Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաղական թափոնների բիզնեսով զբաղվող խոշոր ընկերությունները բողոքել են, որ փոքր ու միջին բիզնեսն իրենց «գործին խփում է»

Հունիս 26,2019 17:22

Մետաղական թափոններ վերամշակող փոքր ու միջին բիզնեսով զբաղվող մի քանի տասնյակ ընկերություններ, որոնք հիմնադրվել են մեկ տարի առաջ՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, այսօր փակման վտանգի առաջ են կանգնած: Բանն այն է, որ ծանր մետաղների հավաքմամբ ու ձուլմամբ զբաղվող մի քանի խոշոր ընկերություններ դիմել են Էկոնոմիկայի նախարարություն՝ դժգոհություն հայտնելով, որ ՓՄՁ-ն,այսպես ասած, խփում է իրենց գործին: Նախարարությունն էլ նաեւ այդ դժգոհությունները հիմք ընդունելով՝ օրենքի նախագիծ է պատրաստել, որով վերացվում են մետաղական թափոններ վերամշակող ընկերությունների՝ արտոնությունները: Այսինքն՝ այդ ՓՄՁ-ները, որոնք մետաղը հավաքում ու վերամշակում էին, որից հետո արտահանում, այսուհետ յուրաքանչյուր մեկ տոննայի դիմաց պետք է վճարեն 80 հազար դրամ: Այս մասին այսօր Նոյյան տապան մամուլի սրահում պատմեցին վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները: Մինչ այս, նրանք արտահանման համար գումար չէին վճարում:
Այս ընկերությունների շահերի պաշտպան Արթուր Այվազյանի խոսքով, այդ տնտեսվարողները բացի այն, որ տնտեսական գործունեությամբ են զբաղվում՝ հարկեր են վճարում, աշխատատեղեր ստեղծում, չափազանց կարեւոր բնապահպանական խնդիր են լուծում՝ դաշտերից, անտառներից, բնակավայրերից հավաքելով մետաղական թափոնները, մասնավորապես՝ ավտոմեքենաների ջարդոնները եւ այլ մետաղական իրեր, որոնք տասնյակ տարիներ թափված են մեր բնակավայրերում եւ բնությանը անվերականգնելի վնասներ են հասցնում:

«Մենք վերամշակում ենք թեթեւ մետաղները, որոնք բնության համար դառնում են աղբ, այլ երկրներում, մետաղները հավաքելու համար, նույնիսկ, պետական դոտացիաներ են տալիս»,-ասաց Արթուր Այվազյանը:

Արման Հարությունյանի խոսքով, մինչ հեղափոխությունը դաշտը մեջ մեջ էր արված եւ որեւէ մեկն իրավունք չուներ մտներ այս ոլորտ: Եվ, քանի որ դաշտը բացվել է, տասնյակ ընկերությունները սկսել են այդ բիզնեսով զբաղվել, որոնք այդ թափոնները հավաքում, վերամշակում, ապա արտահանում են: Այս հանգամանքն էլ հարուցել է խոշոր ձուլարանների տերերի զայրույթը: Ըստ ընկերությունների ներկայացուցիչների, ձուլարանների սեփականատերերը պատճառաբանում են, որ փոքրերի գործունեության հետեւանքով հումքը թանկացրել է: Մինչդեռ, ըստ Արման Հարությունյանի, հումքի գինը բարձրացել է արդար մրցակցության արդյունքում. «Նախկինում միայն իրենք էին դաշտում, ցածր գներով էին այդ մետաղն ընդունում, եւ թեթեւ մետաղը նրանց չէր հետաքրքրում, միայն ծանր մետաղն էին հավաքում, մենք եռակի ծախս ենք կատարում, դաշտերից հավաքվում է, տեղափոխվում ինչ-որ տարածք, հետո՝ վերամշակվում, նոր միայն արտահանվում»:

Մետաղական թափոնների վերամշակմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները այս առիթով իրենց բողոքն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ազգային ժողովի տնտեսական հարցերով պատասխանատուներին՝ հորդորելով վերանայել նախագիծը: Նրանց խոսքով՝ 2 ամիս է իրենց գործը կանգնած է,մինչդեռ մի քանի ամիսների ընթացքում ոչ միայն հսկայական քանակությամբ մետաղական աղբ են հավաքել, շահութահարկ ու եկամտահարկ վճարել, աշխատողներ պահել, այլեւ, հավակնում են փոքր բիզնեսից վերաճել խոշորի, ինչը պետք է ողջունելի լինի: Նրանք պահանջում էին կառավարությունից տարանջատել ծանր մետաղները թեթեւ մետաղներից եւ օրենքում փոփոխություն անել:

Ընկերության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին հիշեցնում են, թե ինչպես էր մարզերում, ամեն քայլելուց ասում՝ մինչեւ այս աղբը չհավաքեք՝ հեղափոխությունն ավարտված չէ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930