Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների 116 «կողմ» և 62 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամների հավատարմագրերի հետ կապված փաստաթուղթը:
Սա նշանակում է, որ ռուսական պատվիրակությունը վերադառնում է ԵԽԽՎ՝ իր լիարժեք իրավունքներով: Վերականգնվեցին ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունները: Բոլոր այն առաջարկությունները, թե փաստաթղթում պետք է կետեր ավելացնել, որ ռուսները ոչ լիարժեք ձայնի իրավունքով վերադառնան, չընդունվեցին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Ստրասբուրգում քննարկվեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամների հավատարմագրերը վիճարկող փաստաթուղթը:
Մինչ քվեարկությունը՝ բավականին կոշտ ելույթներ հնչեցին Վեհաժողովում, որտեղ հայտարարվում էր, թե Ռուսաստանը հանցագործություն է գործել, ուստի պետք է պատասխանատվության ենթարկվի: Հիմնականում այսպիսի ելույթներ էին ունենում ուկրաինական պատվիրակության անդամները: Իսկ ռուս պատվիրակները հայտարարում էին, որ իրենք պատրաստ են մոնիտորինգի, պատրաստ են ընդունել մոնիտորինգային խմբի անդամներին Ռուսաստանում և պատրաստ են պաշտպանել ռուս քաղաքացիների իրավունքները:
Կարդացեք նաև
Պարբերաբար հնչում էին հայտարարություններ՝ Ռուսաստանը հանցագործություն է գործել, շրջափակել է Ղրիմը և պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Այդուհանդերձ, քվեարկության արդյունքներով, ՌԴ պատվիրակությունը վերադարձավ ԵԽԽՎ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ