Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը 2018 թվականին․ խախտումներից մինչև անգործություն. UIC

Հունիս 26,2019 19:28

Հայաստանում անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությունից հետո ոստիկանությունը, թեև փոխել է իր գործելաոճը, այնուամենայնիվ, գրանցվել են որոշակի խնդիրներ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած՝ 2018 թվականի ընթացքում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին հաշվետվությունում, մասնավորապես, ասվում է, որ նոր կառավարության ձևավորումից հետո ոստիկանության կողմից հանրային միջոցառումների խոչընդոտման և դրանց ընթացքում ֆիզիկական բռնության գործադրման դեպքերը նվազել են, սակայն պահպանվել է ընտրողական և անկանխատեսելի մոտեցումը, ինչպես նաև ավելացել են ոստիկանության անգործության դրսևորման դեպքերը։

Որպես ոստիկանության անգործության դրսևորման դեպքի օրինակ է բերվում 2018 թվականի օգոստոսի 9-ին դեպի Ամուլսար տանող ճանապարհին տեղի ունեցած ակցիան, որի ժամանակ ակտիվիստները խոչընդոտում էին «Լիդիան Արմենիա» ընկերության տեխնիկայի շարժը։ Ոստիկանությունն այդ ընթացքում, թեև ներկա էր դեպքի վայրում, բայց չէր միջամտում։

Մեկ այլ օրինակ գրանցվել է Երևանում։ 2018-ի նոյեմբերի 21-ին ցուցարարները միակողմանի փակել էին Ամիրյան փողոցը՝ պահանջելով, որ իրենց զինգրքույկներում նշվի, որ իրենք ապրիլյան պատերազմի մասնակից են: Այս դեպքում էլ, թեև ոստիկանները գտնվում էին ցույցի վայրում, սակայն որևէ գործողություն չէին նախաձեռնում փողոցը բացելու ուղղությամբ։

Ուշագրավ է, սակայն, որ Երևանում  ցուցարարների կողմից փողոց փակելու մեկ այլ դեպքի ժամանակ ոստիկանությունը տրամագծորեն այլ կերպ է վարվել։ Այսպես, օգոստոսի 27-28-ին մի խումբ առևտրականներ, որոնց ոստիկանությունը տեղահանել էր իրենց գործունեության վայրերից,  ՀՀ կառավարության շենքի հետնամուտքի՝ դարպասներ մոտ հավաքվել և բողոքի ակցիա էին իրականացնում՝ հանդիպում պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս անգամ ոստիկանության աշխատակիցները՝ կարմիր բերետավորները, տեղանքից հեռացնում էին բողոքի դուրս եկած մարդկանց։

Ընդհանուր առմամբ, 2018 թվականի ընթացքում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին հաշվետվությունում մեծ ուշադրություն է դարձված զանգվածային լրատվության միջոցների գործունեությանը։

Այսպես, հաշվետվությունում նշվում է, որ տեխնոլոգիաների զարգացմանը, իրադարձությունների լուսաբանման հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ, ինչպես նաև լրագրողների աշխատանքի շնորհիվ` խիստ սահմանափակվում են ոստիկանության` իրենց ապօրինի գործողությունները քողարկելու հնարավորությունները:

Միևնույն ժամանակ, հաշվետվության հեղինակներն արձանագրում են, որ մարզերում հանրային միջոցառումները պատշաճ չեն լուսաբանվում ԶԼՄ-ների կողմից՝ պայմանավորված սահմանափակ ներկայացվածությամբ և ռեսուրսների (մարդկային, տեխնիկական) սղությամբ, մինչդեռ տեսախցիկով լրագրողը կարող է նվազագույնն արձանագրել և վավերագրել ոստիկանների կողմից թույլ տրված խախտումը, իսկ առավելագույնը` կանխարգելիչ դեր ունենալ ոստիկանության ապօրինի գործողությունների համատեքստում:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած՝ 2018 թվականի ընթացքում ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին հաշվետվությանը մենք կանդրադառնանք նաև մեր հաջորդ հրապարակումներում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930