«Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց այսօրվա հանրային քննարկման ժամանակ «ՎԵՏՕ» քաղաքական շարժման անդամ Անի Հովհաննիսյանի այն մեղադրանքները, թե հիմնադրամը պետականաքանդ գործունեությամբ է զբաղվում: «Մեր հիմնադրամը 20 տարի աջակցել է բաց հասարակության գաղափարների կայացմանը: Բաց հասարակություն՝ նշանակում է օրենքի գերակայություն, բոլորի հավասարությունն օրենքի առաջ, հասարակության առաջ պետության թափանցիկ եւ հաշվետու կառավարում, հավասար հնարավորություններ բոլորի համար(ասել է թե՝ խտրականության բացառում), մարդու իրավունքների գերակայություն, հարգանք, ժողովրդավարական արժեքներ»,-նախ շեշտեց Դավիթ Ամիրյանը:
Նա նշեց, որ թվարկվածի ամբողջությունը հիմնադրամի փիլիսոփայությունն է եւ գաղափարախոսությունը. «Մենք աջակցել ենք այդ գաղափարների կայացման տարբեր ոլորտներում՝ որքան որ կարողացել ենք մեր հնարավորությունների շրջանակում: Եթե մարդիկ դեմ են այս գաղափարին, եւ գտնում են, որ չպետք է լինի օրենքի գերակայություն, իրավունքների հարգում, թափանցիկ եւ հաշվետու կառավարում, ժողովրդավարություն, հավասար հնարավորություններ բոլոր մարդկանց համար, նշանակում է, որ նրանք կողմ են այլ հասարակարգի»:
Իսկ այլ հասարակարգը, Դավիթ Ամիրյանի բնորոշմամբ, ավտորիտար հասարակարգն է. «Դրանում կա մեկի կամ մի խմբի ուժը՝ իշխանությունը: Դրանում չկա ժողովրդավարություն, դրանում քաղաքացին չունի հնարավորություն իր սեփական ցանկությամբ եւ որոշմամբ իշխանություն ձեւավորել: Այդպիսի հասարակությունում չկան հավասար հնարավորություններ՝ աղջիկների եւ տղաների, աղքատների եւ հարուստների, մարզի եւ քաղաքի համար, դրանում օրենքը մեկնաբանվում է այնպես, ինչպես ցանկալի է ինչ-որ մեկին կամ խմբին, իսկ իշխանությունը գտնում է, որ ինքը որեւէ կերպ չպետք է հաշվետու լինի իր քաղաքացիներին այն մասին, թե ինչպես կամ ինչի վրա են ծախսվել գումարները…»:
Դավիթ Ամիրյանը հավելեց, որ գրասենյակի դեմ բողոքի ցույցերի թիրախը ոչ թե մի կազմակերպություն է կամ իրավաբանական անձ, այլ գաղափարախոսությունը, որը նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիներն ամրագրեցին որպես գերակա. «Նրանք մերժեցին անարդարությունն ու ավտորիտարիզմը, անհաշվետվողականությունն ու անթափանցիկությունը եւ ուզեցին, որ մեր երկիրը զարգանա այլ ճանապարհով՝ ժողովրդավարության, հաշվետու կառավարման, օրենքի գերակայության եւ արդար պետության»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ