ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է հերթական նիստում քննարկվելիք պարտադիր հարցերի ցանկը. ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություն, Հաշվեքննիչ պալատի 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում և ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան:
Այնուհետև օրինագծերի պատրաստության և դրանց շուրջ հանձնաժողովային քննարկումների վերաբերյալ պարզաբանումներ են տվել մշտական հանձնաժողովների պատասխանատուները:
Այդպիսով՝ հերթական նիստի օրակարգի նախագծում տեղ է գտել 13 օրենսդրական նախաձեռնություն:
Կարդացեք նաև
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև խորհրդարանական գործունեությանն ու աշխատանքների կազմակերպմանն առնչվող այլ հարցեր:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ 9-րդ նստաշրջանի վերջին նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 27-ին ժամը 11:00-ին:
Այսօր՝ ավելի վաղ, Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
Խոսելով «Հանրաքվեի մասին» ԱՀ օրենքի նախագծի մասին՝ նախարարը նշել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ է ստացել պատգամավորներ Էդուարդ Աղաբեկյանից, Գագիկ Բաղունցից և «Դաշնակցություն» խմբակցությունից: Նախարարը նիստի ընթացքում պարզաբանումներ է ներկայացրել վերոնշյալ առաջարկները չընդունելու առնչությամբ և պատասխանել պատգամավորների հարցերին: Հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովի նիստի օրակարգային մյուս հարցը պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի հեղինակած՝ «ԼՂՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծն էր, որի քննարկումը, սակայն, հեղինակի առաջարկով, հետաձգվել է մինչև «Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ԱՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը:
Նախարարը հաջորդիվ ներկայացրել է «Արցախի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ԱՀ օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով: Պատգամավորները քննարկել և հանդես են եկել առաջարկություններով: Հանձնաժողովը դրական ընթերցմամբ հավանություն է տվել օրինագիծն առաջին ընթերցմամբ հերթական նիստի օրակարգում ներառելուն:
Քննարկվել և հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանացել նաև «ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ ուղեկցող փաթեթով:
Արարատ Դանիելյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Կուսակցությունների մասին» ԱՀ օրենքի նախագիծը և առաջարկել այն քննարկել առաջին ընթերցմամբ: Այս նախագիծը ևս հավանություն է ստացել՝ հերթական նիստի օրակարգում ընդգրկվելու համար:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին