Անդրադառնալով պրոֆեսիոնալ լիգայի մասին իր խոսքին` ՀՖՖ նախագահ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համաժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Նայեք, այսօր ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է բարձրագույն խմբի առաջնությունը: Ֆուտբոլի ֆեդերացիան հսկայական միջոցներ է ծախսում կազմակերպչական աշխատանքների վրա եւ արդյունքում մշտապես ունենում ենք դժգոհություններ ֆուտբոլային ակումբների սեփականատերերից: Աշխարհում ընդունված պրակտիկա է առանձին բարձրագույն պրոֆեսիոնալ լիգայի գոյությունը, եւ ես այսօր արդեն իսկ պաշտոնական հայտարարություն արեցի եւ առաջարկեցի ֆուտբոլային ակումբների սեփականատերերին՝ սկսել քննարկումներ բարձրագույն լիգայի ստեղծման ուղղությամբ: Եթե նրանք կսկսեն քննարկումները եւ ֆուտբոլի ֆեդերացիային կներկայացնեն, մենք մեր հերթին կուսումնասիրենք եւ ընդհանուր աշխատանքի արդյունքում եթե կգտնվի նպատակահարմար, կստեղծվի առանձին պրոֆեսիոնալ լիգա: Կարծում եմ՝ դա ֆուտբոլի ֆեդերացիային կթույլատրի միջոցները ծախսել մասսայական, մանկապատանեկան զարգացման, նաեւ ազգային հավաքականների զարգացման վրա, իսկ պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը կլուծի ակումբների հարցերը, խնդիրները, որոնց համար ի վերջո մեղավորը լինում է ֆուտբոլի ֆեդերացիան: Մենք այսօր ծախսում ենք տարեկան մոտ 270 միլիոն դրամ՝ ազգային առաջնության կազմակերպման համար: Եվ եթե մենք չկազմակերպենք ազգային առաջնությունը, այդքան գումար կտնտեսվի եւ կծախսվի իմ նշած ուղղություններով»:
Հարցին, թե ինչի՞ բարձրագույն լիգա երեք թիմ չի բարձրանում, ՀՖՖ նախագահը պատասխանեց. «Որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետությունում դաշտերի հետ կապված լրջագույն խնդիր կա: Ես իմ ելույթում նշեցի, որ ակումբների մեծ մասը չեն ուզում ներդրումներ անել, զարգացնել իրենց ենթակառուցվածքները եւ հույսը դնում են ՀՖՖ ենթակառուցվածքների վրա: Այսինքն, թիմերը մեզնից են պահանջում, որ իրենց դաշտեր տրամադրենք: Այսօրվա եղած ենթակառուցվածքներով կարող ենք կազմակերպել 10 թիմից բաղկացած առաջնություն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ