ԱՄՆ-Իրան առճակատումը վերջին օրերին լարվածության նոր փուլ է թևակոխել։
Թվում է, թե Սպիտակ Տունը չի կարողանում հստակ քաղաքականություն և դիրքորոշում ընդունել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի սահմանափակման և Իրանի համակարգի վերաբերմունքը փոխելու վերաբերյալ: Իրանի պետական համակարգին համակրող քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ՝ ներկայիս դրությամբ, Իրանի նկատմամբ Սպիտակ տանը կան առնվազն երեք խմբակցություններ տարբեր մոտեցումներով, որոնք ունեն տարբեր տեսակետներ Իրանի, Միջին Արևելքի և ընդհանրապես Իսլամական աշխարհի հարցերի կարգավորման վերաբերյալ:
Առաջինը ծայրահեղական թևն է, որը ներառում է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, ԱՄՆ-ի նախագահ՝ Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ՝ Ռուդի Ջիուլիանիին և ԱՄՆ Կոնգրեսի որոշ ծայրահեղական ներկայացուցիչներին, որոնք փորձում են պատերազմի միջոցով տապալել Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը և նույնիսկ մասնատել Իրանը:
Երկրորդ խմբում ընդգրկված են ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի նման պետպաշտոնյաներ, որոնց մոտեցումները սովորաբար համընկնում է Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) և Պենտագոնի տեսակետների հետ: Նրանք փորձում են, Մերձավոր Արևելքի տարածաշրջանի արաբական դաշնակից երկրների և Իսրայելի օգնությամբ պրոքսի պատերազմ հրահրելով Իրանի դեմ, Թեհրանի իշխանություններին պարտադրել ընդունելու ԱՄՆ-ի կողմից առաջադրված 12 կետանոց պայմանները։
Կարդացեք նաև
Ամերիկյան քաղաքականության մեջ երրորդ բլոկը ներառում է այնպիսի մարդկանց, ինչպիսիք են հենց նախագահ Դոնալդ Թրամփը, որի դիրքորոշումները ավելի մոտ են դեմոկրատներին, չնայած նրա որոշ սուր հռետորաբանություններին: Այս խումբը փորձում է տնտեսական պատժամիջոցներով և առավելագույն ճնշումներով Իրանի հոգևոր իշխանությանը պարտադրել Համատեղ Գործողությունների Համապարփակ Գործարքի (ՀԳՀԳ) և հրթիռային ծրագրի շուրջ նստել բանակցության սեղանի շուրջ, գոնե առերևույթ հայտարարելով, որ միտում չունեն փոխել Իրանի իսլամական համակարգը։
Իրան-ԱՄՆ հարցերով փորձագետ ԵՊՀ դասախոս իրանագետ Գոհար Իսկանդարյանը հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով, որ ԱՄՆ-ն ամեն գնով ցանկանում է նստեցնել Իրանին բանակցությունների սեղանի շուրջ հավելեց, իմ համոզմամբ` Իրանը ևս ցանկանում է բանակցությունների միջոցով հարթել խնդիրները, բայց ոչ թե պարտադրանքով և սադրանքներով, այլ որոշակի փոխզիջումների միջոցով նստել և հասկանալ, թե ինչ խնդիրներ կան Իրանի և Միացյալ Նահանգների միջև, ինչպես պետք է հանգուցալուծումները գտնել: :
Այն բանից հետո, երբ հունիսի 20-ի վաղ առավոտյան, Իրանի պահապանների կորպուսի ավիատիեզրային ուժերը Հորմուզի նեղուցում խոցեցին Իրանի երկնատարածք ներխուժած ամերիկյան Global Hawk անօդաչու թռչող սարքը, ավելի է սրվել Վաշինգտոն ԱՄՆ-ը առճակատումը տարածաշրջանում և միջազգային հարթակում։
ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Ուրբանը հայտարարել էր, որ իրանական տարածքում իրենք անօդաչու չեն ունեցել: Ավելի ուշ Associated Press-ը և Reuters-ը, վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները, հայտնեցին, որ ամերիկյան անօդաչու է խփվել, բայց այն եղել է միջազգային օդային տարածքում:
Միջադեպից անմիջապես հետո, Սպիտակ տանը նախագահի օգնականների եւ Կոնգրեսի ղեկավարների միջեւ ակտիվ խորհրդակցություններից եւ վեճերից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին հարված հասցնելուն, բայց ավելի ուշ մտափոխվել է։
Իսկ մյուս կողմից կարելի է միայն ենթադրել, որ 10 րոպե նախքան հարձակման որոշում կայացնելը Վաշինգտոնում տեղակայված Իրանի որոշ շրջանակների կամ Ռուսաստանի կողմից մեսիջներ են հղվել Սպիտակ տուն, փորձելով հանդարտեցնել իրավիճակը բանակցության դուռը բաց թողնելու հեռանկարով:
Այնուհետև, Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է առանց նախապայմանի բանակցել Իրանի հետ: Նա պնդում էր, որ չի ուզում պատերազմ սկսել Իրանի հետ, բայց եթե հակամարտությունը սկսի Իրանի հետ, ապա այդ երկիրը կործանվելու է: Անկասկած, Թրամփի վերջին շեշտադրումը վերաբերում է Իրանի տնտեսական և հասարակական ոչնչացմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերին։
Դոնալդ Թրամփը փորձում է Իրանի նկատմամբ քաղցրաբլիթի և մահակի քաղաքականություն վարելով առավելագույն տնտեսական ճնշումը գործադրել Իրանի վրա, միայն քաղցրաբլիթը պահել է իր ձեռքում, իսկ մահակը հանձնել է՝ տարածաշրջանում արաբական դաշնակից երկրներին ու Իսրայելին։ Այսպիսով՝ նա կարող է ԱՄՆ-ի հանրությանը համոզել, որ անձամբ դեմ է Իրանի հետ պատերազմ սկսելու ցանկությանը, իսկ Իրանին ռազմական հարված հասցնելու գործը հանձնարարել Իրանի թշնամի իր դաշնակիցներին։
Հաջորդ քայլով, իր սպառնալիքներն իրականացնելու նպատակով, հունիսի 24-ին, ԱՄՆ նախագահը ստորագրել է հրամանագիր, որով նոր պատժամիջոցներ են սահմանվել Իրանի դեմ:
Դոնալդ Թրամփը նշել է, որ նոր պատժամիջոցներն ավելի կոշտ են և Վաշինգտոնը շարունակելու է Իրանի վրա ճնշում գործադրել:
Սպիտակ տան իր աշխատասենյակում պատժամիջոցների վերաբերյալ հրամանը ստորագրելու ժամանակ Դոնալդ Թրամփը մանրամասնել է, որ որոշման արդյունքում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, նրա գրասենյակը և նրա հետ սերտ առնչություն ունեցող հոգևորական իշխանություններն ու պահապանների կորպուսի ավագ հրամանատարները չեն կարողանա օգտվել միջազգային առանցքային ֆինանսական ռեսուրսներից: Խոսվում է նաև առաջիկա շաբաթ Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական հատուկ մեխանիզմ՝ INSTEX-ը պատժամիջոցների ենթարկելու հնարավորության շուրջ։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նույնպես հավելել է, որ պատժամիջոցների արդյունքում կսառեցվեն Իրանի գերագույն առաջնորդին պատկանող միլիարդավոր դոլարներ:
Թրամփի այս քայլից անմիջապես հետո, ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտի ղեկավար Սթիվ Մենուչինը, մամուլի ասուլիսում հայտարարել է. «Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել ԻԻՀ առաջնորդի գրասենյակի և ԻՀՊԿ 8 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ռազմածովային ուժերի հրամանատար, գեներալ Ալիռեզա Թանգսիրիի, օդուժի հրամանատար Ամիրալի Հաջիզադեի և ցամաքային ուժերի հրամանատար, Մուհամմեդ Փաքփուրի նկատմամբ»:
Մենուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է այս շաբաթ պատժամիջոցներ սահմանել նաև ԻԻՀ ԱԳՆ Մուհամմեդ Ջավադ Զարիֆի դեմ:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի ղեկավարության նկատմամբ սահմանած պատժամիջոցներով ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը:
Սակայն որոշ վերլուծաբանների կարծիքով առաջին հայացքից թվում է թե Իրանի պահապանների կորպուսը Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Մուբարաք լեռան մերձակա տարածքում ամերիկյան Global Hawk անօդաչու թռչող սարքը խոցել է Իրանի երկնատարածքը պաշտպանելու համար: Միջադեպից չորս օր հետո, ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Հոսեյն Խանզադին ասել է.«Ամերիկյան ԱԹՍ կործանելը Իրանի կտրուկ պատասխանն է թշնամիներին, ինչը կարող է կրկնվել»: Անդրադառնալով թշնամիների տնտեսական շրջափակումներին, ծովակալ Խանզադին ասել է. «Իրանն կարող է հզորությամբ ու ինքնուրույն հանդես գալ և Մերձավոր Արևելքում անվտանգություն հաստատելուց բացի, թշնամուն հեռացնել այս տարածաշրջանից»:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, անդրադառնալով Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի ԱԳ նախարարների կողմից հրապարակված համատեղ հայտարարությանը, որը նա անվանել է «քաղաքական անպատկառություն», ասել է, որ հուլիսի 7-ին մեկնարկում է Իրանի կողմից ՀԳՀԳ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման երկրորդ փուլը: Թվում է, թե Թեհրանը փորձում է ՀԳՀԳ-ից դուրս գալու սպառնալիքով և Պարսից ծոցում և իր արբանյակ արաբական հիմանական շիա դավանանքով երկրներում հարվածներ հասցնելով ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցներին, կարճ ժամկետում ենթահող պատրաստել ավելի ուժեղ դիրքերից Վաշինգտոնի և Արևմուտքի հետ նստել բանակցության սեղանի շուրջ։
Իրանի կողմից նման ուղերձ հղելը ԱՄՆ-ին ու տարածաշրջանային թշնամի երկրներին, իր մեջ պարունակում է այն ուղերձը, որ Իրանի ռազմական իշխանությունները որոշել են նախահարձակողի դիրքում հանդես գալով Իրանի ռազմական ուժը ցուցադրել հակառակորդներին։ Այսպես, ԱՄՆ-ի ԱԹՍ-ի խոցումը Պարսից ծոցում կարող էր անվտանգության որոշակի ապահով գոտի ստեղծել Իրանի համար, կանխելու ԱՄՆ-ի ծովուժի ցանկացած հարվածներն Իրանի ուղղությամբ։ Մյուս կողմից Իրանի այս վարքագիծը ցույց է տալիս, որ Թեհրանի հոգևոր ծայրահեղական իշխանությունները և պահապանների կորպուսի միլիտարիստ հրամանատարական կորիզը միտումնավոր փորձում են վաղաժամ սահմանափակ ռազմական գործողություն սկսել ԱՄՆ-ի հետ և ստուգել ԱՄՆ-ի ցանկությունը կամ պատրաստությունը պատերազմի համար։ Նրանք մտածում են ավելի լավ է նախքան տնտեսական պատժամիջոցների հետևանքով երկրի ֆինանսական, տնտեսական և մարդկային ռեսուրսների լիովին ցամաքելը և հասարակական լայնածավալ դժգոհությունների ալիքի մեկնարկը, սահմանափակ պատերազմի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, այսպիսով` ներքին ճակատում հասարակության ներուժը մոբիլիզացնել արտաքին թշնամուն դիմակայելու հարցի վրա, իսկ ԱՄՆ-ին ներգրավել Իրաքում, Եմենում, Սիրիայում և Պարսեց ծոցում պրոքսի պատերազմների մեջ, այն հույսով, որ դա կազդի 2020 թ․-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների վրա, մեծացնելով Դոնալդ Թրամփի վերընտրման ռիսկերը։ Իրանի այս քաղաքականությունը խիստ մտահոգում է առնվազը Դոնալդ Թրամփին, քանի որ եթե նա փորձի թեկուզ կետային հարվածներ հասցնել Իրանին դա կարող է ազդել իր վերընտրման գործընթացի վրա, իսկ Իրանին առավել մոտեցնել Մոսկվային և Պեկինին։
Իրանի բարձրագույն հոգևոր իշխանությունները և հատկապես գվարդիայի հրամանատարները տեսնելով Սիրիայի ներքին պատերազմում Ռուսաստանի աջակցությամբ՝ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դիմադրությունը և Վենեսուելայի քաղաքացիական և տնտեսական ճգնաժամում կրկին Մոսկվայի հովանավորությամբ Նիկոլաս Մադուրոյի իշխանության վրա մնալու փխրուն հաջողությունները ավելի են ոգևորվել երրորդ ուժի մասնակցությամբ և աջակցությամբ, առավելագույն դիմադրության քաղաքականություն որդեգրելով երկարաձգել իսլամական համակարգի գոյությունը։ Իհարկե, Դոնալդ Թրամփի կառավարության հիմնական սխալն այն է, որ անտեսում է Իրանի քաղաքացիական շարժումներին համարժեք աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը և ընդհանրապես կենտրոնացած են տնտեսական և քաղաքական ճնշումների գործոնի կիրառման վրա։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանն հունիսի 22-ին 168․am-ին կայքին տված զրույցում ասել, որ շարունակական լարվածություն հակամարտող կողմերի միջև կլինի, բայց անմիջական բախում չի լինելու, քանի որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Իրանը շահագրգիռ չեն, որպեսզի անմիջական բախում լինի։ Ըստ նրա՝ նույնիսկ, եթե լինի բախում, այն կլինի միջնորդավորված, ենթադրենք՝ Իսրայելի, Սաուդիան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով։ Նրա համոզմամբ ուղիղ բախումներ չեն լինելու։
Այնուամենայնիվ, այն, որ 2020 թ․-ին Թրամփի նախագահ չընտրվելը, դեռեւս խնդիր չէ, իսկ մյուս կողմից` 40 տարվա փորձի հիման վրա, երկու երկրի առճակատումը, ցույց է տալիս, որ ոչ թե, հիմնականում չի փոխում Միացյալ Նահանգների խնդիրը Իրանի հետ, նույնպես Թեհրանում ևս անտեսելով ԱՄՆ-ի սպառնալիքները, Իրանի հոգևոր և ռազմական ծայրահեղական իշխանությունները անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում իրենց տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության բարեփոխման ուղղությամբ, որոնք մեծ դեր են խաղացել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ լարվածության սրման մեջ:
Ավելի կարեւոր փաստն այն է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները եւ Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշում» քաղաքականությունը արդեն ուժի մեջ են մտել, և որ եվրոպացիները եւ նույնիսկ չինացիները խոստովանեցին, որ այդ պատժամիջոցները մեղմացնելու համար շատ բան չեն կարող արել:
Իրանի գերագույն առաջնորդը դա չի կարող խոստովանել, սակայն հունիսի 26-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանը չի ձգտում տարածաշրջանի լարվածության սրմանը և երբեք չի ձգտել որևէ երկրի, այդ թվում նաև ԱՄՆ-ի հետ պատերազմի:
Անկասկած ցանկացած ռազմական գործողություն, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից, տարածաշրջանն առավել կդարձնի պայթյունավտանգ և անկառավարելի։
Իսկ Դոնալդ Թրամփը կամ նրա չափավոր խորհրդականները դա գիտակցելով՝ հուսով են, որ մինչև առաջիկա մեկ տարի շարունակելով սեղմել Իրանի շուրջ տնտեսական պատժամիջոցների օղակը, Թեհրանին լիովին կարող են զրկել ռազմական, ֆինանսական և հասարակական կարողության բոլոր պաշարներից և այլ խոսքով արյունաքամ անելով Իսլամական համակարգը, ցանկացած պահին «քարտ-բլանշ» տալ տարածաշրջանային դաշնակիցներին սահմանափակ ռազմական հարված հասցնելու Իրանի շիա դաշնակիցներին Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Դա անկասկած Իրանի գերագույն առաջնորդին կստիպի հրաժարվել իր մաքսիմալ պահանջներից և կրկին Իսլամական հանրապետության արտգործնախարարին գործուղել ցանկացած կողմի հետ բանակցությունները վերսկսելու համար։
Ներկա իրավիճակում պատժամիջոցների ազդեցությունն ավելի ու ավելի է մեծանում Իրանի վրա և թուլանում է «դիմադրության» քաղաքականության ազդեցությունն ու հեռանկարը եւ այաթոլլահների իշխանության «ո՛չ պատերազմ, ո՛չ բանակցություն» կարծրատիպային շեշտադրումը: Հնարավոր է, ԱՄՆ-ի վարչակազմի կողմից այս կամ այն ազդանշանն ու պատժամիջոցների համար որոշ բացառությունները այնպիսի պայմաններ ստեղծեն, որ Թեհրանը դա համարելով իր դիմադրողական քաղաքականության հաղթանակ, փորձի գնալ ԱՄՆ-ի հետ բանակցային սեղանի կողմը: Դա կարող է փրկել տարածաշրջանը անկանխատեսելի սուր բախումներից։
Վահե ԱՐԱՄՅԱՆ