Հանրային քննարկումը տեղի ունեցավ սույն թվականի հունիսի 19-ին ժամը 17:00-19:30 ժամանակահատվածում, սակայն, ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի նախատեսված էր իրականացնել մինչև հունիսի 17-ը: Քննարկմանը մասնակցելու համար «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան (այսուհետ՝ ՀԱԱԽ կոալիցիա) ներկայացրել էր դիմում, ինչին ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարությունը՝ շրջանցելով ՀՀ վարչապետի հանձնարարականը քննարկում կազմակերպելու վերաբերյալ, առաջարկել էր ներկայացնել գրավոր առաջարկներ, սակայն ունենալով բազմաթիվ հարցեր ՀԱԱԽ կոալիցիան բաց նամակով դիմեց ՀՀ վարչապետին, ինչից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպեց քննարկում:
Տարակուսելի է, որ ՄԺԾԾ հայտում ներկայացված չէին՝
- ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող առանձնացված ստորաբաժանումների և պետական հիվանդանոցների անձնակազմի աշխատավարձերի համար նախատեսված գումարը և պարգևավճարերը
- ՀՀ առողջապահության նախարարության և նախարարության ենթակայության տակ գտնվող առանձնացված ստորաբաժանումների անձնակազմի գործուղումների համար նախատեսված ծախսերը
- ծախսերի բացվածքը, թե ինչ մեթոդաբանությամբ է նախատեսվում ծախսել գումարը
ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված չէր ՄԺԾԾ հայտին կից «Հավելված 9», որը դեռևս հրապարակված չէ:
Քննարկմանը ՀԱԱԽ կոալիցիայի կողմից մասնակցում էին՝
- «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ
- «Հայաստանի ատամնաբուժական կլինիկաների բժիշկների ասոցիացիա» ՀԿ
- «Համահայկական գիտաբժշկական միավորում» ՀԿ
- «Առողջ հանրություն» ՀԿ
- «Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» ՀԿ
Քննարկման ընթացքում բարձրացվեցին բազմաթիվ հարցեր կապված ստոմատոլոգիական ծառայությունների, լաբորատոր ծառայությունների, սկրինինգային հետազոտությունների գնագոյացման վերաբերյալ:
Հարկ է նշել, որ գնագոյացումը իրականացվել է ոլորտի շուկայական գներից անհամեմատ ցածր գներով, ինչը նշանակում է, որ ծրագրերի իրականացման գործընթացի որակը լինելու է խիստ ցածր, կամ ծրագրերը իրականացվելու են մասնակի:
ՀԱԱԽ կոալիցիան առաջարկում է վերանայել գնագոյացման մեթոդաբանությունը և հաշվարկները իրականացնել միայն ոլորտային շուկայի մանրամասն ուսումնասիրությունից հետո:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմված հայտում բազմաթիվ անգամ նշված է «որակյալ բժշկական օգնություն և ծառայություններ» արտահայտությունը, որի հիմնական գրավականն է հանդիսանում կլինիկական ուղեցույցների ներդրումը, սակայն ըստ ՄԺԾԾ հայտի հատկացված չէ գումար կլինիկական ուղեցույցների մշակման, ադապտացման և ներդրման համար: Նշված մասնագիտական ուղեցույցները հնարավորություն են տալիս լուծել մի շարք խնդիրներ՝ կապված բուժառուների դժգոհությունների, բժշկական սխալի և բժշկական անփութության տարբերակման, դեղերի շրջանառության հետ և հանդիսանում են ապահովագրական բժշկության ներդրման գործընթացի անբաժան մասնիկը:
ՀԱԱԽ կոալիցիան առաջարկում է հատկացնել համապատասխան ռեսուրսներ կլինիկական ուղեցույցների մշակման և ներդրման համար, իսկ յուրաքանչյուր հաջորդ տարի այդ ուղեցույցների վերանայման և թարմացման համար:
Յուրաքանչյուր տարի նախատեսված է տրամադրել 100 մլն դրամ հակածխախոտային պայքարի համար, սակայն նշված չէ, թե ինչպես և ինչ մեթոդով է ծախսվելու նշված գումարը: Հակածխախոտային պայքարը և քարոզը մեծամասամբ իրականացվում են հասարակական կազմակերպությունների միջոցով՝ իրենց ֆոնդ-հայթայթման արդյունքում:
ՀԱԱԽ կոալիցիան առաջարկում է կնքել համագործակցության հուշագրեր հասարակական կազմակերպությունների հետ հակածխախոտային պայքարի շուրջ և առողջապահության բյուջեից չառանձնացնել ֆինանսավորում այդ ուղղության համար:
Տարակուսելի և անհասկանալի է հայտում նշված վարակիչ հիվանդությունների տարածման վերաբերյալ ընտրված ուղղություններից մի քանիսը, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում երբևիցե չգրանցված Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդ, Արևմտյան Նեղոսի տենդ, Դենգե, Զիկա և այլ հիվանդությունների հիշատակումը և դրանց դեմ պայքարի համար ֆինանսավորման նախատեսումը:
ՀԱԱԽ կոալիցիան հորդորում է հիմնավորել այդ հիվանդությունների հնարավոր բռնկման վերաբերյալ նշված տեղեկատվությունը, ինչպես նաև նկարագրել պայքարի մեթոդաբանությունը, քանի որ նման հիվանդությունների բռնկումը հանդիսանում է ազգային անվտանգության խնդիր և եթե կա դրանց բռնկման հավանականություն, ապա անհրաժեշտ է ժողովրդի լայն զանգվածներին իրազեկել այդ մասին:
Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին տարիներին վարակիչ հիվանդություններով բնակչության լայն շերտերի հիվանդացություն չի դիտվել, ուստի հորդորում ենք առողջապահության նախարարությանը, հաշվի առնելով վարակիչ հիվանդությունների բռնկումների բացակայությունը, հիմնավորել իմմունիզացիայի բյուջեի 44% ավելացումը:
Հայտում նշված է «Թրաֆիքինգի զոհերին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման շրջանակներում 2016-2018թթ. ընթացքում բժշկական օգնություն չի տրամադրվել դեպքերի բացակայության պատճառով, ուստի հիմնավորված չէ 2019 թվականին 2 մլն դրամի հատկացումը այդ նախագծին:
Հայտում նշված են առանձին տողերով և առանձին ֆինանսական հատկացումներով «հրատապ բժշկական օգնության» և «անհետաձգելի բժշկական օգնության» բաժինները: Քննարկման ընթացում մեր կողմից բարձրացված հարցին, թե ո՞րն է տարբերությունը և ինչո՞ւ են առանձին գումարներ նախատեսված, մենք չստացանք որևէ պատասխան, ուստի հիմնավորված չենք համարում «հրատապ բժշկական օգնության» 100 դեպքերի համար նախատեսված 100 մլն դրամի հավելյալ ֆինանսավորման հատկացում:
«Բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզերային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցում» ծրագրի իրականացման համար նախատեսվում է տարեկան 50 մլն դրամ: Ծրագիրը չի լուծում մարզերում կադրային ապահովման հարցը, ինչպես նաև ծրագրին մասնակցությունը ցածր մակարդակի վրա է, ուստի նպատակահարմար չէ գումարի հատկացումը այդ ծրագրի համար:
Գեղարքունիքի մարզում կառուցվող Մարտունու բժշկական կենտրոնի համար ծախսված ֆինանսական միջոցները, կարծում ենք, որ արդարացված չեն, քանի որ նույն մարզում առկա են Սևանի և Գավառի բժշկական կենտրոնները, ուստի՝
ՀԱԱԽ կոալիցիան առաջարկում է ֆինանսավորումը ուղղել Սևանի և Գավառի բժշկական կենտրոնների սարքավորումներով հագեցման գործընթացին: Մարզում բազմապրոֆիլ բուժկենտրոններից որևէ մեկի հագեցվածության և կադրային ապահովման պարագայում հնարավոր կլինի սպասարկել ամբողջ մարզի բնակչությունը:
ԱԱՊ օղակի զարգացման ծրագրում առաջարկում ենք բացել ցերեկային ստացիոնար ծառայություն, ինչը զգալիորեն կնպաստի հիվանդանոցների բեռնաթափմանը և պոլիկլինիկական օղակի զարգացմանը:
Ստոմատոլոգիական ոլորտում իրականացվող ծրագրերում կատարված հաշվարկը չի համապատասխանում ոլորտի շուկայական նվազագույն արժեքներին, ինչի պատճառով կամ ծրագիրը իրականացվելու է մասնակի, կամ էլ տուժելու է բուժառուին տրամադրվող բուժօգնության որակը: Նշված գնային քաղաքականությամբ հնարավոր չէ արժանավայել վարձատրել ստոմատոլոգիական ոլորտի բուժանձնակազմին, ուստի՝
ՀԱԱԽ կոալիցիան առաջարկում է վերանայել ստոմատոլոգիական բուժօգնության համար հատկացված ֆինանսավորումը և գնագոյացման քաղաքականությունը:
Ստոմատոլոգիական ոլորտում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության ծառայությունները լիարժեք չեն արտացոլում բնակչության առողջական կարիքները, ուստի՝
«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի անդամ «Կառուցողական ստոմատոլոգիա», «Հայաստանի ատամնաբուժական կլինիկաների բժիշկների ասոցիացիա» և «Համահայկական գիտաբժշկական միավորում» հասարակական կազմակերպությունները համատեղ քննարկման արդյունքում
առաջարկում են ավելացնել ստոմատոլոգիական ծառայությունների տեսակները, մասնավորապես՝ ատամնաքարերի մաքրում, գինգիվիտի բուժում, պարադոնտիտի բուժում և ատամի բարդ հեռացում: Առաջարկվում է ախտորոշումների հստակեցում, մասնավորապես՝ պուլպիտի պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել ատամի արմատների քանակը, ինչպես կարիես հիվանդության, այնպես էլ պերիոդոնտիտի դեպքում:
Առաջարկների թվում է նաև 12 տարեկան երեխաներին պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագրի վերականգնումը:
Ամփոփելով վերը նշված խնդիրները` ՀԱԱԽ կոալիցիան հորդորում է ՀՀ առողջապահության նախարարությանը վերանայել ՄԺԾԾ հայտը:
ՀԱԱԽ կոալիցիան հայտնում է պատրաստակամություն մասնակից լինել ՄԺԾԾ հայտի կազմման գործընթացին և տրամադրել համապատասխան խորհրդատվություն:
«Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան