Հայաստանը փորձում է դառնալ երկու երկրների միջև տարանցիկ ավիափոխադրումների կենտրոն, գրում է վրացական bizzone.info բիզնես պորտալը:
Հայաստանի քաղավիացիայի օդային փոխարումների կանոնակարգման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայաշլյանի խոսքով՝ ավիաընկերությունների միջև արդեն սկսվել են քննարկումներ Վրաստանի և Ռուսաստանի միջև Հայաստանի տարածքով ավիահաղորդակցության տարբերակների շուրջ:
Հայաստանում այժմ քննարկվում է նաև երկաթուղային հաղորդակցության տարբերակը. թռիչքներ Ռուսաստանից Գյումրի, իսկ հետո՝ Հարավկովկասյան երկաթուղով Գյումրիից Թբիլիսի: Հայաստանի վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի խոսքով՝ Ռուսաստանից չվերթներ իրականացնող վրացական ավիաընկերություններն արդեն պատրաստվում են թռիչքներին Հայաստանի տարածքով:
«Այնտեղ գլխավոր փոխադրողը Georgian Airway – Airzena ավիաընկերությունն է: Airzena-ն հայկական «Արմենիա» ավիաընկերության գործընկերն է և քույր ընկերությունը: Նրա բոլոր չվերթներն իրականացվում են Գյումրիով կամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով»,- ասել է Ճաղարյանը:
Կարդացեք նաև
Հայաստանում գործող «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ընկերությունները վարչապետի խորհրդականի հետ զրույցում պատրաստակամություն են հայտնել կազմակերպել օդային հաղորդակցություն Թբիլիսիի և Մոսկվայի միջև: Արդյոք արդեն հաստատվել են չվացուցակները՝ այդ մասին երեք ընկերություններում էլ առայժմ հստակ պատասխան չունեն: Սակայն
«Արմենիա» ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ավելի վաղ Facebook-ում գրել էր, որ «Արմենիան» ծրագրում է հուլիսի 9-ից գործարկել օրական երկու չվերթ՝ Երևան-Մոսկվա- Երևան, Մոսկվա- Երևան-Թբիլիսի-Երևան-Մոսկվա ուղղություններով: Ճաղարյանը, սակայն, մտավախություն ունի, որ ռուսական հիմնական ավիափոխադրողները կարող են սկսել դեպի Թբիլիսի չվերթներ իրականացնել Ադրբեջանով:
«Ռուսական հիմնական ավիափոխադրողները գործընկերային կամ ինտերլայն-համաձայնագրեր ունեն Azal-ի հետ, և ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմը այդ հնարավորությունը կօգտագործի՝ այդ ընկերությունների չվերթները Գանձակի օդանավակայանում կենտրոնացնելու համար»,- ասել է Ճաղարյանը:
Ի դեպ, ավելի վաղ ռուսական պետական «Վեստի 24» հեռուստաալիքի եթերում մեկնաբանը հայտնել է, որ Մոսկվայից Թբիլիսի ավիափոխադրումները Բաքվով կրկնակի էժան կլինեն, քան Երևանի տարածքով: Հայաստանում առայժմ նման հաշվարկներ չկան, սակայն վարչապետի՝ ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը կարծում է, որ այդ պնդումն այնքան էլ մոտ չէ իրականությանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ