Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գյուրջինյան. «Երբեմն հրապարակում են մեր հորդորակը, բայց հաջորդ անգամ նորից նույն սխալը տեսնում ենք»

Հունիս 26,2019 15:19

«Լեզվի կոմիտեն փորձում է ստեղծել իր դիմագիծը: Այդ դիմագիծը մենք փորձում ենք ստեղծել մեր աշխատանքի միջոցով` հասարակության հետ սերտ կապեր, տարբեր մարմինների հետ համագործակցություն եւ այլն: Կարեւոր է, որ կոմիտեն տարբերակվի թվային տիրույթում էլ լինի: Կոմիտեն ունի տարբերանշան, մարդիկ պետք է տեսնեն ու զգան, որ դա կոմիտեի ձեռագիրն է, հորդորակն է, նյութն է, էջն է, ալիքն է… Իսկ այս ամենի թիկունքում հայոց լեզուն է»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Նա հավելեց, որ թվային տիրույթում կոմիտեն փորձում է ավելացնել իր ներկայությունը, որովհետեւ ժամանակի պահանջն է այդպիսին. «Ֆեյսբուքյան էջին գումարվում են Լեզվի կոմիտեի յութուբյան ալիքը, թվիթերյան հաշիվը: Դեռեւս փետրվարին ասացի, որ աշխատանքներ ենք կատարում պաշտոնական կայք ունենալու ուղղությամբ, որը կգործարկվի հուլիսին: Շարունակում ենք նաեւ ընթացիկ աշխատանքները, մեր հորդորակներն արդեն ճանաչելի են, դրանք ուղարկում ենք հարյուրավոր հասցեներով: Թե որքանով է օգտակար եւ որքան ազդեցություն է ունենում այս ամենը, մեկ շաբաթից չի երեւա, բայց հետագայում, բնականաբար, տեսանելի կլինի»:

Պարոն Գյուրջինյանը նշեց, որ հետեւում են նաեւ մամուլին, հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումներին, եւ ամփոփագրեր են ուղարկում բոլորին: «Երբեմն հրապարակում են մեր հորդորակը, բայց հաջորդ անգամ նորից նույն սխալը տեսնում ենք»,-ասաց նա:

Լեզվի կոմիտեի նախագահն անդրադարձավ նաեւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարության եւ աշխատակիցների հետ վերջերս կայացած հանդիպմանը. «Պայմանավորվեցինք սիրահոժար օժանդակել իրենց ամբողջ պաշտոնական գրագրության հարցում` ձեւաթղթեր, տեղեկանքներ, դիմումների ձեւեր, որովհետեւ դրանք առնչվում են տասնյակ հազարավոր քաղաքացիների հետ: Մեր կոմիտեի աշխատակիցները մանրամասն ուսումնասիրեցին եւ իրենց առաջարկություններն արեցին»:

Դավիթ Գյուրջինյանը խոսեց նաեւ անընդհատ ստացվող նամակներից ու դիմումներից. «Կես տարվա ընթացքում շուրջ 200 հեռախոսազանգ ենք ստացել լեզվական տարբեր հարցերի վերաբերյալ, որոնց մեր աշխատակիցները ջանում են պատասխանել, նաեւ 160 գրավոր դիմում ենք ստացել»: Ասաց նաեւ, որ ֆեյսբուքի միջոցով էլ են նամակներ ստացել, ու դրանք ավելի քանի 140-ն են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930