Դատական հայցը պարտված թեկնածուի օգտին է եղել
Հունիսի 24-ի վճռով ՀՀ Վարչական դատարանն անվավեր է ճանաչել հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք համայնքում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների, մասնավորապես՝ համայնքապետի ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ Գորայքի ղեկավար էր ընտրվել ինքնաառաջադրված թեկնածու Աշոտ Աղաջանյանը: Մյուս՝ չընտրված թեկնածու եւ նույնպես ինքնառաջադրված Արտյոմ Գրիգորյանը դիմել էր դատարան՝ վիճարկելով այդ ընտրությունների արդյունքները: Այս մասին «Առավոտ»-ին հայտնեց ընտրությունների արդյունքները վիճարկած թեկնածու Արտյոմ Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գեւորգ Մկրտչյանը: Նա նշեց՝ խնդիրը կայանում էր նրանում, որ ընտրատեղամասերից մեկում 59 կնքված ծրարները չեն մարվել ու հաշվարկվել են.«Հաղթող ճանաչված թեկնածուի եւ դատարան դիմած թեկնածուի միջեւ ձայների տարբերությունը եղել է ընդամենը 15: Մեզ մոտ կասկած առաջացավ՝ կապված այն հանգամանքի հետ, թե ինչու են այդ քվեաթերթիկները կնքվել, որովհետեւ նույն հանձնաժողովի անդամը, որը նախորդիվ մասնակցել էր ընտրական գործընթացին, նման սխալ թույլ չէր տվել: Այդ առիթով մեր անհանգստությունը եւ մտավախությունը հայտնեցինք դատարանին»:
Գեւորգ Մկրտչյանի խոսքով՝ կատարվածի վերաբերյալ հայցվոր Արտյոմ Գրիգորյանի եւ նրա վստահված անձի առարկություններն ընտրական հանձնաժողովում հաշվի չեն առնվել. «Հենց այդ տեղամասի արդյունքներով էր հաղթող ճանաչված թեկնածուն առավելություն ստացել, եւ մեզ համար այն փաստը, թե ինչու այդ տեղամասում դրանք կնքվեցին, եւ բացեցին-հաշվարկվեցին, խիստ կասկած էր հարուցում: Փաստորեն, դատարանն էլ համաձայնեց մեր հետ եւ անվավեր ճանաչեց համայնքապետի ընտրությունների արդյունքները: Դատարանը կայացրեց արդար դատական ակտ, դատավորներն անաչառ գտնվեցին: Կդժվարանամ հիշել դեպք, երբ դատարանն անվավեր է ճանաչել համայնքապետի ընտրությունների արդյունքները: Կարծում եմ՝ սա նախադեպային է: Կարեւոր է, որ դատարանն արձանագրեց՝ ավելորդ գրառումներով ծրարները ենթակա են անհապաղ մարման, եւ դրանք չեն կարող վավեր ճանաչվել միայն այն պատճառաբանությամբ, թե որ թեկնածուի օգտին են եղել դրանցում առկա քվեաթերթիկները: Ստացվում է, որ հանձնաժողովը բացել էր մարման ենթակա ծրարները, ու դա արդարացրել այն հանգամանքով, թե իբրեւ հետագայում պարզվել է, թե դրանցում եղած քվեաթերթիկները հավասարաչափ քվեարկված են եղել հայցվորի եւ հաղթած թեկնածուի օգտին: Այսինքն, ոչ իրավաչափ գործողությունն արդարացրել են այդ կերպ»: Փաստաբան Գեւորգ Մկրտչյանը հավելեց, որ իր տեղեկություններով՝ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ հունիսի 30-ին Գորայքում կլինի նոր քվեարկություն:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»-ը պատրաստ է լսել նաեւ կատարվածի վերաբերյալ Աշոտ Աղաջանյանի տեսակետը
«Առավոտ» օրաթերթ,
26.06.2019