աշխատանքից ազատեցին։ Դատարանում դատավորն ապշած էր, թե ինչ հիմքով են ձեր գլխին դատավորներ դարձել այդ հինգ հոգին, որոնցից մեկն էլ պարոն Սերոբյանն էր։ Պարոն Սերոբյանը, եթե մի քիչ խորը մտածեր, էթիկայի հանձնաժողովի անդամ չպիտի լիներ, որովհետև ռեկտորին ուղղահայաց ենթարկվող վարչական պաշտոնյան չէր կարող օբյեկտիվ լինել»,- ասում է Հովհաննես Խորիկյանը։
Հովհաննես Խորիկյանն այս հարցով դիմել է բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներին․ հոգաբարձուների խորհուրդն իրավուքն ունի բեկանելու ռեկտորի ոչ իրավաչափ որոշումները։
«Հոգաբարձուների խորհրդի անդամներին ես իմ հիմնավորումերն եմ ուղարկել, օրինակ՝ ներքին կարգապահական կանոնների համաձայն՝ մինչև կարգապահական տույժի կիրառումն աշխատողից պետք է պահանջել գրավոր բացատրություն։ Բացատրության բացակայությունը պետք է հաստատվի աշխատողի կողմից այն ներկայացնելու հրաժարման համապատասխան ակտով։ Ինձանից նման բան չի պահանջել։ Խրատական տոնով գրված գրության մեջ էլ կամայականորեն՝ առանց պատկերացնելու ամբիոնի վարիչի գործառույթներն այսպիսի մի կետ են գրել, ըստ որի՝ ես պարտավոր եմ դա անելու։ Ամբիոնի օրինակելի կանոնադրություն 2․11․5 կետ․ ամբիոնի վարչին իրականացնում է ամբիոնի տարեկան ուսումնական ծանրաբեռնվածության և ամբիոնի աշխատողների պարտականությունների բախշումը, ասում են, եթե բաշխում է, ուրեմն կարող է նաև գործավարը սրա մեջ մտնել, այն պարագայում, երբ պարզ գրված է ուսումնական ծանրաբեռնվածություն։ Դասախոսների հետ պայմանագիր դուք եք կնքում որպես գործատու, դուք եք որոշում նրանց պարտականություններն, իրավունքները, իհարկե, ես իրականացնում եմ, ոչ թե որոշում եմ։ Իմ ձեռքի տակ ամբիոնի ուսումնական պլանն է, ստանում եմ ծավալը, կատարում դասաբաշխումը, ըստ այդմ էլ ես վերահսկում եմ ամբիոնի ուսումնամեթոդական աշխատանքները, որն իմ գործառույթների մեջ է մտնում։ Եթե պարոն Սերոբյանն ասում է, որ աշխատանքի նկարագրությունն ու գործառույթները պաշտոնի անձնագիր չեն, դա ֆարս է։
Ես սա համարում եմ անձնական վրեժխնդրություն, հատկապես որ Շիրակի մարզի դատախազին ես դիմում էի հղել, նախորդ տարի իմ վերականգման հարցի հետ կապված դատավարության ընթացքում դատարանը միջնորդություն էր ընդունել, ԴԱՀԿ-ն պարտավորեցրել էր, որ ուսումնական պլանների փոփոխություն չլինի։ 2018 թվականի հոկտեմբերի 25-ին գալիս եմ աշխատանքի,տեսնում եմ, որ ուսումնական պլանները փոփոխվել են։ Իհարկե, պարոն Սերոբյանն իր բացատրությունն ուներ, բայց այդ բացատրությունները կարող էր ժամանակին բողոքարկել ԴԱՀԿ-ին ու ասել, թե ինչ պիտի արվի։
Ես հիմնավորումներով ներկայացրել եմ իմ պահանջը դատախազին, պարոն Գաբրիելյանը մանրակրկիտ հիմնավորումներով պատասխանել է, ու իր պատասխանի մեջ այսպիսի նախադասություն է մեջբերել․ «Թեև Երվանդ Սերոբյանի կողմից քրեաիրավական առումով նվազ կարևորություն համարվող արարք է կատարվել, այդուհանդերձ այդ կապակցությամբ միջնորդագիր է հասցեագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարին` թույլ տրված խախտման հանգամանքների կապակցությամբ (այսինքն ուսումնական պլանների) կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու համար։
Իհարկե, ես վստահ եմ, որ պարոն Սերոբյանը տեղյակ է պարոն Գաբրիելյանի պատասխանից ու չարությամբ լցված նկատողություն է տալիս ինձ։
Ռեկտորի ժ/պ-ի համար գերադասելի է, որ ես այս բուհում չլինեմ, չքննադատեմ, ինքն էլ իր պաշտոնը վայելի, մտածի իր հետագայի մասին։ Պատմության բաժնի 2-րդ կուրսի ուսանողները մարտի 27-ից բողոքում են, ի զորու չէ, չի կարողանում լուծումներ գտնել ու մեղադրում է ամբիոնի վարիչի ժ/պ-ին, ֆակուլտետի դեկանին, դասավանդող դասախոսին, բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Պարզապես ուղղորդվում է բարեկամական, ընկերական հարաբերություներով և ամբողջ օրը զբաղված է միջանձնային հարաբերությունները սրելով, բարոյահոգեբանական մթնոլորտը փչացնելով, նա ոչ մի կառավարչական հմտություն չունի։ Ես սա համարում եմ իմ անձի նկատմամբ հետապնդում՝ նույն անձի կողմից արդեն երկրորդ անգամ», -ասում է Հովհաննես Խորիկյանը։
Մենք թեմայի շուրջ պարզաբանումներ ենք ստացել նաև ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանից, այն կներկայացնենք քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ