Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքը հիմնականում չի համապատասխանում գործին ու քաղաքական գործընթացներին

Հունիս 26,2019 18:46

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները «Թավշյա հեղափոխությունից» հետո փայլուն են հիմնականում հայտարարությունների մակարդակում, իսկ իրականում՝ չափազանց խճճված ու բարդ են, լի խոսքի տրամաբանությանը չհամապատասխանող գործողություններով։

2018-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը հեղափոխական ազդեցություն չունեցավ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ու առճակատման կամ էլ խորացման և զարգացման վրա։ Համենայն դեպս, պաշտոնական Երևանը և Մոսկվան հայտարարությունների մակարդակում չեն խոսում ներկայում ի հայտ եկած բացահայտ գաղափարական տարաձայնությունների մասին, մինչդեռ 2018-ի մայիսից սկսած երկու երկրների կողմից վարած քաղաքականությունը, փոխադարձ գործողությունները ցույց են տալիս, որ երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում հայտնվել են նոր սուր ծայրեր, որոնց մասին երկու կողմերը նախընտրում են չբարձրաձայնել, սակայն շարունակել գործողություններով ինչ-որ բան հասկացնել միմյանց։

2018-ի մայիսի 8-ին Հայաստանի ազգային ժողովը հատուկ նիստում ընտրեց Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ վարչապետ։ Նորընտիր վարչապետին առաջիններից մեկը շնորհավորական հեռագիր էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ավելին՝ նույն օրը հեռախոսազրույց էր կայացել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն էին հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին առաջին աշխատանքային այցն էր կատարել Արցախի Հանրապետություն, որին հաջորդել էր առաջին արտասահմանյան աշխատանքային այցը՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ մայիսի 13-ին և 14-ին աշխատանքային այցով Նիկոլ Փաշինյանը մեկնել էր ՌԴ՝ մասնակցելու Սոչիում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան – Վլադիմիր Պուտին առաջին հանդիպման ժամանակ հիմնականում խոսվեց հայ-ռուսական հարաբերությունների կարևորության մասին, սակայն Նիկոլ Փաշինյանի ելույթում ուշագրավ տոն նկատվեց. «Կարծում եմ, որ կան քննարկվելիք հարցեր, բայց այն, ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին, քննարկման ենթակա չէ»։

Հարաբերությունների ավելի խորացման և ընդլայնման անհրաժեշտության մասին առաջին հանդիպման ժամանակ նշեցին երկու երկրների ղեկավարները։ Ռուսաստան կատարած այցից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց հակիրճ հաշվետու լինել հանրությանը, սակայն սովորական դարձած ֆեյսբուքյան ուղիղ եթերի փոխարեն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին նա խոսեց Ազատություն ռադիոկայանի թղթակցի հետ՝ արդյունավետ որակելով ՌԴ նախագահի հետ ունեցած առաջին հանդիպումը։

2018-ի հունիսի սկզբին Մոսկվայում կայացան Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի բանակցություններ։ Հայաստանի ԱԳ նախարարն այդ ժամանակ հարցազրույց տվեց «Կոմերսանտ» պարբերականին։ Պարբերականը որպես վերնագիր օգտագործեց Մնացականյանի խոսքը՝ «Ռուսաստանի հետ ամեն ինչում համաձայն չենք, բայց կարող ենք պայմանավորվել և առաջ գնալ»։

2018-ի հունիսի 12-ին վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի պետական տոնի առթիվ այցելեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, հանդիպեց դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ինչպես նաև շնորհավորական ուղերձներ հղեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ նշելով. «Համոզված եմ, որ վերջերս կայացած մեր հանդիպումը Սոչիում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում ևս մեկ քայլ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման և հարստացման համար՝ ի նպաստ մեր ժողովուրդների և պետությունների, ի շահ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման»։

2018-ի հունիսի 13-ին վարչապետ Փաշինյանը կրկին Ռուսաստանում էր աշխատանքային այցով։ Այցի շրջանակում Կրեմլում հանդիպում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու պետությունների ղեկավարները, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել էին հայ-ռուսաստանյան երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաները:

ՌԴ նախագահը կրկին հիշեցրեց վարչապետ Փաշինյանին, որ առևրտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, և վստահորեն շարունակում է աճել. «Մեծ հաշվով դա տեղի է ունենում ռուսական շուկա գյուղատնտեսական մթերքների մատակարարման հաշվին: Իհարկե, դրան նպաստում է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, և դա ակնհայտ փաստ է: Հույս ունենք, որ մենք կշարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, այդ հանդիպման ընթացքում չարձագանքեց Հայաստանի առևտրաշրջանառության վրա՝ Եվրասիական տնտեսական միության ունեցած դերին. «Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են այս զարգացումներով, և նաև հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերի և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա: Սա շատ կարևոր է»:

Մինչդեռ Փաշինյանն իր ելույթում ընդգծած սուվերենության նկատմամբ հարգանքը կարծես թե առաջին անգամ էր բերվում հայ-ռուսական հարաբերությունների օրակարգ. «Ինձ համար շատ կարևոր է, որ մենք ունենք և վստահ եմ, որ ապագայում էլ կունենանք հաճախ հանդիպելու և մեր հարաբերությունների օրակարգի ամբողջ շրջանակը քննարկելու հնարավորություն: Բոլորին է հայտնի, որ մեր հարաբերությունների օրակարգը շատ մեծ է, քննարկելու շատ բան կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ տարածաշրջանային իմաստով: Իհարկե, մենք հույս ունենք դրական և կառուցողական երկխոսության և համոզվել ենք, որ մեր երկխոսությունը հենց այդպիսին է»:

2018-ի հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ վերջինիս մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հուլիսի 27-ին էլ «Մարտի 1-ի գործով» մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Երկու մեղադրանքների դեպքում էլ խափանման միջոցը ներկայացված էր կալանավորման միջնորդությունը։ Երկու մեղադրանքն էլ նորովի լարում մտցրին հայ-ռուսական հարաբերություններում։

2018-ի հուլիսի 31-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ հստակ ընդգծեց, որ պաշտոնական Մոսկվան մտահոգված է, քանի որ Հայաստանի կառավարության հետ քննարկումներում այդօրինակ գործողությունների կանխատեսում չէր արվել. «Վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խախտում են այդպիսի դրական տրամադրվածությունը և հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջերս արված հայտարարություններին այն մասին, որ իրենք մտադրություն չունեն կազմակերպել իրենց նախորդների հետապնդումը քաղաքական դրդապատճառներով։ Ռուսաստանը՝ իբրև Երևանի դաշնակից, միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունության մեջ։ Այդ պատճառով այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհագստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների բնականոն աշխատանքի տեսակետից, որոնց անդամակցում է Հայաստանը»։

Ի պատասխան Լավրովի հայտարարության՝ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հայաստանում նոր իրավիճակ է. «Մենք բոլորս պետք է այդ իրավիճակին ադապտացվենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերները։ Այնպես որ, ամեն ինչ նորմալ է»։

Յուրի Խաչատուրովի նկատմամբ ՀՔԾ մեղադրանքը ճգնաժամային իրավիճակ ստեղծեց ՀԱՊԿ-ում, որի կանոնակարգով գլխավոր քարտուղարին փոխարինելու գործընթաց նախատեսված չէր։ Երբ Յուրի Խաչատուրովն իրեն առաջադրված մեղադրանքի պատճառով հրաժարական տվեց ու ազատվեց պաշտոնից, ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները ՀՀ-ին հնարավորություն չտվեցին առաջադրելու իր թեկնածուին՝ չնայած մինչև 2020-ի հունվարի 1-ը Հայաստանը ստանձնել էր կառույցի նախագահությունը։ Իր հերթին Հայաստանի իշխանությունը ևս մնաց անդրդվելի` թույլ չտալով Բելառուսին ավելի վաղ ստանձնել նախագահությունը. գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր կմնա մինչև Հայաստանի նախագահության ժամկետի ավարտը։

Ռոբերտ Քոչարյան – Վլադիմիր Պուտին անձնական ջերմ հարաբերությունները ևս լարվածության առիթ են ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում, չնայած կողմերն այդ մասին որևէ կերպ մինչև վերջերս ուղիղ չէին հայտարարում։ 2018-ի օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը. ՀՀ երկրորդ նախագահն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Ամսվա վերջին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ջերմորեն շնորհավորեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Շնորհավորանքի մասին հայտարարությունը տարածվեց ոչ միայն Կրեմլի պաշտոնական կայքում, այլև Ռուսաստանի «Առաջին ալիքով», ինչը բուռն քննարկումների տվեց Հայաստանի քաղաքական շրջանակներում։

Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018-ի սեպտեմբերին ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական մտերիմ հարաբերություններին, ասել էր, որ այդ հարաբերություններն առանձնահատուկ են նրանով, որ իրենք երբեք չեն ստել միմյանց, այդ հարաբերությունները միշտ ազնիվ են եղել, բացի այդ ծննդյան օրվա առթիվ զանգը ինքը համարել է «լուրջ աջակցություն»։ Սա այն դեպքում, երբ ընդամենը հաշված օրեր առաջ Փաշինյանը հայտնել էր, թե «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փայլուն են»։

Չնայած Փաշինյանի հայտարարած Հայաստան-Ռուսաստան գործընկերային ու ավելի խորացող, փայլուն հարաբերություններին, այնուամենայնիվ գործողությունների առումով կողմերը ցույց էին տալիս, որ դեռևս առկա էր որոշակի ու շարունակվող լարվածություն։ Օրինակ, Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը հայտնի դարձավ միայն 2018 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ի տարբերություն նախորդիվ՝ 2016-ի ապրիլի սկզբին Հայաստանի ու Ռուսաստանի ստորագրած միջկառավարական համաձայնագրի, ըստ որի՝ Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը մեկ խմ-ի համար 165 դոլարից մինչև 150 դոլար, 2019-ի համար կնքված պայմանագրում ռուսական գազի գինը Վրաստանի և Հայաստանի հետ սահմանում 2019 թվականի հունվարի 1-ից կազմում է 165 դոլար հազար խմ-ի դիմաց։ Շարքային սպառողի վրա այս թանկացումը չի ազդում, քանի որ ըստ Նիկոլ Փաշինյանի խնդիրը լուծվել է ներքին որոշ կարգավորումների շնորհիվ։ Հատկանշական է, որ սույն համաձայնությունը ձեռք է բերվել միայն 2019-ի համար, իսկ թե ինչպիսի՞ն է լինելու ռուսական գազի գինը 2020-ին, դեռևս անհայտ է. այդ մասին կողմերը չեն շտապում հայտարարել։

Գազի գնի շուրջ երկար բանակցությունների ֆոնին ոչ պակաս արժեքավոր է նկատելը, որ առկա «փայլուն հարաբերությունների ժամանակ» տեղի են ունենում նաև այլ գործողություններ, որոնք խոսում են՝ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում դեռևս առկա են մութ անկյուններ»։ Այլ կերպ դժվար է հասկանալ, թե ինչու են ժամանակ առ ժամանակ մերձկրեմլյան լրատվամիջոցները խիստ բացասական լույսի ներքո անդրադառնում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին և տարատեսակ իրադարձություններին։ Այս երևույթը նկատելի էր նաև նախորդ իշխանությունների ժամանակ, խիստ հազվադեպ բնույթ ուներ՝ պայմանավորված հիմնականում տարբեր քաղաքական իրադարձություններով, օրինակ 2017-ին Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի կնքմամբ։

Հատկանշական է, որ միայն 2018-ի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4 անգամ հանդիպել են միմյանց՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները։ Այդ ընթացքում երկու պետությունների ղեկավարները ունեցել են տարաբնույթ հեռախոսազանգեր, որոնց շրջանակում բացի միմյանց տարբեր առիթներով պայմանավորված շնորհավորելուց խոսել են նաև միջպետական հարաբերությունների ընդլայնման և խորացման մասին։

2019-ի փետրվարի վերջին ևս մեկ իրադարձություն տեղի ունեցավ, որը թույլ է տալիս մտահոգվել հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման ու բարելավման վերաբերյալ։ Բաքվում կայացավ հակահայկական երթ` նվիրված Խոջալուի իրադարձությունների տարելիցին, որին նաև մասնակցում էին ռուս խորհրդարանականներ, այդ թվում` ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները։ Այս իրադարձությունը ՌԴ ԱԳՆ-ի խոսնակի կողմից ամբողջությամբ չմեկնաբանվեց. Մարիա Զախարովան շրջանցեց հարցը՝ խնդրելով ճշգրտումներ փորձել ստանալ ռուս խորհրդարանականներից։

2019-ի ապրիլին Փաշինյանը ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում չկան մութ անկյուններ։ Մինչդեռ 2018-ի հուլիսին «Էխո Մոսվկի»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը նշել էր, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում մութ անկյուններ չպետք է լինեն։ Արդյո՞ք սա նաև նշանակում է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում այլևս չկան այն մութ անկյունները, որոնք կային, ու անհամաձայնությունները, որոնց մասին հայտարարվել էր շատ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարի կողմից։ Ապրիլին, անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր անձնական շփումներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Ռուսաստանի վերնախավում ոչ բոլորն են գոհ այն իրադարձությամբ, ինչ տեղի է ունեցել 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում։ Թե էլիտայի կոնկրետ որ ներկայացուցիչների մասին էր խոսքը, Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել, սակայն կարծես թե սա առաջին անգամն էր, երբ ՀՀ վարչապետը ուղիղ կերպով խոսեց Ռուսաստանի էլիտայի դժգոհության մասին։

Չնայած դրան, օրեր անց 2019-ի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Փաշինյանն իր հյուրին ուղղված ողջույնի խոսքում նշեց, թե 2018-ին երկկողմ հարաբերությունները զարգացել են ըստ նախատեսվածի. «Իհարկե, դա չի նշանակում, որ չեն եղել հարցեր: Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերություններում շատ կարևոր պահ է, և ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, ոչ թե ի հեճուկս հոռետեսների, այլ ես կարծում եմ, որ պետք է հոռետեսներին դարձնել լավատեսներ: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք դրա համար»:

Ակնհայտորեն նկատելի է, որ հայտարարությունների մակարդակում ասվում է բավականաչափ դրական խոսք երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, սակայն գործողությունների առումով այդ հարաբերությունները չեն արտացոլում հայտարարարությունների էությունը։ Թերևս միայն պատահականություն կամ աշխատանքային գրաֆիկի խիստ զբաղվածությունը չի կարելի պատճառ համարել, որ մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում, որտեղ կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում տեղի չունեցավ, չնայած ավելի վաղ այդ հանդիպումը հավանական էր համարվում։

Նիկոլ Փաշինյանը 2019-ի հունիսի 6-ին և 7-ին աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետի օրակարգում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցությունն էր, ելույթով հանդես գալը և հանդիպումը ՌԴ նախագահի հետ, որին երկկողմ հանդիպումների օրակարգով վերջին անգամ հանդիպել էր 2018-ի դեկտեմբերին: Նկատելի էր, որ Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի խոսքն ավելի հակիրճ էր, քան Նիկոլ Փաշինյանի ելույթը։ ՀՀ վարչապետը նաև որոշակի հարցերի լուծման մասին ակնարկ կատարեց՝ հույս հայտնելով, թե կհաջողվի այդ հարցերի դեպքում հասնել այնպիսի որոշումների, որոնք «չեն կոտրի Հայաստանի տնտեսական աճի դրական տեմպը»։

Հայ-ռուսաստանյան հարաբերությունների լարվածությունը, սակայն, չթոթափվեց նաև Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո։ Ի տարբերություն 2018-ի՝ Փաշինյանը շնորհավորեց Ռուսաստանի պետական բարձրագույն ղեկավարներին պետական տոնի առթիվ, սակայն չայցելեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն, ինչպես 2018-ին էր։ Փոխարենը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հունիսի 14-ին ՌԴ դեսպանին հրավիրվել էր ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի էր ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում՝ պայմանավորված ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպմամբ։

Այս համատեքստում շարունակել պնդումները, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փայլուն են, չունեն մութ անկյուններ, ոչ այլ ինչ է, քան պարզապես «գեղեցիկ խոսքեր», որոնց հասցեատերը գործողությունների առումով այլ կերպ է վարվում. գործնական մակարդակում ամեն ինչ ներկայում առավել քան բարդ է և գնալով բարդանում է։

Հարություն ԾԱՏՐՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ի Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (The Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսավորմամբ «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի աջակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930