Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ուշագրավ հայտարարություն արեց: Նա այսօր ավագանու նիստին ասաց, որ դեռեւս 2006 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գնվել է համայնքային հող՝ 1 միլիոն դրամով, ապա մեկ տարի հետո այդ նույն հողատարածքը վաճառվել է 247 միլիոնով:
Սակայն, ինչպես նշեց Մարությանը, դատախազությունից վստահեցրել են, թե իրենք այստեղ անելիք չունեն, 10 տարի ժամանակ է անցել, գործի վաղեմության ժամկետի խնդիր կա:
Քաղաքապետի խոսքով. «2016 թվականին գործը բացել են, ես ուրախացա, ասացի՝ վա՜յ, գործը բացել են, էն էլ պարզվեց բացել էին, որ փակեն, ասեն՝ 10 տարի անցել է, իրենք անելիք չունեն, չարաշահում է եղել, բայց ժամկետն անցել է, ու ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվի»:
Բացի այս, ինչպես ասաց Մարությանը, դատախազությունը նաեւ վստահեցրել է, որ տվյալ հողը քաղաքապետարանը պետք է հետ վերցնի, ընդ որում, քաղաքապետարանը ստացել է նոր նախագիծ, ըստ որի, ինչ-որ ընկերություն ուզում է այդ տարածքում շինարարություն իրականացնել, որն այս պահին հնարավոր չէ՝ պայմանավորված ստեղծված իրավիճակով:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ