Այսօր Երեւանի ավագանու նիստին «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ծավալուն հարց ուղղեց քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին, ակնարկելով, որ այդ համակարգում կարծես «ատկատները» շարունակվում են:
Խաչատրյանը Բաբինյանից հետաքրքրվեց. «Պոլիկլինիկաներում տրամադրվող անվճար դեղորայքը, մասնավորպես վիտամին Դ-ն, հարյուրավոր ծնողների արձագանքից պարզ դարձավ, որ ոչ միայն չեն ստացել դեղորայքը, այլ նույնիսկ տեղյակ չեն, որ պետությունն անվճար դեղորայք է տրամադրում: Իմ բալիկը տխրահռչակ 19 պոլիկլինիկայում է հաշվառված, երբեւիցե տեղեկատվություն չեմ ստացել անվճար դեղորայքի մասին: Ո՞ւր են գնում այդ դեղերը, պարոն Բաբինյան: Պատահաբար միգուցե ձեր մտերիմներից մեկը դեղատո՞ւն ունի: Պոլիկլինիկաների բուժանձնակազմը հիվանդներին ուղղորդում է մասնավոր լաբորատորիաներ, հիմնավորելով պետականների ոչ արժանահավատ լինելով, մինչդեռ պոլիկլինիկաները հագեցած են տեխնիկայով, օրինակ՝ տխրահռչակ 19 պոլիկլինիկայում մամոգրաֆիայրի սարքը 1,5 տարի չէր աշխատում: Սա վկայում է, որ ատկատի մեխանիզմը շարունակում է գործել: Պատվաստումների մասին պոլիկլինիկաները իրազեկում չեն անում: Երեւանում կա կառավարման հանձնված ընդամենը մի քանի բուժհաստատություն, որոնց շուրջ ձեր անունն է շոշափվում, մասնավորապես՝ 19 պոլիկլինիկայի բաժիններից մեկի պետը ձեր հորաքույրն է, Գրիգոր Նարեկացի ծննդատան փոխտնօրենը ձեր քույրն է, կարդիոլոգիայի ինստիտուտի դիահերձարանում, ըստ շրջանառվող լուրերի, դուք ունեք մասնաբաժին, ինչպես նաեւ նշածս մյուս բուժհաստատություններում փայ ունեք: Ձեր ենթակայության տակ գտնվող շտապօգնությանը ուղղորդում եք տվալ դիահերձարան»:
Մինչեւ Բաբինյանի պատասխանելը՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց Անի Խաչատրյանին, մեջբերելով նախկինում իր մասնակցությամբ «Կարգին հաղորդման» սքեչերից մեկից դրվագ. «Ուղղակի չեմ կարող չասել, էդ որ անընդհատ ասում եք 19 պոլիկլինիկա, հայտնի անեկդոտն եմ հիշում՝ դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»:
Կամսար Բաբինյանն էլ պատասխանեց.«Իմ հորաքույրը թիվ 19 պոլիկլինիկայում աշխատում է որպես մայրապետ: Այո, իմ քույրը Գրիգոր Նարեկացի բուժկենտրոնում փոխտնօրեն է: Ձեր բերված պնդումները, որ ես առնչություն ունեմ նշված բուժհիմնարկների հետ, իրականությանը բացարձակ չեն համապատասխանում: Ինչ վերաբերում է պատվաստումներին՝ կայքում մեկ շաբաթ առաջ տեղեկացրել ենք, քննարկում է եղել, որոշ պոլիկլինիկաներում պատվաստումների իրազեկման հետ կապված խնդիրներ են եղել, պատասխանատուները, որոնք թերացել են, պատասխանատվության են ենթարկվել: Անվճար դեղորայքի խնդիրը՝ վիտամին Դ-ի մասին, գալիս է թիվ 20 պոլիկլինիկայից: Տնօրենը ձեզ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է, որ բալիկները ստանում են: Մի դեպք է եղել, մի օր չի եղել, մյուս օրը տրամադրվել է»: Բաբինյանը, դիմելով Խաչատրյանին, ասաց, որ եթե նա տիրապետում է «ատկատի» մասին տեղեկատվության, ապա փոխանցի առողջապահության վարչությանը, իրենք էլ կդիմեն ոստիկանությանը:
Կարդացեք նաև
Այս պատասխանն Անի Խաչատրյանին այնքան էլ չբավարարեց. նա արձագանքեց՝ սովորաբար ուրիշների անունների տակ են քողարկվում նման բաները, բայց կրակն առանց ծուխ չի լինում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ